Խորհրդարանը ամբողջ կազմով ակնհայտորեն սկսել է ժողովրդին դուր գալու նախընտրական կոկետությունը։ Արտահերթ նիստում 96 ձայնով առաջին ընթերցմամբ ընդունված «Էլեկտրաէներգիայի սակագների սառեցման մասին» օրենքի նախագիծը նախընտրական առաջին ասֆալտի դեր կատարեց։ Եթե օրենքն ընդունվի ամբողջությամբ, ապա հանրապետության տարածքում կրկին կսահմանվի էլեկտրաէներգիայի եռաստիճան համակարգ։ Այս դեպքում մինչեւ 100 կվտ/ժ էներգիա սպառած քաղաքացիները 1 կվտ-ի դիմաց կվճարեն 15 դրամ։
Խորհրդարանը արտահերթ նիստից եւ պատմական որոշումից հետո հավանաբար ուժասպառ էր եղել, քանի որ հաջորդ օրը անհրաժեշտ քվորում չհավաքվեց եւ եռօրյայի հերթական նիստը չկայացավ։
Թերեւս զարմանաք, թե վերնագիրն ի՞նչ կապ ունի այս ամենի հետ։ Կապ ունի այնքանով, որ էլեկտրաէներգիայի սակագների սառեցումից առաջ ժողովուրդը շատ տաք էր արձագանքել որոշ պատգամավորների կոչին եւ հավաքվել էր ԱԺ դարպասների մոտ։ Քանի որ այս մասին արդեն գրել ենք, կանդրադառնանք միայն մի փոքրիկ միջադեպի։
Նախ ասեմ, որ միայն մեկ-երկու պատգամավոր համարձակություն ունեցան մոտենալ ճաղերին եւ խոսել ժողովրդի հետ։ Նրանցից մեկը կոմունիստ Խորեն Թռչունի Սարգսյանն էր, որը Դեմիրճյան փողոցի կողմից զրույցի էր բռնվել մի քանի տարեց կանանց հետ։ Կանանցից մեկը խիստ էր ակտիվ եւ իշխանությունից, պատգամավորից ու աշխարհից դժգոհ լավ նախշում էր այդ ամենը։ Թռչունիչը փորձում էր կնոջը որոշ բաներ բացատրել, իսկ երբ ասաց, թե «մեր կոմունիստական կուսակցությունը…», չհասցրեց խոսքն ավարտել։ Բայց լավ կլիներ բոլորովին չասեր։ «Ա՜խ, դու կոմունի՞ստ ես, հենց քո նմաններն էին, որ եղած-չեղածը տվեցին սրանց ու մեզ թողեցին ըսենց»,- այս խոսքերն ասելու պահին կինն իր ձեռնափայտով լավ էլ բզբզում էր Խորեն Թռչունիչի թեւը եւ մարմնի այլ մասեր։
Կարդացեք նաև
Թռունիչին այդ բզբզոցն այնքան էլ դուր չէր գալիս. «Քո անշնորհքությամբ Խաչիկ Ստամբոլցյանի ժամանակ էլ էիր ըսենց անում»։ Կինն այստեղ էլ չդիմացավ. «Տո Խաչիկ Ստամբոլցյանին էլ, Խաչիկ Սաֆարյանին էլ, թքեմ երեսին, էն խուլիգանը»։ Թռչունիչը լավ էլ դիմանում էր եւ մինչեւ վերջ շարունակեց իր պահանջն առ այն, որ կինը ձեռնափայտը դեն քաշի։ Իսկ ձեռնափայտը մերթ ճաղերից այն կողմ էր, մերթ՝ Թռչունիչի վրա։
Մ․Ե․