Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վերջին ուղեւորությունը «Կադիլակ»-ով

Մարտ 17,1999 00:00
kadilak

Նրանց, ում դեռ չի վիճակվել «Կադիլակ» նստել, կարող են բոլորովին չհուսահատվել։ Դեռ ուշ չէ։ Մեքենայի այս տեսակը հանրապետություն չի ներմուծվում մասսայաբար։ Բերվում է միայն մեկ-երկու հատ։ «Երկարատեւ ուղեւորության մեկնողների» համար (խոսքը այն ուղեւորության մասին է, որ միայն ֆիզիկապես մեռածներին է հասու) մեքենայի այս տեսակի պակաս չկա։

Պակասողն, ինչպես միշտ, գումարն է, այն էլ գտնվում է, քանի որ մեռնողներից յուրաքանչյուրը մի հարուստ ազգական (կամ ազգականների խումբ) հաստատ գտնում է։

«Կադիլակ» ծառայության աշխատակիցներից մեկի վկայությամբ դեռեւս ոչ մի որդի իր հոր վերջին ուղեւորության համար «Կադիլակ» չի պատվիրել։ Այդ բանը սովորաբար արվում է հեռավոր հարուստ ազգականի կամ ազգականների խմբի կողմից։ Նաեւ շեֆի զոքանչի կամ աներոջ համար է նման մեքենա պատվիրվում։ Ծառայությունն արժե 50, 60, 70 դոլար (նայած որտեղ)։ Եթե մեկը նման մեքենայով է գնում թաղվելու, ապա դա ամենեւին չի նշանակում, թե տվյալ հանգուցյալը իր կյանքը շատ էլ ապահովված է ապրել։ Ավելի հաճախ հանգուցյալը մենակ ու անտեր է եղել, երբեմն՝ անհաց ու անլույս։ Կյանքի այդ փուլում նրա դուռը բացող չի եղել, չեն հարցրել՝ կուշտ է, թե սոված։ Բայց երբ հոգին ավանդել է, հանկարծ պարզ է դարձել, որ նա (հանգուցյալը) այսինչի եղբոր աներն է, կամ այնինչի մորաքույրը։ Իսկ եթե այդպես է, ուրեմն հանգուցյալը պարզապես «պարտավոր է» «Կադիլակ»-ով այն աշխարհ մեկնել։ Այս ծառայությունների աշխատակիցները հակված չեն շատախոսության։ Եթե նրանց հավատանք, այս տիպի ծառայությունից ամեն ամիս 1-2 հանգուցյալ է օգտվում։ Իսկ մյուսները այն աշխարհ են մեկնում հայրենական արտադրության «Երազ»-ներով։

Հատուկ թաղման համար արտադրված մեքենաները հանրապետության «սպառողներին» հասան Ամերիկայից։ Մի հայ մարդ գնաց-տեսավ, թե ինչպես են թաղվում ամերիկյան հանգուցյալները, մտածեց, թե մերոնք ինչո՞վ են նրանցից պակաս, ու մեքենաները անմիջապես բերեց Հայաստան։

Հայաստանյան հանգուցյալների համար նման «ճոխ» մեքենա են պատվիրում նույնիսկ հարեւանները։

Վերջում մաղթում եմ, որ աչքածակություն չանեք եւ, հանուն ձեւի, չշտապեք այն աշխարհ։

Ստորագրությունը՝ ԱՊԱԳԱ ՀԱՆԳՈՒՑՅԱԼ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031