Դժվար չէր կռահել, որ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանի բրիֆինգի ամենասպասելի հարցը վերաբերելու էր երկուշաբթի օրը ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Էլեկտրաէներգիայի սակագների սառեցման մասին» օրենքի նախագծին։
Ի պատասխան լրագրողներից մեկի հարցի, պարոն Գաբրիելյանը տվեց սահուն եւ պատրաստի պատասխան. «Նախագահը գտնում է, որ այդպիսի օրենքը անթույլատրելի է, որովհետեւ նախ ամբողջովին երկրի էներգետիկ համակարգը… եւ այդպիսի օրենքի ընդունումը նպատակ ունի հավանաբար երկիրը տանել դեպի այն ժամանակները, երբ բոլորս հիշում ենք՝ հովհարային անջատումներ կային եւ էներգետիկ համակարգը կործանման կամ փլուզման եզրին էր եւ համարյա չէր գործում։ Եվ այստեղ պետք է նշել այն փաստը, որ այն մարդիկ, ովքեր որոշում էին կայացնում էներգետիկայի սակագների անկախ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, այժմ կայացնում են մեկ այլ որոշում, որը ամբողջովին հակասում է իրենց կայացրած այդ եւ այլ որոշումներին եւ պետք է ասել, որ, կրկնում եմ, դա անթույլատրելի է, անընդունելի եւ խանգարելու է, խաթարելու է էներգետիկ համակարգի գործունեությանը։ Այս դեպքում իմաստ չի ունենում էներգետիկ անկախ հանձնաժողովի գոյությունը։
Հուսով եմ, որ պատգամավորները գիտակցաբար կմոտենան այդ հարցին եւ այդպիսի օրենք չի ընդունվի, իսկ եթե, այնուամենայնիվ, ընդունվի՝ այն կենթարկվի նախագահի վետոյին»։
Մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանին ուղղված հարցերի ստվար մասը վերաբերում էր հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ ՀՀ նախագահի հանդիպմանը։ Անդրադառնալով լրագրողներից մեկի այն հարցին, թե նախագահի խորհրդական Արամ Սարգսյանը հայտարարել է՝ իբր Հայաստանը նոր առաջարկներ է ներկայացրել ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, պարոն Գաբրիելյանը ճշտեց, որ Հայաստանը առաջարկներ չի ներկայացնում։ Սովորաբար Մինսկի խումբն է առաջարկներ ներկայացնում, որոնք քննարկվում, ընդունվում կամ մերժվում են, եղած առաջարկություններին նորերը չեն ավելացել։ Ավելին՝ Եվրախորհուրդը նույնպես որոշում է ընդունել, որով օժանդակել է Մինսկի խմբի վերջին նախաձեռնությանը՝ ընդհանուր պետության գաղափարին։
Կարդացեք նաև
Բրիֆինգի ընթացքում անհրաժեշտություն առաջացավ, որպեսզի Վահե Գաբրիելյանը փաստի, թե Ժիրայր Լիպարիտյանն ազատ քաղաքացի է եւ ազատ է իր ճամփորդություններն ու հանդիպումները կազմակերպելու գործում։
Նախագահի հաջորդ շաբաթվա օրագիրը
Վահե Գաբրիելյանի՝ լրագրողներիս հետ հանդիպելու միակ նպատակը ՀՀ նախագահի հաջորդ շաբաթվա օրագիրը ներկայացնելն էր։ Ըստ այդ օրագրի՝ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին, կընդունի Վրաստանի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությանը, կմասնակցի համահայկական համաժողովի կազմակերպող հանձնաժողովի հերթական նիստին։ Եկող շաբաթ ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Վատիկան, Հռոմ, որտեղ կմասնակցի «Հայաստան-Հռոմ» ցուցահանդեսի բացմանը. այն նվիրվում է քրիստոնեության ընդունման 1700-ամյակին։ ՀՀ նախագահը հանդիպում կունենա Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի, Վատիկանի պետքարտուղարի, Իտալիայի Հանրապետության նախագահի հետ, ինչպես նաեւ հայ համայնքի, եւ կայցելի Լեւոնյան վարժարան։
ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ