Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀՇ-Ն ԿՀԱՂԹԱՀԱՐԻ՞ ՆԵՐԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ

Մարտ 17,1999 00:00
hhsh

ՀՀՇ վարչության նախագահի ընտրությունից հետո վերջին տարիներին պարտված հավակնորդի թիմը հեռանում էր կազմակերպությունից՝ պատճառաբանելով գաղափարները, այլ ոչ անձնական հավակնությունները։ Այս անգամն էլ բացառություն չէր, բայց վերջին տրոհումը գուցե ճակատագրական լինի։

ՀՀՇ վարչության անդամների արդեն մի ստվար խումբ՝ շուրջ 10 հոգի, հայտարարել է, թե մինչեւ Վանո Սիրադեղյանը Հայաստան չվերադառնա՝ վարչության նիստերին չեն մասնակցելու։ Կան նաեւ այլ պայմաններ։ Քննարկվե՞լ է, արդյոք, ստեղծված վիճակը վարչությունում, ի՞նչ ելքեր են մատնանշվել ներկուսակցական ճգնաժամի հաղթահարման համար։ Արդյոք նպատակահարմար չի՞ համարվել Վանո Սիրադեղյանի հրաժարականը կուսակցության պառակտումից խուսափելու համար։ Այս հարցերով դիմում էինք ՀՀՇ վարչության անդամներին, որոնցից առաջին երկուսին Վանո Սիրադեղյանը հարմար էր նկատել ՀՀՇ վարչության փոխնախագահի պաշտոնի համար, իսկ երրորդը նախկինում էր ՀՀՇ վարչության փոխնախագահ։

Հովհաննես Իգիթյան – Ես գտնում եմ, որ եթե ՀՀՇ վարչությունը չկարողանա լուծել այս խնդիրը, ուրեմն ընդհանրապես արժանի չենք այլ խնդիրների լուծմանը գոնե ներկա լինել։

Ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք քննարկել ենք այս հարցերը, խնդիրը հենց այն է, որ վարչությունը, որպես մարմին, չի կարողանում կանոնադրության համաձայն հավաքվել հենց վարչության նախագահի բացակայության պատճառով նաեւ։ Սա անհեթեթ վիճակ է։ ՀՀՇ խորհրդի նիստ պիտի հրավիրի վարչությունը, որի նիստի համար անհրաժեշտ է վարչության նախագահի ներկայությունը, այլ շատ խնդիրներ էլ կան։

Արամ Մանուկյան – Ես վարչության այն անդամներից եմ, որոնց կարծիքով լուծումը երրորդ տարբերակի մեջ է, եւ միայն այդ դեպքում եմ լավատեսության հիմքեր տեսնում։

ՀՀՇ-ն լուրջ ճամփաբաժանի առջեւ է կանգնած։ Մի թեւը գտնում է, որ լուծումը Վանո Սիրադեղյանի հրաժարականն է։ Մյուս թեւն արդեն օրինականորեն ընտրված վարչության նախագահի մնալն է հիմնավոր համարում։ Կարծում եմ, որ մեծահոգություն ու քաղաքական լրջախոհություն է պետք, ժամանակը սուղ է. հարկավոր է այս ամենը նորից քննարկել ու լուծում գտնել, այլապես ժամանակը բացասաբար է անդրադառնում այս երեւույթի վրա։ Դժվար է նաեւ քվորումի հարցը։ Վերջին հաշվով, գոնե առաջիկա մի շաբաթվա ընթացքում պիտի ՀՀՇ խորհրդի նիստով հաստատենք ընտրված նախագահի լիազորությունները (կանոնակարգի պահանջի համաձայն) եւ տեղակալներ առաջարկենք։ Էլ չեմ ասում քաղաքական իրավիճակի մասին. պիտի մշակվի ընտրությունների նկատմամբ մեր դիրքորոշումը, ցուցակները կազմվեն եւ այլն։ Այսինքն, մենք առավելագույնը երկու շաբաթ ժամանակ ունենք։

Իսկ այս խնդիրը լուծելու երրորդ ճանապարհն այս է. Արարքցյանն ու Սիրադեղյանը կարող էին իրենք միջանկյալ տարբերակ առաջարկել. գոնե ժամանակավորապես վարչության նախագահ ընտրվի երկու թեւերի համար էլ ընդունելի մեկը։ Ուստի բարի կամքի դեպքում ձեւը կարելի է գտնել։ Չեմ հիշում ավելի ծանր ժամանակաշրջան ՀՀՇ-ի համար, քան հիմա է։

Սեդրակ Հովհաննիսյան – Ես այն մարդկանցից եմ, որը նույնպես տեսակետ է ունեցել, թե վարչության նախագահը պիտի գործուն լինի։ Այսինքն՝ Վանո Սիրադեղյանի բացակայությունն արդեն իսկ այնպիսի հանգամանք է, որը թույլ չի տա, որ նա լիարժեք, գործուն նախագահ լինի։ Իսկ ՀՀՇ-ին այս պահին, իմ կարծիքով, տեղում գտնվող նախագահ է հարկավոր։ Ներկուսակցական ճգնաժամ այդ առումով, իհարկե, կա, եւ դժվար է ասել, թե ինչ լուծում կլինի։ Երեւի լավագույնն այն կլիներ, որ Վանո Սիրադեղյանը շուտափույթ վերադառնար ու որպես ընտրված նախագահ փորձեր ինքը կարգավորել այդ խնդիրները։ Հակառակ դեպքում, Սիրադեղյանը պիտի վերանայի իր ընտրվելու հանգամանքը կամ գուցե վարչությունն անդրադառնա այդ հարցին։ Բայց ցանկալի չէ, որ վարչությանը մնար այդ հարցը։ Ավելի ճիշտ կլիներ, որ Սիրադեղյանը, ռեալ պատկերացնելով իրավիճակը՝ որոշում կայացներ։ Իհարկե, եթե ուշանալու է նրա վերադարձը։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031