Լրահոս
Օրվա լրահոսը

Ձվերը միայն վատ պարողին չէ, որ խանգարում են

Մարտ 16,1999 00:00
zu

Դրանում համոզվելու կարիք էլ չկա։ Եվ ընդհանրապես մեր ամեն ինչն է ուրիշ, սկսած թթվասերից, վերջացրած ծխախոտով։ Բայց, չգիտես ինչու, մերն ուրիշ լինելով հանդերձ, ապրանքատեսակների մի որոշ խմբաքանակ եւ հատկապես սննդատեսականին ներմուծում ենք Թուրքիայից եւ Պարսկաստանից։

Այսօրվա դրությամբ Թուրքիան եվրոպական պետություններ սննդամթերք չի կարող արտահանել։ Նաեւ որակի պատճառով։ Եվ Թուրքիան սննդատեսականու մի որոշ մասը ջրի գնով առաջարկել եւ առաջարկում է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի գործարարներին։

Հարեւան երկրներից Հայաստան է ներկրվել մեծ քանակությամբ ձու (ցավոք, չեմ կարող նշել թվեր – Ա. Լ.), որը առնվազն 15-30 օրվա վաղեմություն ունի։ Իսկ դա նշանակում է, որ հին է։

Ինքներս մեզ հարց տանք, արդյոք մայրաքաղաքի խանութներում, վաճառասրահներում եւ այլ առեւտրային օբյեկտներում վաճառվող ձվերը համապատասխանո՞ւմ են նշված ժամկետին, միանշանակ կարող ենք ասել՝ ոչ։

Հաճախ գնորդին պարզ չէ, թե այդ ձվերը քանի օր են «ճանապարհորդություն» անցել, քանի օր «հանգստացել» հայկական պահեստներում, քանի օր էլ արեւի ճառագայթների տակ արեւահարվելով, ի վերջո «տեղական ձու» պիտակով հասել գնորդին։

Հայ գործարարներից շատերը ներկրելով այս սննդատեսակը, չեն հասկանում մի բան, որ իրենց գրպանները լցվում են ժողովրդի առողջության հաշվին։

Դեռեւս անցած ամառ եղել է դեպք, որ Վրաստանն ու Ադրբեջանը արգելել են ձվի եւ թռչնի մսի ներկրումը, իսկ այդ նույն ժամանակաշրջանում այն Հայաստան էր ներմուծվում մեծ քանակությամբ։ Եվ գուցե դա եղավ պատճառը, որ այդ նույն ժամանակաշրջանում Հայաստանում գրանցվեցին թունավորման դեպքեր։

Ջրառատի եւ Լուսակերտի թռչնաբուծարանների իրացման բաժնի պետ Արամ Գրիգորյանը ինձ հետ համակարծիք եղավ վերը նշվածների վերաբերյալ եւ հայտնեց, որ այս առիթով պետք է ահազանգ հնչեցնել։ Նմանատիպ մի փորձ եղավ 1998 թ., երբ Ջրառատի թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրենը մամուլով եւ հեռուստատեսությամբ բարձրացրեց այս հիմնահարցը։

Չեմ ցանկանում թռչնաբուծարանների աշխատանքը գովազդել, դրա կարիքն էլ չկա, միայն նշեմ, որ երկու թռչնաբուծարանները միասին բավարարում են Հայաստանի պահանջարկի 30%-ը։

Իսկ թե ո՞րն է տեղական ձվի առավելությունը, Ա. Գրիգորյանը պատասխանեց. «Թեկուզ այն, որ թարմ է»։

Ա. ԼԱՎՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031