«Հայրենիք» պատգամավորական խմբի նախագահ Էդվարդ Եգորյանը նախորդ շաբաթ Մոսկվայում էր, որտեղ հանդիպումներ է ունեցել «Մեր տունը Ռուսաստանն է» խմբակցության նախագահ Վլադիմիր Ռիժկովի եւ «Յաբլոկո» խմբակցության փոխնախագահ պարոն Գրունովի հետ։
Պարոն Եգորյանը ներկայացնելով իր հանդիպումների բովանդակությունը, ասաց, թե համագործակցության եւ տեղեկատվության փոխանակության պայմանավորվածություններ են ձեռք բերվել այն հիմքով, որ Հայաստանում եւ Ռուսաստանում ընթացքներն ու վիճակները բավականին նման են, եւ այս առումով փոխադարձ կապվածությունը հնարավորություն կտա կանխատեսել, թե ինչպիսին են Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարությունները։ Իմանալով, թե ուր է գնում Հայաստանը եւ ուր է գնում Ռուսաստանը, ինչպես Երեւանում, այնպես էլ Մոսկվայում կարող են հասկանալ, թե ապագայում գործընթացներն ինչի են հանգեցնելու։ Այս առումով բավականին հեռանկարային է միջկուսակցական համագործակցությունը, որովհետեւ, ըստ պարոն Եգորյանի, կառավարությունների կամ խորհրդարանների միջեւ տեղի ունեցող հանդիպումները հիմնականում հրատապ խնդիրներ են լուծում։ Հեռանկարային հարցերին կարող են կուսակցությունները հետամուտ լինել։
Հանդիպումների նախաձեռնությունը բխում է հայկական կողմից։ Էդ. Եգորյանը փաստում է, որ իր ծանոթությունները, որոնք հաստատվել են ԱՊՀ վեհաժողովներում եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության շրջանակներում, վաղուց հիմք էին գոյացրել այսօրինակ հանդիպման համար։
Բայց այդ ինչպե՞ս պատահեց, որ արեւմտամետ ուժի համարում ունեցող «Հայրենիք» խմբի ղեկավարը նախընտրեց կապեր հաստատել Մոսկվայում։ Պարոն Եգորյանն ասաց, թե, ըստ էության, ինքը Ռուսաստանում էլ արեւմտամետ ուժերի հետ է հանդիպել։ Իհարկե, դա կատակ է, բայց ինչպես ասում են՝ ամեն կատակում կա կատակի չափաբաժին։ Նույն Յավլինսկուն էլ Ժիրինովսկին արեւմտամետ է համարում, այնպես որ, այնքան էլ բովանդակազուրկ չէ «Հայրենիք» խմբի արեւմտամետ կողմնորոշումը. «Մենք տեսնում ենք արեւմտյան հասարակական, պետական մոդելների առավելությունն ասիական մոդելների նկատմամբ»։ Դրանք, ինչպես ներկայացրեց պարոն Եգորյանը, առարկայանում են հետեւյալ համեմատություններով։ Արեւմտյան մոդելի արժեքային համակարգի կարեւոր հիմքերից մեկը ժողովրդավարությունն է։ Ժողովուրդն է ստեղծում ժողովրդի կողմից վերահսկվող իշխանություն։ Երկրորդը՝ օրենքի գերակայությունն է։ Դեռեւս Հին Հռոմից է Արեւմուտքը ժառանգություն ստացել, որ գերակա է գրված օրենքը, եւ ոչ թե իշխանությունների ցանկությունը։
Կարդացեք նաև
Հաջորդ արեւմտյան արժեքն այն է, որ պաշտպանված են մարդու իրավունքները։ «Հայրենիքը» հետամուտ է այս արժեքներին եւ դա պարզապես արեւմտամետություն չես համարի։ Դրանք նաեւ կիրառություն պետք է ստանան մեզանում։ Սակայն այդ մոդելին առավելություն տալով հանդերձ, ինչպես նշեց Էդվարդ Եգորյանը, իրենք ամենեւին էլ պարտադրված չեն ժխտողական տեսակետ ունենալ Ռուսաստանի նկատմամբ։ Ռուսների մեծամասնությունն էլ է նախապատվություն տալիս հասարակական կառավարման այդ մոդելին։ Եվ հետո՝ «Իմ հայրը կոմունիստ է եղել, իսկ ես արեւմտյան մոդելի կողմնակիցն եմ, բայց դա չի նշանակում, որ ես ամերիկացի Ջոյի հորն ավելի շատ եմ սիրում, քան իմ հորը, որը եղել է կոմունիստ։ Ուրեմն՝ արեւմտամետ լինելը եւ կոմունիզմ չընդունելը չի նշանակում, որ ես իմ հորը չեմ սիրում եւ չեմ հարգում»։
Պարոն Եգորյանը փաստեց, որ, այո, ձգտելով արեւմտյան մոդելի հաստատմանը Հայաստանում, իրենք միաժամանակ ջանալու են, որպեսզի լավ հարաբերություններ հաստատվեն նաեւ այդ ուղղությամբ շարժվող Ռուսաստանի հետ։
Վերջին շրջանում հայաստանյան կուսակցությունները հաճախացրել են իրենց հանդիպումները դրսի կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որոնք, ըստ երեւույթին, նախընտրական բովանդակություն ունեն։ Արդյո՞ք, նույն նպատակը չի հետապնդում նաեւ «Հայրենիքի» այս նախաձեռնությունը։ Պարոն Եգորյանն ասաց, որ եթե պայմանավորվածությունների արդյունքում հանդիպումները Մոսկվայում մեկ ամիս առաջ կայանային, էլի նույն մեկնաբանությունն էր հնչելու։ Այո, կարելի է համարել, որ կուսակցական ցանկացած գործունեություն նախընտրական իմաստ ունի։
Նկատի առնելով այն հանգամանքը, որ վերջերս կոմունիստները հյուրընկալել էին Մոսկվայի կոմկուսի առաջին քարտուղարին, իսկ Վրաստանի սոցիալիստներն էլ պատվիրակություն էին ուղարկել Երեւան՝ ՀՅԴ ղեկավարության հետ հանդիպելու, պարոն Եգորյանը փաստեց, որ ձախերը միջկուսակցական համագործակցության հարցում շատ ավելի հաջող ընթացքներ են արձանագրել, ինչը նկատելի չէ աջերի դեպքում։ Դա գալիս է աջերի բնավորությունից։ Սակայն, բոլոր դեպքերում, ողջունելի է, որ կոմունիստական, սոցիալիստական կամ լիբերալ ուժերը համագործակցեն։ Դա, այո, կարող է եւ նախընտրական լիցք պարունակել, ինչպես նաեւ տեղեկատվության փոխանակության հնարավորություն ընձեռելով, մեծացնել տարածաշրջանային գործընթացների կանխատեսելիության չափը։
Զրույցի վերջում պարոն Եգորյանն անդրադարձավ, թե ինչու ինքը չի հանդիպել Վիկտոր Չեռնոմիրդինին, որը «Մեր տունը Ռուսաստանն է» կուսակցության ղեկավարն է, եւ «Յաբլոկոյի» անվերապահ առաջնորդ Յավլինսկուն։ Ասվեց, թե այդպիսի պայմանավորվածություններ ձեռք են բերվել եւ հանդիպումները չեն կայացել միայն այն պատճառով, որ այդ ժամանակ Չեռնոմիրդինը ԱՄՆ-ում էր, իսկ Յավլինսկին ինտենսիվ հանդիպումներ էր ունենում Ռուսաստանի ղեկավարների՝ Պրիմակովի, Ելցինի եւ այլոց հետ։
Ա. ԶԱՔԱՐՅԱՆ