Ազատ, արդար եւ թափանցիկ 1990 թվականին ՀՀՇ-ն անցկացրեց Հայաստանի պատմության մեջ առաջին ժողովրդավարական՝ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունները։ ՀՀՇ-ական ակտիվիստները, ոգեշնչված ազգային իշխանություններ ձեւավորելու հեռանկարով, ծեծ ու ջարդով, ահաբեկումներով կարողացան ընտրատարածքների մեծ մասում ապահովել իրենց պաշտոններին կառչած նախկին ռեժիմի մնացորդներից, որոնց միակ նպատակը Հայաստանի անկախությանը եւ ժողովրդավարացմանը խոչընդոտելն էր։ Կոմունիստ թեկնածուները չբողոքեցին կատարված ընտրական խախտումների դեմ, չդիմեցին Եվրոխորհուրդ եւ այլ միջազգային կազմակերպություններ՝ ընտրությունները միջազգային չափանիշներին չհամապատասխանող հայտարարություն ընդունելու պահանջով։ Շարժման առաջնորդներին եւս այս հարցը այնքան չէր մտահոգում, քանի որ 70-ամյա հրեշին հաղթելու համար արդարացված էր համարվում ցանկացած միջոց։ 1995-1996 թթ. խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները ընդդիմադիր դաշինքի կողմից որակվեցին իբրեւ համաօրինական եւ ոչ լեգիտիմ. նախընտրական փուլում գործադրվող ճնշումները եւ ընտրությունների օրը քվեաթերթիկները լցնելը եւ արձանագրություններ կեղծելը, ընդհակառակը՝ իշխանամետ բլոկի կողմից որակվեցին իբրեւ անցումային շրջանին յուրահատուկ եւ օբյեկտիվ գործոններ, որոնք միջազգային կազմակերպությունները կամ լավ չէին հասկանում կամ դարձել էին իրենց սկզբունքների գերին։ Պետություն կառուցելու նպատակը արդարացնում էր ցանկացած միջոց։ 1992 թվականին ձեւավորված ընդդիմության դաշտը զգալի սրբագրումներ ունեցավ 1998 թ. մարտյան նախագահական ընտրություններին։ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությանը ընդդիմադիր դաշինքների գործուն անդամներ ԱԻՄ-ը, ՍԻՄ-ը, ՀՅԴ-ն, ՀԴԿ-ը պաշտպանեցին իշխանության թեկնածու Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը։ Չնայած 1998 թ. ընտրություններում կատարված ընտրախախտումները ոչնչով չէին զիջում 1996 թ. տեղի ունեցած խախտումներին, սակայն այս կուսակցությունները միաբերան հավաստեցին, որ լեգիտիմության հարց չի կարող դրվել, որ եթե անգամ եղել են խախտումներ, ապա դրանք ընդամենը «արջի ծառայություն» են, եւ իրենք սկսեցին բողոքել, որ շատերը չեն ուզում ընկալել անցման շրջանի դժվարությունները։ Ի տարբերություն ավելի ընկալողունակ դարձած այս ուժերի, նախորդ վարչակարգի մաս կազմած եւ նոր ճամբար չանցած ուժերը՝ ՀՀՇ, «Հայրենիք», միանգամից տեսան կատարվող ընտրախախտումները, եւ հարց բարձրացրին, որ երկիրը նման ծանր իրավիճակից կարող է դուրս բերել միայն ժողովրդի վստահության քվեն ստացած իշխանությունը, եւ այդպիսի իշխանությունը երաշխիք է ոչ միայն ներքին, այլ նաեւ արտաքին նպաստավոր քաղաքականություն իրականացնելու համար։ Այսօր քաղաքական դաշտի տարբեր ծայրերում հայտնված ուժերը խոսում են ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության հրամայականի մասին։ Հասկանալի է, որ այս անգամ եւս ընտրություններն այդպիսին չեն լինելու, եթե նույնիսկ այդ մասին հայտարարի ԱԺՄ-ն։ Սակայն, ընտրությունների արդյունքներից բավարարվածները կրկին ասելու են, որ դրանք ժողովրդավարական են, իսկ մյուսները կոչ են անելու Հայաստանը չընդունել Եվրոխորհուրդ՝ մինչեւ ժողովրդավարության հաստատումը։ Ի վերջո, եթե նույնիսկ բոլորը բավարարված զգան իրենց (ներառյալ՝ ԱԺՄ-ն), դա դեռ ոչինչ չի նշանակում, քանի որ առնվազն ընտրության հաջորդ օրը աշակերտներին ազնվության եւ ճշմարտության մասին պատմող ընտրական հանձնաժողովի անդամ ուսուցչուհին լավ գիտի, թե քանի մեռած հոգի կա ցուցակում, եւ ում օգտին լցվեցին կապով քվեաթերթիկները։ ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ