Ազգային ժողովում քննարկվող Կոնյակի գործարանի, ԱրմենՏելի, «Արմենիա» հյուրանոցի գործարքների օրինականության վերաբերյալ Ազգային ժողովի մի շարք պատգամավորների արդարացի վրդովմունքը մեծ արձագանքի է արժանացել հասարակության մեջ։
Հարկ է նշել, որ հիշյալ քննարկումների ընթացքում պատգամավոր Արտաշես Գեղամյանը իրավացիորեն նկատել է, որ Երեւանի քաղաքապետարանի Նորքի այգիներ-275 հասցեի հանգստյան տունը ապօրինաբար հատկացվել եւ այնուհետեւ ծիծաղելի գնով սեփականաշնորհվել է ԱՐՄԱ ընկերության կողմից, որի կազմակերպիչն ու հովանավորն է 1991 թվականից Էրեբունի կլինիկական հիվանդանոցի առայժմ գլխավոր բժիշկ, 1995 թվականից առայժմ ԱԺ պատգամավոր, Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտանիքին յուրահատուկ մտերմություն ունեցող Արտյոմ Մաքսիմիչ Քյուշկյանը։
Սեփականաշնորհումը կատարվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 16-ի 299 որոշմամբ։ Տեղին է հիշատակել, որ վերոհիշյալ որոշմամբ բացահայտ ոտնահարելով «Նոր Տարազ» կարի միավորման Երեւանի Մաշտոցի պող. 39/12 հասցեի թիվ 37 արտադրամասի կոլեկտիվի շահերը, ապօրինաբար սեփականաշնորհվել է նույն ԱՐՄԱ ՍՊ-ի կողմից, որի տնօրենն է Ա. Քյուշկյանի կինը՝ Նարինե Ռաֆայելի Մամիկոնյանը։ Նմանատիպ ապօրինությունների մասին՝ «տնտեսական հանցագործությունների», Ազգային ժողովում իրենց ելույթներում արտահայտվել են նաեւ վարչապետ Արմեն Դարբինյանը եւ Ներքին գործերի եւ Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը, որոնք մասնավորապես նշել են, որ անցած տարիների տնտեսական հանցագործությունների զգալի մասը կազմակերպվել եւ հովանավորվել է այսօրվա Ազգային ժողովի մի շարք պատգամավորների կողմից, այդ թվում՝ Ա. Քյուշկյանի կողմից։
Առայժմ, անպատժելիության մթնոլորտից օգտվելով, նա քաղաքապետարանի նախկին հանգստյան տանը կից գրաված ազատ հողատարածքում կասկածելի միջոցներով առանձնատուն է կառուցում իր համար։ Կարծում ենք, որ նշված հանգստյան տունը իր նպատակին ավելի ճիշտ կծառայեր։
Կարդացեք նաև
Այսպիսով, կարելի է գլխի ընկնել, թե ո՞ր յուրահատուկ կամ առանձնահատուկ արժանիքների համար են Քյուշկյանին ապօրինաբար հատկացրել եւ սեփականաշնորհել Երեւանի քաղաքապետարանի հանգստյան տունը եւ «Նոր Տարազ» կարի թիվ 37 արտադրամասի տարածքները՝ բռնի ուժով խլելով կոլեկտիվի իրավունքները։
Արդյո՞ք ժամանակը չէ կանխել եւ վերականգնել նրա կողմից ոտնահարված Երեւանի քաղաքապետարանի եւ «Նոր Տարազ» կարի թիվ 37 արտադրամասի կոլեկտիվի իրավունքները։
ՎԱՐԴԳԵՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ
«Նոր Տարազ» կարի արտադրական միավորման նախկին տնօրեն
Հավատարիմ մնալով կողմերից յուրաքանչյուրին լսելու սկզբունքին, մենք դիմեցինք «ԱՐՄԱ» ՍՊԸ-ի տնօրինությանը։ Նրանք պատասխանեցին. «Ինչ վերաբերում է «ԱՐՄԱ» ՍՊԸ-ի կողմից վերոհիշյալ տարածքների սեփականաշնորհմանը, ապա հոդվածի հեղինակը բազմիցս թե՛ շանտաժով, թե՛ վերահսկիչ ատյաններին դիմելով, համոզվել է, որ սեփականաշնորհման գործընթացը տեղի է ունեցել օրենքի սահմաններում եւ առկա են դա վկայող բոլոր փաստաթղթերը (ի դեպ, համոզված ենք, որ դա Վարդգես Ավետիսյանը չէ, այլ՝ ոմն Հրաչ)»։