«Միայն իմ եւ կոլեկտիվիս արյան գնով կտամ կնիքը»,- այսպես էր հոխորտացել Տիգրան Լեւոնյանը, երբ Մշակույթի նախարարության աշխատակիցները, նոր նշանակված տնօրեն Կամո Հովհաննիսյանին արդեն երկրորդ անգամ տարել էին ներկայացնելու թատրոնի կոլեկտիվին։
Լեւոնյանը, բացի այն, որ Կ. Հովհաննիսյանին դուրս էր վռնդել իր սենյակից (մեղմ ասած՝ սենյակից, ավելի ճիշտ կլիներ ասել՝ հյուրասրահից, ինչ նպատակով որ այդ սենյակն ի սկզբանե, դեռ Կ. Դեմիրճյանի օրոք, մտածված էր)։ Լեւոնյանը նաեւ հրաժարվել էր իր տնօրենին հանձնել թատրոնի կնիքը։ Սակայն շուտով էլ համաձայնել է, քանզի չտալու դեպքում կարող էր ընդհանրապես զրկվել այդ թատրոնից, ազատվել նաեւ գեղարվեստական ղեկավարի պաշտոնից։ Այստեղ հարկ է նշել, որ Տ. Լեւոնյանի՝ գեղարվեստական ղեկավարի պաշտոնն զբաղեցնելու պայմանագիրը մեկ տարով է կնքված։ Շուտով նախատեսվում է թատրոնում գույքագրում անցկացնել, Լեւոնյանի դահլիճակերպ սենյակը ճիշտ նպատակին ծառայեցնել եւ ստեղծել գեղարվեստական խորհուրդ, որպեսզի Լեւոնյանն այլեւս միանձնյա որոշումներ չփորձի կայացնել։
Ժողովի մասին։ Օրերս թատրոնում կայացած ժողովը չզարմացրեց մտավորական հասարակության առողջ մասին։ Լեւոնյանի խասիաթն է, որը նա իբրեւ զենք բազմիցս գործածել է։ Ամիսներ առաջ նման «ժողով» նա կազմակերպել էր Օհան Դուրյանի դեմ, որին մշակույթի նախկին նախարար Արմեն Սմբատյանը նշանակել էր Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի երաժշտական ղեկավար։ Այս անգամ էլ Տ. Լեւոնյանը, նախքան Մշակույթի նախարարության աշխատակիցների եւ Կամո Հովհաննիսյանի՝ կոլեկտիվի հետ հանդիպումը, կոլեկտիվին հավաքել էր ու իր ձեւով բացատրել, թե ահա՝ անտեր եք մնում ու… զրկվում եք հերթական հյուրախաղից։
Ժողովի օրը թատրոնի 500-ից ավելի (ստույգ թիվը նույնիսկ Լեւոնյանն է շփոթում եւ տարբեր հարցազրույցներում տարբեր թվեր է ասում) կոլեկտիվի անդամներից մոտ 100-ն էր ներկա։ Ժողովի մասնակիցներից մեկը պատմում էր, թե ինչպես էին մի քանի կանայք «ատամներով» պաշտպանում Լեւոնյանին, նրա բոլոր խոսքերը կոմունիստական ծափերով (ամեն նախադասությունից հետո) եւ մատների սուլոցներով ողջունում։ Թերեւս նրանք հավատացել են Լեւոնյանի սիրած արտահայտությանը, թե՝ եթե ես չէ, բա էլ ո՞վ։ Ու թեեւ ժողովականները եւ Լեւոնյանը պահանջում էին գաղտնի քվեարկություն անցկացնել տնօրենի թեկնածուների ընտրության հարցում, վերջում Լեւոնյանը հասկացավ, որ գաղտնի քվեարկությունն իրեն չի փրկի։ Ու մոռանում են, որ տնօրենի պաշտոնն, ի վերջո, նշանակովի է եւ ոչ թե ընտրովի։
Կարդացեք նաև
Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ