Տուժող, Իրանի քաղաքացի Վարուժ Անդրեասյանը երեկ չէր ներկայացել Արաբկիրի 1-ին ատյանի դատարան, ինչը ՆԳ եւ ԱԱՆ աշխատակիցների, սույն գործով մեղադրյալներ Լեւոն Աբրահամյանի եւ Աշոտ Խաչատրյանի պաշտպանների արգահատանքին արժանացավ։ Հիշատակվեց քր. դատ. օր. 476 հոդվածը, որով օտարերկրացին իր համաձայնությամբ կարող է ներկայանալ դատաքննություններին եւ նրան բերման ենթարկել չի կարելի։ Դատավոր Ս. Հովսեփյանն իր հերթին կոչ արեց ամբաստանյալների պաշտպաններին իրենց պաշտպանական ճառերը սկսել, քանի որ «դատական վիճաբանությունները չեն կաշկանդում ապացույցների հետազոտմանը»։ «Կողմնորոշիչ» դադարի համար վերցրած 15 րոպեն դարձավ 1,5 ժամ, եւ այս դատարանին բնորոշ ուշացումով սկսվեցին պաշտպանական ճառերը։
Լ. Աբրահամյանի պաշտպանն ասաց, որ դեպքը (իրանցու առեւանգման) մայիսի 16-ին տեղի չի ունեցել, եւ որեւէ արձանագրության մեջ էլ ժամեր չեն նշված, թե մարդիկ երբ են հարցաքննվել… Նա ասաց, որ դատաքննության ընթացքում իրենց համար պարզ չդարձավ, թե կա՞ որեւէ իրեղեն ապացույց, թե գումարը կա՞, թե՞ չկա (100 հազար դոլարը)։ «Թող մեկն ինձ ապացուցի, որտեղից են առեւանգել, որտեղ է դեպքը եղել»։ Նշեց, որ տեղազննություն չի եղել։ Պաշտպանի կարծիքով, հետեւաբար, եթե «չկա դեպքի վայր, չկա հանցագործություն»։ Նրա կարծիքով, գործը բացահայտել է Վարուժ Անդրեասյանը «իր մտածողության համաձայն»։ Ինչ վերաբերում է բջջային հեռախոսահամարների ցուցակին, ապա գտավ, որ այն «մեղադրանքի հիմք համարելն անհիմն է»։
Պաշտպանն ընթերցեց Աֆղանցի վետերանների միության կոչը դատարանին եւ կոչ արեց արդարացման վճիռ կայացնել։ Աշոտ Խաչատրյանի պաշտպանը գնահատելով իրենց մասնակցությունը սույն քր. գործին, ասաց, որ «մենք հայտնվեցինք այն բեւեռում, որն ավելի ցուրտ էր»։ Նա ասաց, որ իր պաշտպանյալի գլուխն արժե 3 միլիոն դոլար «լավ բիզնեսի առարկա է», որպես չհիմնավորված ապացույց համարեց դարձյալ բջջայինի ցուցակը, այն գնահատեց ավելին՝ օպերատիվ նյութ։ «Չկա գումար, չկա այդպիսի հանցագործություն», իսկ ընդհանրապես նշեց, որ խուզարկության ժամանակ Աշոտի բնակարանից հայտնաբերված գումարն էլ եղել է 700 դոլար։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ