Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԻՆ ԱՍԵԼ Է…

Մարտ 18,1999 00:00
komkus

«Առավոտի» նախորդ հրապարակումներից մեկի մեջ նշել էինք, որ կոմունիստները չէին դիտել նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամլո ասուլիսը, սակայն խոստացել էին պատմել, թե ինչ հարցեր են արծարծվել Հայկոմկուսի պատգամավորական ֆրակցիայի եւ նախագահի միջեւ կայացած հանդիպման ժամանակ։ Մեր զրուցակիցն է Գագիկ Թադեւոսյանը։

– Մի քանի օր առաջ մենք ամբողջ կազմով հյուրընկալվեցինք նախագահի մոտ։ Հիմնականում շոշափվեցին ընտրություններին առնչվող հարցեր։ Նախագահը կարեւորեց, որ մեզանում ընտրություններն ազատ եւ արդար բովանդակություն ունենան։ Մենք էլ մեր կողմից ասացինք՝ եթե այս ընտրություններն էլ ժողովրդավարական ընթացք չունենան, դրանով, ըստ էության, կվտանգվի պետականությունը, որովհետեւ պետության մեջ կստեղծվի անհեթեթ իրավիճակ։ Ռոբերտ Քոչարյանն էլ ընդունեց, որ իսկապես պետք է ձեւավորվի քաղաքական այն ուժը, որը պատասխանատվություն կստանձնի ե՛ւ օրենսդիր, ե՛ւ գործադիր իշխանությունների գործունեության համար։ Կամ՝ գոնե ձեւավորվի քաղաքական ուժերի այնպիսի խումբ, որը միասնաբար կստանձնի այդ պատասխանատվությունը, մասնավորապես՝ օրենսդիր եւ գործադիր իշխանությունները ձեւավորելու առումով։ Շատ կարեւոր է, որ դա տեղի ունենա։

Իսկ եթե ընտրությունների արդյունքում ձեւավորվի ոչ լեգիտիմ խորհրդարան, թաղային հեղինակությունները դիրքեր ձեռք բերեն եւ չձեւավորվի քաղաքական ուժերի այդ խումբը կամ այդ ուժը, ապա խոսք չի կարող լինել ապագայի հեռանկարների եւ առաջընթացի մասին։

Մենք մեր կողմից զգուշացրինք, որ այդ հարցում շատ կարեւոր է իր եւ ուժային նախարարությունների դերը, ինչպես նաեւ իշխանության դիրքորոշումների հստակ արտահայտումը։ Ասացինք, որ Հայկոմկուսը բավականին կառուցողական, պետության դերը կարեւորող դիրքերում է։ Իհարկե, գաղափարական տարբերություններ ունենալով հանդերձ (հայտնի է, որ մենք սոցիալիստական, պետական գերակայության կողմնակիցներ ենք, իսկ նախագահն էլ գուցե ավելի ազատական դիրքորոշումներ ունի), պետության ուժեղացման առումով մենք, կարծես, ընդհանուր հայտարարի եկանք նախագահի հետ։

Մենք նշեցինք նաեւ, որ նախագահը պետք է համարձակություն ունենար եւ իր վետոյով ընտրական օրենսգիրքը ետ ուղարկեր։ Նշեցինք փաստաթղթում առկա թերությունները։ Առաջին հերթին, իհարկե, որ՝ մեծամասնական-համամասնականի հարաբերակցությունը պետք է հավասար լինի։ Նշեցինք նաեւ, որ համայնքապետերը, թաղապետերը առանց իրենց լիազորությունները վայր դնելու ընտրություններին մասնակցելու իրավունք պիտի չունենան, սխալ ենք համարում նաեւ 2000 ստորագրություն հավաքելու պարտադրանքը, երբ 500-ը լիուլի բավական է։ Մի խոսքով, արձանագրեցինք, որ ընտրական օրենսգրքի վրա կատարված աշխատանքից մենք դժգոհ ենք։ Մենք շահագրգռված ենք եղել ու բազմաթիվ գրավոր առաջարկություններ ենք արել, որպեսզի լավ օրենք ունենանք։ Նշեցինք, որ այս թերությունները պետք է շտկվեն, իսկ եթե դա չհաջողվի, պետք է ամեն ջանք գործադրվի, որպեսզի ընտրություններում կեղծիքներ չլինեն։ Հակառակ ընթացքը կնշանակի՝ ի սկզբանե դատապարտել մեր զարգացումը։

Նախագահն իր խոսքում ասաց, որ կոմկուսը ուրույն, իր դիմագիծն, ազդեցության իր շրջանակներն ունեցող կուսակցություն է եւ կարեւորում է ՀԿԿ-ի դերը։ Նա խնդրեց, որ նույն կայուն կեցվածքով ՀԿԿ-ն շարունակի իր գործունեությունը։

Խոսեցինք նաեւ հանրապետությունում առկա քրեածին մթնոլորտի մասին։ Մենք ասացինք, որ պետք է վճռական լինել։ Եթե նախագահը նախընտրական խոստում է տվել՝ գնալ մինչեւ վերջ, ապա պետք է բացահայտվեն 90-ականներին տեղ գտած բոլոր սպանությունները։ Շոշափվեց Վանո Սիրադեղյանի հարցը. նա ասաց, որ պետական խողովակներով վերջինիս Հայաստան բերելու ջանքեր կգործադրվեն, որպեսզի մինչեւ վերջ սպանությունների այդ կծիկը բացվի։ Խոսվեց նաեւ այս վերջին սպանությունների մասին։

Ա. Զ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031