ԻՄ-ի՝ օրերս տեղի ունեցած հերթական վեհաժողովում իր մշակած տնտեսական ծրագրով հանդես եկավ տնտեսագետ, նախկին պատգամավոր Գոռ Թովմասյանը։ Փորձ արվեց, որպես լուրջ կռվան, ծրագիրը դնել առաջիկա ընտրապայքարի հիմքում։ Դրանում նշվում է, որ հնարավոր է կարճ ժամկետում, առանց լրացուցիչ կապիտալ ներդրումների, փրկել Հայաստանի կործանվող տնտեսությունը, հարկերի կտրուկ իջեցմամբ հնարավորություն տալ ձեռնարկություններին օրինական ճանապարհով հարստանալ եւ, որպես նվազագույն աշխատավարձ, սահմանել 150 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը։ Իհարկե, գայթակղիչ է։ Առավել եւս մի կուսակցության համար, որը տնտեսական մարտավարություն նոր է որդեգրում։ Իսկ մենք՝ հասարակ մահկանացուներս, քանի որ այդպիսի հայտարարություններ շատ ենք լսել ու արդյունքը չենք տեսել, այս մեկին էլ ստիպված ենք տարակուսանքով մոտենալ. արդյո՞ք սա էլ նախընտրական հերթական բլեֆ չէ։ Այդ թերահավատությամբ էլ դիմեցինք ծրագրի հեղինակին։
– Ո՛չ, բլեֆ չէ, եւ առավել եւս մշակածս ծրագիրը ընտրարշավի պահի պահանջի ծնունդ չէ, այլ հանրապետության տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու իմ երկար մտորումների, հարցումների, ուսումնասիրությունների եւ վերլուծությունների արդյունք։ Արտադրությանը, տնտեսության մյուս ճյուղերին պետք է հնարավորություն տալ աշխատելու. սա է իմ ծրագրի մեկնակետը։ Հնարավորության մեխանիզմը կա, հայտնի է։ Մնացյալը օրինաչափ ածանցյալ է։ Ցավոք, ժամանակը թույլ չի տալիս փակագծերը ավելի բացել, ավելի համոզիչ փաստարկներ վկայակոչել։ Բայց դրա օրն էլ շուտով կգա։
– Պարոն Թովմասյան, մի հարց էլ. որքան ինձ հայտնի է, դուք ԻՄ-ի հետ նախկինում սերտ առնչություններ չեք ունեցել։ Ի՞նչը ստիպեց ձեզ համագործակցել այդ կուսակցության հետ։
– Առնչություններ, ճիշտ է, չեմ ունեցել, բայց միշտ համակրել եմ ԻՄ-ին ու նրա առաջնորդին՝ նոր գաղափարներ առաջ քաշելու եւ պետականության հիմքում դրանք դնելու ունակության համար։ Այս պարագայում կարեւորը մշակածս ծրագիրը որեւէ քաղաքական ուժի միջոցով գործողության մեջ դնելու, իրագործելու ցանկությունն էր։ Քանի որ առաջինը ԻՄ-ը ինձ դիմեց, այդ կուսակցության հետ էլ համագործակցելու քայլ կատարեցի։ Առայժմ չգիտեմ՝ այս կուսակցությունը առաջիկա ընտրություններում ինչպիսի հաջողության կհասնի, տնտեսական գործունեությունը կարգավորելու ինչպիսի լծակներ ու հնարավորություններ կունենա։ Սակայն կուզենայի, որ հանրապետության տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու, բնակչության կենսամակարդակը արագ բարձրացնելու աշխատանքը հարցականի տակ չլիներ։
Կարդացեք նաև
Հենց այս առաջնայինի պարտադրանքով էլ ես պատրաստ եմ համագործակցել նաեւ քաղաքական այլ ուժերի հետ, իհարկե, այնպիսի, որոնց համակրում եմ եւ որոնք, տեղ տալով իմ ծրագրին, պատրաստակամություն եւ ուժ կունենան այն իրագործելու։ Այդ նպատակին հետամուտ՝ որոշել եմ իմ թեկնածությունը դնել ԱԺ առաջիկա ընտրություններում։
Ա. Գ.