Հայ եւ չին ժողովուրդների դարավոր բարեկամությունը երեկ եւս մի փաստով նշանավորվեց. Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Չժու Չժաոշուն իրենց դեսպանատուն այցելելու եւ չինական խոհանոցին անմիջականորեն ծանոթանալու հրավերներ էր ուղարկել լրագրողներին։ Հրավիրյալների թվում էին հայ դասական ժուռնալիստիկայի գիգանտներ Հակոբ Ավետիքյանը, Սերգեյ Երիցյանը, Ռոբերտ Մավիսակալյանը։
Գորտի տոտիկներ, խխունջներ, բրինձ ու ջրիմուռներ սեղանին չկային։ Փոխարենը՝ հայկական քյուֆթա, խինկալի, սիսեռով ու եգիպտացորենով սալաթ, «չարազեղեն»՝ որքան ուզեք։ Բայց ի՜նչ չինական խոհանոց՝ առանց կոլայի, ջերմուկի, ֆանտայի։ Ի՜նչ չինական խոհանոց՝ առանց պարսկական սպասքի ու անձեռոցիկների։
Ամեն ինչ շատ համեղ էր։ Դա կարող են հաստատել բոլոր ներկա լրագրողները, որոնք նպատակ էին դրել ամեն ինչից փորձել։ Ու իրենց նպատակին հասնելու բոլոր խոչընդոտները հաղթահարում էին։ Հավաքվածներից շատերին չինական խոհանոցից ամենաշատը դուր էր եկել «Կոտայք» գարեջուրը, որը ոչ մի կերպ առանց «ֆըստըխի» կուլ չէր գնում։ Նարինջն ու կիվին էլ, ճիշտ է, չինական չէին, բայց տեղին էին։
Չինական խոհանոցը կարելի է որակել որպես «անաղուհաց», բայց բառիս լավ եւ բուն իմաստով. աղն ու հացը չինական խոհանոցում «ուրույն» տեղ չունեն։
Կարդացեք նաև
Արդեն անձեռոցիկով մաքրում էինք մեր շուրթերն ու պատրաստվում քաղաքավարի ժպտալ դեսպանին՝ ի նշան երախտագիտության, երբ մի չին երիտասարդ ինձ (եւ մնացած այլ լրագրողներին) մատուցեց 11 էջանոց մի փաթեթ։
Ռուսերենով, ձեռագիր, բազմաթիվ ջնջումներով այդ փաթեթը, որքան կարողացա հեգելով ընթերցել, ներկայացնում էր համաչինական ժողովի պատմությունը։ Ցավոք, ամբողջովին նյութին ծանոթանալ ոչ մի կերպ չհաջողվեց։ Բայց այս ոչ այնքան հաճելի անակնկալը ոչ մի կերպ չսասանեց մեր սերը՝ առ չին ժողովուրդն ու նրանց խոհանոցը։ Նույնիսկ մի չինական անեկդոտ հիշեցի։ Անեկդոտն, ի դեպ, ունի հայկական արմատներ։ Հայաստանի եւ Չինաստանի կառավարությունները երկար բանակցում են՝ Չինաստանում հայերենը որպես երկրորդ լեզու ընդունելու մասին։ Հայաստանին հաջողվում է Չինաստանին համոզել, ու Չինաստանի նախագահը դիմում է Հայաստանի նախագահին.
– Խնդրում ենք Չինաստան ուղարկել 30 միլիոն հայերենի ուսուցիչ։
Գուցե անեկդոտը տեղին չէր, բայց, այնուամենայնիվ…
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ