Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՔ ԿԱ՞ ՄԱՖԻԱ

Մարտ 16,1999 00:00
mafia

Մենք վարժվել ենք այն բանին, որ առհասարակ երեւում են նրանք, այն հանցագործները, որոնք սպանում են, պայթեցնում, հրկիզում, թալանում, սակայն ավելի քիչ ենք հանդիպում նրանց, ովքեր աշխատասենյակներում նստած՝ սպանությունների հրամաններ են արձակում։

Իսկ կա՞ այդպիսի հրամայող ոչ թե գրքերում ու կինոնկարներում, այլ իրական կյանքում։ Համոզված եմ, որ կա։ Դա մեծ մաֆիան է։ Համաշխարհային չափանիշներով Հայաստանն առաջիններից է, որը անցել է ավազակային բիզնեսի սահմանը, արագ եւ անարգել մուտք է գործել քաղաքականություն։ Վերջին ժամանակներս այն այնպես է ակտիվացել, որ պրեզիդենտական ընտրությունները զարմացրել են ողջ աշխարհին։ Թվում է, թե նա քաղաքական պայքար է մղում ընտրողների ձայների համար, սակայն պայքարում է հանուն փողի, կապիտալի։ Նրանք կարող են գնել ամեն ինչ՝ սկսած պետական պաշտոնյայից, վերջացրած վարձու մարդասպանով։ Կարող է՝ համաձայն չեք իմ կարծիքին, բայց պիտի ասեմ, որ նրանք հանուն փողի սպանում են բոլորովին անմեղ մարդկանց, երբեմն՝ հենց մաֆիայի անդամներին։ Ովքեր ինչ-որ տեղ ավելորդ բան են բերանից թռցրել կամ խժռել են ավելին, քան պիտի հասներ։ Այո, յուրաքանչյուրն ունի իր կայուն բաժինը։

Վերջին հաշվով, ո՞վ է մարդկային այդ տիպը, իրենից ի՞նչ է ներկայացնում, որ սարսափում են նրանից։

Նա բազմադեմք է։ Նա կարող է լինել շրջմոլիկ կամ բանվոր, անգրագետ մի դերձակ, արիստոկրատ մեկը կամ իրավագետ, նախարար կամ փոխնախարար։ Նրանք կատարում են տարբեր հանձնարարություններ։ Երբեմն՝ մեկ օրով, երբեմն՝ ամբողջ կյանքում։ Նրանք սպանում են ոչ միայն իրենց մրցակիցներին, եւ սեփական ընտրությամբ, այլ նաեւ պատվերով։ Ավելորդ չի լինի, եթե նշեմ, որ այդ զոհերից էին Վարդգես Պետրոսյանը, Համբարձում Ղանդիլյանը, Համբարձում Գալստյանը, Մոնթե Մելքոնյանը, Մարիուս Յուզբաշյանը, դատախազ Հենրի Խաչատրյանը եւ Վահրամ Խորխոռունին։ Վերջինս մաֆիային ձեռնտու չէր։ Դժվար չէ մարդասպանին գտնելը։ Կան այնպիսի դեպքեր, որ ձեռագիրը նույնն է։ Պնդում եմ, ամենեւին դժվար չէ բացահայտել, ավելին, պիտի ասեմ, որ ՆԳ նախարարությանը արդարադատությանը եւ հանրապետության դատախազությանը պատիվ չի բերի, եթե չբացահայտվի դյուրին եւ պարզ գործը։ Ո՞վ է մարդասպանը… ինչպե՞ս կարելի է թոզ փչել կամ քամի սարքել։

Էլ ինչո՞ւ են պաշտոններ զբաղեցրել, եթե պիտի միայն բազկաթոռում ճոճվեն կամ հեռախոսով ճշգրտումներ կատարեն։ Այսօր հանրապետությունը գտնվում է այն վիճակում, որ նույնիսկ հետախուզման մեջ գտնվողն է աչք դնում պրեզիդենտական աթոռին։ Դեմոկրատիան սխալ հասկացվեց Հայաստանում։ Քրեական հանցագործը՝ հրամանատար, ընտանիքը լքող սրիկան գործ ունի զենքի ու զորքի հետ։ Այդ դեպքում գուցե ճիշտ կլինի, եթե մեր սպարապետներին եւ հրամանատարներին ընտրենք կալանավայրերից, նրանք ոչ պակաս ռիսկ, մեծ կամք եւ տրամաբանություն ունեն։ Քանի որ խելոքները խանգարում էին, քաղաքական ազդեցիկ գործիչները մահվան դատավճիռը կայացրին եւ հրամայեցին՝ վերացնել։

Մեծ մաֆիան սպանեց ոչ միայն գլխավոր դատախազին, այլեւ մաֆիայի բազմաթիվ գաղտնիքները պահողին։ Եթե հայտնաբերվի մարդասպանը, ապա ո՞վ պետք է մեղադրի նրան։ Իշխանությո՞ւնը, բայց չէ՞ որ ինքը կապված է դրանց հետ եւ այդ պատճառով էլ չի ուզում մեղադրել ինքն իրեն եւ չի ուզում մեղավոր փնտրել ու կարճ է կապում, չկա երրորդ անձը՝ դրանով վերջացած է գործը։ Իշխանության գլուխ կանգնած են բուրժուական կառավարողներն՝ իրենց վարչական ապարատով, որն իր նպատակների համար օգտագործում է կազմակերպված հանցագործությունը։

Մաֆիան գործում է որպես հանցագործ, սակայն նա ոչ մի ընդհանուր բան չունի սովորական քրեական հանցագործի կամ գողի հետ։ Եթե նրան վիրավորեն, նա չի դիմի դատարան, որովհետեւ դրանով իսկ կհաստատի իր անզորությունը եւ կխախտի սկզբունքը։ Նա ցանկանում է իշխել առանց արյունի ու զոհի, իսկ եթե որեւէ մեկը ներխուժում է այդ ոլորտը, այնժամ որոտում է մանր կոտորակով լիցքավորված ինքնատիպ կարճափող ատրճանակը։ Կարգին մարդու դիմակի տակ թաքնված, նրանք բազում հանցանքներ են գործում եւ խախտում օրինականությունը։ Նրանց իսկական ուժը լեգալությունն է, օրինականության թվացյալ պահպանումը։

Այսօր տասնյակ-հարյուրավոր երեխաներ, հնարավորություն չունենալով հաճախելու սպորտային համալիրներ կամ խաղահրապարակներ, համալրում են հանցագործ մեծահասակների ավազակախմբերը։ Այսօր իշխանության գլուխ անցած երեւելի անձնավորությունները դեռեւս մի քանի տարի առաջ չունենալով քոռ գրոշներ, 1988-89 թվականից հետո դարձան բարերի, կազինոների, բանկերի, զբոսանավերի եւ թանկարժեք քարերի արտադրամասերի սեփականատերեր։

Հայաստանում հանցագործ աշխարհն է ընտրում քաղաքագլուխներ, դատավորներ ու ոստիկանապետեր, էլ չեմ խոսում շուկաների եւ տոնավաճառների մասին։

Վերջին ժամանակներս մաֆիայի կատարած հանցագործությունները հաստատում են այն, որ այժմ ավելի համարձակորեն ու դիպուկ են նշան բռնում, քան առաջ։

Իմ կարծիքով, նրանք ստեղծել են արդեն կայուն մի պետություն՝ պետության ներսում։

Սովորաբար, ով պատվիրում է՝ նա էլ վճարում է, իսկ ո՞վ էր պատվիրել նշված ու չնշված սպանությունները. գուցե նա, ով խոստանում է վճարել 100 հազար դոլար։

ԹԵՐԵԶԱ ԱՍԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031