Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես կատարում եմ ընկերներիս խնդրանք-պահանջը»

Մարտ 17,1999 00:00
Rustam Gasparyan

Ասում է Արմավիրի քաղաքապետի թեկնածու, փոխգնդապետ Ռուստամ Գասպարյանը

Շաբաթ օրվա «Առավոտում» տպագրված «Հնարավոր տարբերակներ» հոդվածում, որը վերաբերում էր մարտի 28-ին Արմավիրի քաղաքապետի ընտրություններին, այլ հարցերի հետ, արծարծվել էին նաեւ ԵԿՄ Արմավիրի տարածքային կազմակերպության նախագահ Ռուստամ Գասպարյանի առաջադրման եւ ընտրության հնարավոր հետեւանքները։

Երկուշաբթի օրը ԵԿՄ Արմավիրի մարզային կազմակերպության նախագահ, ՊՆ թիկունքի վարչության պետ Մուրադ Կիրակոսյանի հրավերով ներկա գտնվեցի Հանրապետական կուսակցության եւ ԵԿՄ մարզային կառույցների խորհուրդների համատեղ նիստին։ Համատեղ նիստում քննարկվում էր կուսակցության անդամ, քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունը առաջադրած Հայկ Ղանդիլյանի թեկնածությունը։ ԵԿՄ Արմավիրի տարածքային կազմակերպությունը դեռեւս մարտի 10-ին «… Հայկ Ղանդիլյանը հաշվի չառնելով ԵԿՄ որոշումը, փորձելով պառակտում մտցնել կուսակցության շարքերում, անձնական շահերից ելնելով, անտեսելով միության շահերը, առաջադրվեց որպես Արմավիրի քաղաքապետի թեկնածու։ Այդ իսկ պատճառով ԵԿՄ-ն որոշում է Հայկ Ղանդիլյանին հեռացնել իր շարքերից» ձեւակերպմամբ հեռացրել են Հայկ Ղանդիլյանին։

Մարտի 15-ին նույնատիպ որոշում կայացրեց նաեւ Հանրապետական կուսակցության մարզային խորհուրդը։ Հանրապետականները եւ ԵԿՄ անդամները որոշում ընդունեցին, որ իրենք միանշանակ պաշտպանում են Ռուստամ Գասպարյանի թեկնածությունը։ Սակայն, բացի Հայկ Ղանդիլյանից, քաղաքապետի 11 թեկնածուների ցուցակում է նաեւ Հանրապետական կուսակցության մարզային կառույցի ղեկավար Հարություն Մխոյանի անունը։ Պրն Մխոյանը եւս հրավիրվել է այս նիստին, սակայն չի ներկայացել։ Նրա հարցը պետք է լուծի կուսակցության հանրապետական խորհուրդը, որի նախագահ Անդրանիկ Մարգարյանը, ենթադրվում էր, որ պետք է մասնակցի համատեղ նիստին։ Սակայն պրն Մարգարյանը հեռախոսազանգով զգուշացրեց, որ խորհրդարանի աշխատանքների երկարաձգման պատճառով ինքը Արմավիր կգա մի քանի օր հետո։ Նիստի ավարտից հետո մենք մի քանի հարցեր ուղղեցինք Ռուստամ Գասպարյանին։

-Ինչո՞ւ որոշեցիք դաշտային հրամանատարի փոխարեն վիճարկել քաղաքապետի պաշտոնը։

-1989-ին, ելնելով մեր պետության պաշտպանության անհրաժեշտությունից, մենք զենք վերցրինք եւ, փառք Աստծո, այսօր խաղաղություն է։ Երբ կառավարությունը հաստատեց Նորիկ Մնոյանի հրաժարականը, մեր տղաներն ինձ խնդրեցին եւ համոզեցին, որ ես հետ վերադառնամ քաղաքացիական կյանք եւ առաջադրեմ իմ թեկնածությունը։

-Ճի՞շտ է, որ ԵԿՄ-ն սկզբում պաշտպանել է Հայկ Ղանդիլյանի թեկնածությունը, իսկ ապա միայն ձերը։

-Թող այդ հարցին տղաները պատասխանեն։

Ըստ ԵԿՄ անդամների, Հայկ Ղանդիլյանը մի մասնավոր հավաքի ժամանակ խնդրել է, որ միության անդամները պաշտպանեն իր թեկնածությունը, սակայն շատերը դեմ են եղել այդ առաջարկին, եւ ոչ մի պաշտոնական եւ գրավոր որոշում չի կայացվել։ «Նրա արածն ամենաքիչը սրիկայություն է»,- ավելացրեց Մուրադ Կիրակոսյանը։

-Չե՞ք կարծում, որ ձեր ընտրության դեպքում դուք եւ քաղաքապետարանի աշխատակազմում հայտնված մյուս երկրապահները կվերածվեն հերթական չինովնիկների։

-Երբ ԵԿՄ-ն առաջադրեց իմ թեկնածությունը, ասվել է, որ սկզբում լուրջ կադրային փոփոխություններ են լինելու, իսկ թերացողները կփոխարինվեն մասնագետներով։ Քաղաքապետարանում այլ երկրապահներ չեն լինելու։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031