Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԹԵԿՆԱԾՈ՛Ւ, ՈՐՔԱՆ ՓՈՂ ՈՒՆԵ՞Ս

Մարտ 17,1999 00:00
patgamavor

Ըստ երեւույթին վիճակված է, որ մարտի 16-ն ակտիվ գործունեության օր լինի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար։ Անցյալ տարի այդ օրը անցկացվում էր նախագահական ընտրությունների առաջին փուլը, իսկ այս տարի՝ ի շարս այլ հարցերի, ԿԸՀ-ն քննարկում էր, թե ինչ կարգով պետք է հայտարարագրվեն ԱԺ պատգամավորության թեկնածուների ունեցվածքն ու վերջին մեկ տարվա ընթացքում նրա եւ իր ընտանիքի անդամների եկամուտները։

Խնդիրը բարդանում է նրանով, որ գոյություն չունի համապատասխան օրենսդրություն, ինչը «Շամիրամը» ներկայացնող ԿԸՀ անդամ Ռուբեն Հովհաննիսյանին թույլ տվեց պնդելու, որ խնդրի արմատական լուծումն Ազգային ժողովի կողմից «Ունեցվածքի հայտարարագրման մասին» օրենքի ընդունումն է, որը 8 տարում չի հաջողվել, եւ ըստ երեւույթին, առաջիկայում էլ՝ այսինքն՝ մինչեւ ընտրությունները, դժվար թե հաջողվի։

Կոմունիստ ԿԸՀ-ական Վանյա Մխիթարյանն էլ, նկատի առնելով օրենսդրական դաշտի բացակայության հանգամանքը, եկավ այն եզրակացության, թե իրենք ամենեւին էլ պարտադրված չեն օրենքի աստիճանի փաստաթուղթ ստեղծել, եւ ըստ երեւույթին, պետք է հնարավորություն տալ, որպեսզի ունեցվածքի հայտարարագրումը կատարվի ազատորեն։

Ասենք, որ խնդիրն այնքան էլ հեշտ լուծելի չէր։ Մի կողմից՝ դա պետք է այնպիսի ձեւակերպում ունենար, որպեսզի մարզային ընտրական հանձնաժողովները ոչ ցանկալի թեկնածուներին այդ փաստաթղթով չգրանցելու որեւէ հիմք չունենան, մանավանդ, որ օրենքը թույլ է տալիս փաստաթղթերում կեղծիք հայտնաբերելու դեպքում չեղյալ հայտարարել նույնիսկ գրանցված թեկնածությունը։

Ռուբեն Հովհաննիսյանն, ասենք, այս տիրույթում շատ հետաքրքիր օրինակ բերեց՝ թեկնածուներից ինչ-որ մեկը, ենթադրենք, մոռանում է հայտարարագրում արձանագրել իր կնոջ՝ 20 տոկոս անհատույց սեփականաշնորհման արդյունքում ձեռք բերած արժեթղթերը, եւ հետո պարզվում է, որ նման փաստաթղթեր գոյություն ունեն։ Ի՞նչ է՝ չեղյալ հայտարարել թեկնածությունը։

ԿԸՀ-ի մյուս անդամներն այս խնդրի կողքին հիշատակում էին եւս մեկ էական հանգամանք։ ԿԸՀ ներկայացրած՝ ունեցվածքի եւ եկամուտների հայտարարագիրը որեւէ հետեւանք չպետք է ունենա։ Ֆիլարետ Բերիկյանն անգամ հիշատակեց 1996-ի ընտրություններում նախագահի թեկնածու Աշոտ Մանուչարյանի ներկայացրած փաստաթուղթը, ըստ որի՝ ընտրարշավի ժամանակ վերջինիս ծախսերը կազմել են 0,0 դրամ եւ 0,0 լումա։ Այս հիմքով էլ Ֆիլարետ Բերիկյանը պնդում էր, թե որեւէ հետեւանք չպետք է ունենա ներկայացված հայտարարագիրը՝ այն չպետք է ստուգվի։

ԿԸՀ նախագահ Խաչատուր Բեզիրջյանն էլ փաստեց, որ նույնիսկ օրենքը նման ստուգում չի նախատեսում։ Ավելին՝ հայտարարագիրը հետագայում չպետք է գործիք դառնա, որպեսզի հարկային մարմինները հնարավորություն ունենան ճնշամիջոցներ բանեցնել ընտրված պատգամավորի կամ չընտրված թեկնածուի վրա։ Այս առումով, ընդհանուր խոսքուզրույցի մեջ, կարեւորվեց նաեւ ներկայացվելիք փաստաթղթերի գաղտնիության ապահովումը, որովհետեւ նույնիսկ հարեւանն էլ չպետք է իմանա, թե որքան փող կա իր ճանաչած թեկնածուի գրպանում։ Բայց դե, իհարկե, հայտարարագիր լրացնելու գաղափարն ընդհանրապես չպետք է մերժվի, որովհետեւ, դա խորքում շատ էական մի հանգամանք է բովանդակում։

ԿԸՀ նախագահ Խաչատուր Բեզիրջյանը, զորօրինակ, փաստեց, որ պատգամավոր պետք է ընտրվեն ազնիվ քաղաքացիներ, ազնիվ մարդիկ, ուստի նրանք անպայմանորեն պետք է լրացնեն այդ փաստաթուղթը։ Տարիների մեջ այն հնարավորություն կտա համեմատել, պատկերավոր ասած, թե որքան ինչքի տեր էր Պանիկովսկին հեղափոխությունից առաջ եւ հետո։ Այսինքն՝ ասել կուզի՝ ի՞նչ ունեցվածք է կուտակել իր գործունեության ընթացքում։ Ֆիլարետ Բերիկյանը մի պահ նույնիսկ այնքան ոգեւորվեց, որ առաջարկեց օրենքի փոխարեն ընդունել այնպիսի փաստաթուղթ, որը լրացնելով ամբողջ օրենսդրական բացը, գողերի ու թալանչիների համար կստեղծի պայմաններ, որպեսզի նրանք չհամարձակվեն մտնել մրցասպարեզ։

Սակայն, ենթադրելի է, որ այդ մոտեցումը հավանության չարժանացավ, մանավանդ, որ Խաչատուր Բեզիրջյանը կարծում էր, թե ԿԸՀ-ն եկեղեցի չէ, ուր մարդիկ պետք է խոստովանություններ անեն։ Չերկարացնենք, այս հարցի շուրջ ԿԸՀ քննարկումները տեւեցին ավելի քան 2 ժամ եւ վերջնարդյունքում ընդունվեց մի որոշում, ըստ որի՝ «Հայտարարագիրը ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրված քաղաքացու սեփականության (ունեցվածքի) մասին պետք է ընդգրկի ներքոհիշյալ տվյալները. շենքեր, շինություններ (բնակարան, բնակելի տուն, ամառանոց, ավտոտնակ, արդյունաբերական, առեւտրական, կենցաղսպասարկման եւ այլ օբյեկտներ), տրանսպորտային միջոցները, հողամասերը»։

Երկրորդ կետով ամրագրվում է. «ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրվող քաղաքացին իր հայտարարագրում պետք է ներկայացնի նաեւ վերջին 1 տարում (01.03.98- 28.02.99 թթ.) իր եւ իր ընտանիքի անդամների եկամուտները՝ գումարային տեսքով»։

ԿԸՀ-ականները ձեռնպահ մնացին թեկնածուներին առաջարկել, որպեսզի նրանք հայտարարագրում նշումներ կատարեն իրենց փայաբաժինների, արժեթղթերի, ավանդների եւ փոխառությունների մասին։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031