Երեկ ՀՀ նախագահի նստավայրում լրագրողների հետ հանդիպեցին նախագահի վերահսկիչ ծառայության ղեկավար Դավիթ Վարդանյանը եւ կապի նախարար Արտակ Վարդանյանը։
ՀՀ նախագահի հրամանով մարտի 3-ին ստեղծվել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հիմնադրման գործունեության եւ սեփականաշնորհման գործընթացի օրինականությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով։ Հանձնաժողովը իր կարծիքը պետք է ներկայացնի 3 ամսվա ընթացքում։ Դ. Վարդանյանը ներկայացրեց հանձնաժողովի կազմը եւ գործունեության ծրագիրը։ Նա նաեւ վստահեցրեց, որ հանձնաժողովը բաց (թափանցիկ) աշխատաոճ է որդեգրել։
«ԱրմենՏելի» հետ կապված խնդիրներն ուսումնասիրվելու են 2 խոշոր փուլերով։ Առաջինն ընդգրկելու է կապի համակարգի կառուցվածքային փոփոխությունների խնդիրները՝ 88-ից մինչեւ հունական OTE-ին վաճառելու փուլը։ Հանձնաժողովին հետաքրքրող հարցերը հետեւյալն են՝ 90 թ. Վ. Մանուկյանի կառավարության կողմից միջազգային կապի ներդրում (պայմանագիր ATT-ի հետ), այնուհետեւ արտասահմանյան գործընկերոջ փոփոխություն (TWT-ի հայտնությունը)։
Հանձնաժողովն ունի TWT-ի գրանցման սերտիֆիկատի կրկնօրինակը։ Այն Միջազգային կապի համակարգում անհայտ ընկերություն է։ Ստեղծվել է 1993 թ. հուլիսին Լա-Մանշի ծովածոցում գտնվող բրիտանական օֆշորային Գենսի կղզում։ Այն հիմնվել է Կալիֆոռնիայի TW ընկերության տնօրենների կողմից։ Հանձնաժողովին հետաքրքրում է, թե ինչ դրդապատճառներից է ելել ՀՀ կառավարությունը, որ 1994 թ. հուլիսին հավանություն է տվել TWT-ի հետ համագործակցությանը։ Հանձնաժողովի տրամադրության տակ կան նամակագրական փաստաթղթեր՝ ՀՀ կապի նախարարության TWT-ի ղեկավարության եւ «ԱրմենՏելի» այդ պահին դեռեւս ապագա տնօրեն Վահրամ Սողոմոնյանի միջեւ։ Հետաքրքիր է, որ վերջինս մինչեւ այդ պահը որեւէ կապ չի ունեցել կապի համակարգի հետ։ Հանձնաժողովը նպատակ ունի նաեւ բացահայտելու TWT-ի հիմնադիրներին։ Քննվելու են նաեւ «ԱրմենՏելի» միջազգային սեփականաշնորհման մրցույթի անցկացման պայմանները, ինչպես է որոշվել 51-49 տոկոս սեփականության փայաբաժինը։ Դ. Վարդանյանն ընդգծեց մեկ փաստ. TWT-ի հետ կնքված պայմանագրի համաձայն. «Անկախ հետագա ներդրումների ծավալից այդ հարաբերակցությունը չպետք է փոխվի»։ Դ. Վարդանյանը նախկին եւ ներկա պաշտոնյաներին առաջարկեց համագործակցել իրենց հանձնաժողովի հետ։
Կարդացեք նաև
Կապի նախարար Ա. Վարդանյանը նշեց, որ «ԱրմենՏելի» սեփականաշնորհումը 94 թ. կարելի է համարել ոչ թե մրցույթով կայացած, այլ՝ բանակցված պայմանագրով։
Հանձնաժողովին կասկածելի են թվում նաեւ «Սիմենսի» սարքավորումների մատակարարման գործարքները։ ՀՀ կապի նախարարը նաեւ նշեց, որ հունական OTE-ն հայկական կողմի պահանջով կասեցրել է TWT-ին չվճարելու գործընթացը, որովհետեւ վաճառքի ընթացքում ոտնահարվել են մեր շահերը։ «Ոտնահարումը» գնահատվում է մոտ 8 մլն դոլար։ Հիշեցնենք նաեւ, որ «ԱրմենՏելի» հարցերով քրեական գործ է սկսել նաեւ ՀՀ դատախազությունը։
ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ