Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆԱՎՈՐԸ ՍԵՔՍԻ ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԻ

Մարտ 16,1999 00:00
toto

Ինչ ուզում եք ասեք, հասարակ ժողովրդի եւ իշխանավորների միջեւ հսկայական անջրպետ կա։ Ու էս հասարակ ժողովուրդը սխալ պատկերացում ունի «խեղճ» իշխանավորների մասին։ Հիմա կհարցնեք, թե ինչո՞ւ են իշխանավորները «խեղճ»՝ բացատրեմ։ Բայց մինչ այդ՝ հասարակ ժողովրդի պատկերացումների մասին։

Հարկավ, ամեն մեկս էլ երազում ենք իշխանավոր դառնալ։ Հսկայական առանձնասենյակ ունենալ, ծառայողական ավտոմեքենա, ժողովրդական լեզվով ասած՝ բազմաթիվ նազիր-վեզիրներ, անսահման իրավունքներ եւ ոչ մի պարտականություն ու պատասխանատվություն, իսկ ամենակարեւորը՝ քարտուղարուհի եւ սիրուհի ունենալ։ Պաշտոնյայի առավելությունների մասին նույնիսկ մի անեկդոտ էր շրջում. «Մի ապաշնորհի երբ կոլխոզի նախագահ են նշանակում՝ զարմացած հարցնում են. «Ախր, դու կարո՞ղ ես նախագահ աշխատել», ապաշնորհը ինքնավստահ պատասխանում է. «Ինչ է եղել որ, հո մեքենայից չեմ ընկնի-կորի»։

Մի խոսքով, հասարակ ժողովրդիս թվում է, թե իշխանավորի համար «աշխարհը ծիրանագույն բուրաստան է»։ Սակայն իշխանավորների հետ իմ բազմաթիվ հանդիպումների ու զրույցների արդյունքում համոզվեցի, որ էդ աշխարհը մեզ՝ հասարակ ժողովրդիս համար է ծիրանագույն բուրաստան։ Հիմա ապացուցեմ. ի տարբերություն հասարակ ժողովրդի՝ իշխանավորները մշտապես զբաղված են, ժամանակ չունեն։ Իսկ մենք եթե աշխատում էլ ենք, ազատ ժամանակը շա՜տ (էլ չեմ խոսում աշխատանք չունեցող հանրապետության կեսի մասին), ինչ կուզենք՝ կանենք, երբ ուզենք՝ կքնենք, երբ ուզենք՝ կուտենք, նարդի կխաղանք, խնջույքներ կկազմակերպենք ու երբ էլ ուզենք՝ սեքսով կզբաղվենք։ Խեղճ իշխանավորներ, ոչ միայն մեզ նման չեն կարող ազատ սեքսով զբաղվել, այլ անգամ ժամանակ չունեն դրա մասին մտածելու։ Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի մասին ասել էին, թե սիրուհի ունի՝ խեղճը շա՜տ էր նեղվել։ «Ես ժամանակ չունեմ տուն գնալու, ուր մնաց թե՝ սիրուհի պահել։ Գիտե՞ք ինչ է նշանակում սիրուհի. դու պետք է ոչ միայն հազար ու մի նվերներ անես, այլ օրվա ժամանակիդ մեծ մասը տրամադրես նրան։ Ես առավոտվա 9-ից մինչեւ գիշերվա 2-3-ը աշխատում եմ, ես սիրուհու ժամանակ ունե՞մ»,- դժգոհում էր բարձրաստիճան պաշտոնյան, թեպետ բոլորն էլ գիտեն, որ նա առանց սիրուհու յոլա գնացողը չէ։

Մեկ այլ պաշտոնյա, որի առանձնասենյակի լուսամուտը փողոցի վրա է բացվում, պատմում է. «Է՜հ, էսպես չի լինի՝ կյանքից-աշխարհից լրիվ կտրվել ենք։ Լուսամուտիս վրայի օդամղիչը միտումնավոր եմ այդտեղ դրել։ Դեռ նոր էի նշանակվել այս պաշտոնիս, ամբողջ օրը՝ աշխատանք, հա աշխատանք, էս լուսամուտիս մոտով էլ ինչ գեղեցկուհիներ են անցնում՝ խենթանալու բան։ Մի օր խորհրդակցություն եմ անցկացնում, մեկ էլ աչքս առավ լուսամուտիս մոտ կանգնած աղջիկներին, էն որ ասում են՝ չուտես-չխմես, մենակ նայես, այ այդպիսի գեղեցկուհիներ էին։ Մի 15 րոպե անջատվել էի, էդ գեղեցկուհիներին էի նայում, խորհրդակցության մասնակիցներն էլ զարմացած ինձ էին նայում։ Դրանից հետո կարգադրեցի լուսամուտիս վրա օդամղիչ տեղադրել, այնպես, որ անցորդներին չտեսնեմ»։

Պաշտոնյաներից մեկն էլ մշտապես դժգոհում է, թե շատ է աշխատում ու սեքսի համար ժամանակ չունի։ Իր համար այդ պաշտոնյան հայտնի անեկդոտը լոզունգ է դարձրել։ «Ջահել ժամանակ մի բան էլ էինք անում, էդ ի՞նչ էր»։ Այս շարքն, իհարկե, կարելի է երկար շարունակել, բայց… իբր իշխանավորների դարդը քիչ է, մենք՝ լրագրողներս էլ մի կողմից ենք «խանգարում խեղճերին»։ Մի պաշտոնյա բողոքում էր. «Եթե մի տեղ (ռեստորան, սաունա) գնալու ցանկություն ու ժամանակ էլ լինում է՝ վախենում ենք գնանք, որովհետեւ հաջորդ օրը թերթերը կգրեն»։

Հիմա համոզվեցի՞ք, որ հասարակ ժողովրդիս կյանքն ավելի նախընտրելի է, որ «խեղճ» իշխանավորների կյանքը, ախր, հեչ կյանք չի։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել