Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՐՈՏԻԿ ԹԵՔՄԱՄԲ ՄԱՆԿԱԿԱՆ ԴԱՆՍ-ՄՐՑՈՒՅԹ

Մարտ 16,1999 00:00
toto

Սկիզբը խոստումնալից է, այնպես չէ՞։ Բայց այդ մասին՝ հետո… Խոսքը, որքան էլ զարմանալի է, վերջերս Երիտասարդության պալատում տեղի ունեցած պոպ ու ռեպ պարի հանրապետական յոթերորդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ գալա-համերգի մասին է։

Մրցույթի անփոփոխ կազմակերպիչներին՝ մշակույթի եւ արվեստի, «Արայ» ստուդիայի դանս-շոուի գծով կենտրոնին արդեն երկու տարի միանում է Հայաստանի ազգային ռադիոն, որը նաեւ տեղեկատվական աջակցությունն է ապահովում։ Բավականին յուրօրինակ է մրցույթի ծննդյան պատմությունը, որը հեղինակել է «Արայ» պարախմբի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կարեն Միքայելյանը. «1992 թ. «Արայ» խումբը երիտասարդ կատարողների մրցույթում գրան-պրի ստացավ։ Հաղթանակն առանց մեծ ջանքերի եկավ, քանի որ արժանի մրցակիցներ չկային, հետեւաբար, բացակայում էին նաեւ բարձունքը նվաճելու խթանները։ Հենց այդ ժամանակ էլ ծնվեց նոր տաղանդների հայտնաբերման եւ հիմնականում ու մասնավորապես մեզ համար առողջ մրցակցության ստեղծման գաղափարը»։ Հայաստանյան ճգնաժամի եռուն շրջանում ծնունդ առած մրցույթը օրերս պատրաստվում է նշել իր հնգամյակը (վերջին երկու տարում այն չորս անգամ է կազմակերպվել)։ Այդ ժամանակամիջոցում խիստ ժյուրիի «ձեռքի» տակով են անցել այնպիսիները, ովքեր այսօր հանդես են գալիս արհեստավարժ բեմում (մրցույթը հին տերմինոլոգիայի համաձայն՝ «ինքնագործունեություն» է)։

Այո, ճիշտ որ եսասիրությունն առաջընթացի շարժիչ ուժն է։ Հենց «արայցիների» եսասիրությունն էր, որը հետագայում այլասիրության հանգեց, որին պարտական են այսօրվա գրան-պրիի մրցանակակիրները։ Նրանք են՝ Սյուզի Հովհաննիսյանը Էջմիածնից (մինչեւ 10 տարեկան հասակային աստիճանի, ղեկավարներն են՝ Ս. Հակոբյան, Ս. Սանխոշյան), քսանամյա Գոհար Խաչատրյանը Երեւանից, Ստեփանավանի «Քինգ օֆ դանս» խումբը (ղեկավար՝ Մ. Հովհաննիսյան), Երեւանի «Լույսերը» (ղեկավար՝ Գ. Գեւորգյան)։ Իսկ ինչ վերաբերում է առաջընթացին, դա էլ է առկա։ Ահա թե ինչ ասաց մրցույթի ավագներից մեկը՝ «Թոփ-ստոպ» խմբի ղեկավար, երգիչ Սամվել Գրիգորյանը, որը հինգ տարի շարունակ ընդգրկված է եղել ժյուրիի կազմում. «Առաջընթացն առկա է. այն խմբերը, որոնք դեռեւս մի քանի տարի առաջ սկսնակներ էին, այսօր արդեն գրան-պրի են ստանում, իսկ վաղը կարող են մեծ բեմ դուրս գալ»։

կարենՊետք է նշել, որ մրցույթն այդպիսի հեռանկար բացում է ճակատագրի բերումով տաղանդավոր ընտրյալների համար։ Այս անգամ երջանիկների թվում էին գրան-պրի մրցանակակիր, տասնհինգամյա երեւանցի Մարինա Մուրադյանը եւ Ղափանի «Դանս Ստարս» համույթը։ Հաճելի է նաեւ ժյուրիի հանդեպ նվազ «նեղացածության» փաստը։ Այսպես, ընդամենը հինգերորդ հորիզոնականը գրաված «Ընտրյալները» խմբի ղեկավար Ժասմեն Կարապետյանի ասելով, մրցույթը շատ օբյեկտիվ է անցկացվել։ Ի դեպ, ժյուրիի մասին… Անհատական ելույթների աստիճանով մրցանակային տեղերը բաժանվեցին գեղեցիկ սեռի ներկայացուցիչների միջեւ։ Բայց դժվար թե դա ռեւանշ համարվի կանանց քաղաքական բեմահարթակ բարձրանալու արգելքի դիմաց։ Ամեն ինչ առավել սովորական է. այդ անգամ «գեղանիության դատավորները»՝ գեղեցկի գնահատողները, մեկ մարդու պես, տղամարդիկ էին։ Եվ այստեղ տեղին է խոսել խոստացված էրոտիկայի մասին։

Մեր հանրապետությունում սեքսուալ հեղափոխությունը, որն այնքան երկար ժամանակ ճնշված էր մնում, գերությունից ազատագրվելուց հետո հարված հասցրեց նաեւ ամենաանպաշտպաններին՝ երեխաներին։ Ու եթե մեր փողոցում այն դեռեւս արվեստի հմայքի չի վերածվել, ապա այս բեմում նրան հաջողվել է իր արտացոլումը գտնել։ Համենայնդեպս, «Ռեդ ռոուզ» համույթի (անվանը ներդաշնակում էր նաեւ արտաքին տեսքը) աղջիկների (մինչեւ տասնհինգ տարեկան) կրակոտ պարը, մեծամորցի Մ. Գրիգորյանի ղեկավարությամբ, հիրավի ցնցեց դահլիճը։ Ու թեեւ այն ուղեկցվում էր «Ջիփսի քինգի» կատարած երաժշտությամբ, ավելի շուտ՝ լատինամերիկյան ռիթմով, կանկան էր հիշեցնում՝ ապշեցնող հարձակողականությամբ եւ փեշերը մինչեւ գլուխները քաշելով ու դեմքերը ծածկելով (հավանաբար մանկական շփոթմունքը թաքցնելու համար)։

Միանգամայն, ինչպես վարիետեի ժամանակ։ Ավելի շփոթեցնող էր Կապանի պատանի «զույգերի» պարը (վեց տարեկան էլ չկային, ղեկավար՝ Է. Քոչարյան), որն ավարտվում էր կիսախավարում էրոտիկ պատկերով՝ պառկած կրկնօրինակում էին միանգամայն փաստացի վիճակներ։ Բրավո, մաեստրո։ Պարզ չէ, երեխաներն արդյո՞ք հասկանում էին իրենց կատարածի իսկական նշանակությունը, թե՝ ոչ, բայց երբ շփոթված դահլիճով մեկ տարածվեց ծիծաղի ալիքը, դա արդեն ակնհայտ էր։

ՅԱՆԱ ԱՎՉԻՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031