Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՆՄԱՆ ԺՈՂՈՎՆԵՐԸ ՁԵԶ ԴՈ՞ՒՐ ԵՆ ԳԱԼԻՍ»

Մարտ 18,1999 00:00
Robert Qocharyan

Համարյա նախատեց ազգիս ակադեմիկոսներին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր ժողովի բոլոր ելույթները համբերատար լսելուց հետո։

Մինչդեռ ակադեմիկոսներն այնքա՜ն շոյված ու խանդավառված էին ՀՀ նախագահի՝ ժողովն իր ներկայությամբ պատվելու աննախադեպ քայլից, որ տեղի-անտեղի իրենց հուզումնալից երախտագիտությունն էին հայտնում այդ առթիվ։ Իր նախատինքը մեղմելու ցանկությամբ երեւի՝ Ռոբերտ Քոչարյանը փորձեց մեղադրողի պատասխանատվությունը ներկաների հետ կիսել. «Համոզված եմ, որ երեւի դահլիճում գտնվող մեծամասնությանը դուր չի գալիս»։ Հաջորդող՝ «այդպե՞ս է, թե՞ այդպես չի» թեական հարցը անորոշ աղմուկով արձագանքվեց, եւ նախագահը ստիպված էր միայն իր «տպավորությունները ասել». «Ես կարծում էի, թե եկել եմ ակադեմիայի նախագահության հաշվետվության ժողովին։

Հաշվետվության մասին բացարձակապես ելույթներ չեն եղել՝ լա՞վ է աշխատում նախագահությունը, վա՞տ է աշխատում, ի՞նչ անելիքներ կան, ի՞նչ պիտի անենք… Բացարձակապե՛ս»։ Այս եզրակացությանը հաջորդած մյուս թեական հարցը՝ «հիմա շարունակե՞նք այսպես, թե՞ չշարունակենք», քար լռությամբ արձագանքվեց։ Դրան հետեւած արդեն հռետորական հարցը՝ «ուզո՞ւմ եք՝ ավելի անկեղծ լինեմ», խոստումնալից շարունակության տրամադրեց։ Նախագահի անկեղծությամբ վարակվելով՝ խոստովանենք, որ այդ հարցին հետեւած «մտավախությունս» էր, թե հանկարծ էլի կլիզմայի, գոտկատեղից ցածր գտնվող փափուկ մասի կամ դրա հարեւանությամբ գտնվող եւ վատ պարողին խանգարող մյուս մասերի շուրջ նախկինում հայտնած իր դատողությունները չզարգացնի՞։ Ցավոք, «հուսախաբ արեց» ու գիտական զարգացումներով բավարարվեց։

Փաստելով, որ միակ ծրագրային ելույթները գործադիր իշխանության ներկայացուցիչների՝ ՀՀ վարչապետի եւ կրթության ու գիտության նախարարի ելույթներն էին՝ մեղադրեց ակադեմիկոսներին նրանում, որ առաջարկությունները նրանցից չեն գալիս։ Նախագահը կողմ է այլ աշխատաոճի. «մեկ տարի չարչարվել, քննարկել, վիճել իրար հետ, միգուցե՝ մի քիչ նեղանալ իրարից, բայց մյուս տարեկան ժողովին գալ լուրջ լուծումներով»։ Մի տարբերակ էլ կա. «ընդհանրապես չնկատել, որ բարեփոխումների լուրջ կարիք կա, եւ մի հինգ-տասը տարի, մի քիչ միգուցե ժարգոնային լեզվով՝ կոնը գցելով ամեն տարի, սպասենք, ժամանակը կանցնի, սերնդափոխություն տեղի կունենա եւ ամեն ինչ կգա իր տեղը»։

Եզրափակելով իր խոսքը՝ նախագահը հարկ համարեց զգուշացնել, որ «մի շարք ելույթների, մի շարք հնչած մտքերի հետ ես ուղղակի համաձայն չէի»։ Հավանաբար խոսքը նաեւ Լենդրուշ Խուրշուդյանի խիստ ազգային ելույթի կամ նրանում հնչած մի շարք ազգային մտքերի մասին էր, քանի որ ժողովի ավարտին ՀՀ նախագահը վերջինիս հետ խոսելու ցանկություն դրսեւորեց։ «Առավոտի» թղթակցի հանդեպ նման ցանկություն չդրսեւորվեց, բայց լրագրողի աներեսությամբ հաջողեցինք մի երկու հարց տալ ՀՀ նախագահին՝ հենց ազգային ու ապազգային բնորոշումների առնչությամբ։ Ըստ ՀՀ նախագահի. «Այստեղ իսկապես մտածելու տեղ կա։ Դրա համար ես խնդրեցի պրն Խուրշուդյանին, որ ինքը գրավոր, կարճ, մեկ էջի վրա, ինձ ներկայացնի իր մոտեցումները եւ առաջարկությունները։ Ես կարծում եմ, որ այստեղ, իհարկե, միգուցե ոչ այն տարբերակով, որը հնչեց, բայց անելիքներ ունենք»։

Նախագահի խոսքը հասկանալի լինելու համար հատուկ կանդրադառնանք Լենդրուշ Խուրշուդյանի ելույթին՝ նաեւ որպես փոխհատուցում «Առավոտի» հանդեպ վերջինիս «ջերմ» ուշադրության։ Նման լուրջ լսարանում պրն Խուրշուդյանը մի շատ լուրջ թեմա էլ արծարծեց՝ հատուկ պաթոսով անդրադառնալով «Առավոտ» «բուլվարային թերթին», որը «փեշակ է դարձրել» ազգային գաղափարախոսության վարկաբեկումը եւ ազգադավ անպատկառությամբ ծաղրում է ազգային գիտաժողովները։ Նույնիսկ համարձակվում է Սիլվա Կապուտիկյանի նման ազգային արժեքին վիրավորել։ Բաժին հասավ նաեւ «Օրագիր» եւ «Հայք» ազգադավ թերթերին, որոնք «Առավոտի» հետ «ծրագրավորված վարկաբեկում են ազգային գաղափարախոսությունը»։ Նման օրինակը սերունդների դաստիարակության համար խիստ վտանգավոր համարելով՝ ամենաազգային պատմաբանը չմոռացավ մյուս «վտանգավոր» ու «ապազգային» տարրերին հիշատակել, ընդ որում՝ արդեն խիստ ծանոթ ձեւակերպումներով։ Ի դեպ, ազգային գաղափարախոսությունը սրբագործելու լավագույն օրինակը ազգային պատմաբանի համար ոչ ավել, ոչ պակաս՝ Թուրքիան էր, որտեղ ազգային գաղափարախոսությունը «կեղծ կատեգորիա» չէ։

Վերջինս նույնիսկ քրեական պատասխանատվություն է նախատեսում այն անձանց համար, ովքեր կհամարձակվեն Թուրքիայի ազգային գաղափարախոսության հասցեին մի թթու, կծու խոսք ասել։ Ա՛յ, եթե նման օրենք մեր քրեական օրենսգիրքն էլ ունենար, Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Աշոտ Բլեյանը հաստատ վեց տարով (այդքան է պատժի ժամկետը) կազատազրկվեին իրենց ազգադավ կեցվածքի համար։ Մատուցելով «ազգային գաղափարախոսության հարցը՝ առնչված պետական անվտանգության կոնցեպցիայի հետ»՝ պրն Խուրշուդյանն ահազանգեց հայագիտության բնագավառում անմխիթար վիճակի եւ քարոզչական պայքարում Թուրքիայից պարտվելու մասին։ Թուրքերը միլիոններ են ծախսում աշխարհի հայտնի համալսարաններում թուրքագիտական ամբիոններ բացելու եւ այլազգի պատմաբաններին «առնելու» ազգասեր նպատակով։ Մինչդեռ մենք նույնիսկ Սահմանադրությամբ ամրագրված մի կետ չունենք, որը կպաշտպանի մեր ազգային գաղափարախոսությունը ոտնձգություններից։

Մտքներովդ հանկարծ չանցնի, թե մնացած ելույթներն անտեսում ենք։ Դրանց կանդրադառնանք մեր վաղվա համարում՝ Լենդրուշ Խուրշուդյանի խոսքի հմայքը մյուսների ֆոնով չփչացնելու միտումով։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031