Ըստ որոշ աղբյուրների, որոնց իսկությունը ստուգելու հնարավորություն չի եղել, 5 տոկոսը հաղթահարելու հնարավորություն ունեցող հինգ հիմնական կուսակցություններից չորսի ղեկավարները, հավանաբար, մեծամասնական ընտրակարգով չառաջադրվեն պատգամավորության թեկնածու։ Խոսքը Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Մանուկյանի, Վազգեն Սարգսյանի եւ Սերգեյ Բադալյանի մասին է։
ԱԶԱՏՎԵԼ Է ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ
Վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատվել է Հանրապետական կուսակցության ղեկավար անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը։ Արդյո՞ք դա կապված է խորհրդարանի կողմից սակագների իջեցման որոշում ընդունելու հետ։ «Առավոտի» այս հարցին Գագիկ Մինասյանը ձեռնպահ մնաց պատասխանել, ասելով, թե որեւէ մեկնաբանություն չունի։
ԹԵԺ ԱՐԱԲԿԻՐ
Կարդացեք նաև
Թեժ մրցակցություն է սպասվում Արաբկիրի ընտրատարածքներում։ Թիվ 4 ընտրատարածքում միմյանց հետ կմրցեն Հրանտ Խաչատրյանն ու Սեյրան Ավագյանը։ Շատ ավելի ներկայանալի է թիվ 5 ընտրատարածքը, որտեղ մրցակցելու են Լեոնիդ Հակոբյանը, Կիմ Բալայանը եւ Ֆիլարետ Բերիկյանը։
ԳԵՆՍԵԿԻ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԸ
Հակառակ տարածված խոսակցությունների, թե Հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանը պատգամավորության թեկնածու է առաջադրվելու Ավանում, ըստ երեւույթին, նա այլ ընտրատարածք կնախընտրի։ Անդրանիկ Մարգարյանը, հավանաբար, քվեարկվի այն ընտրատեղամասում, որը հիմնականում ընդգրկում է Էրեբունի զանգվածը։