Անգամ շրջափակման պարագայում որոշ ձեռնարկություններ ու գործարարներ շարունակում են զբաղվել տանել-բերելու գործով։ Երկիրը չի կարող ապրել առանց արտաքին առեւտրի։ Հետեւաբար, անընդհատ ինչ-որ բաներ են դուրս տարվում, ինչ-որ բաներ են ներս բերվում։
Տնտեսագետներն այդ տանել-բերելուն ապրանքաշրջանառություն են անվանում, տարածին արտահանում են ասում, բերածին՝ ներմուծում։ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի եւ լրատվության բաժինը կպած հաշվում է, թե ինչ ու ինչքան է դուրս ու ներս տարվում։ Հաշվում է ու հրապարակում։ Սա, իհարկե, տարօրինակ է, որովհետեւ նախկինում վիճակագրության նախարարությունն էր այդ գործով զբաղվում։ Հիմա, տնտեսության (ասել է, թե՛ էկոնոմիկայի զարգացման ծրագրերի, թե՛ ֆինանսների, թե՛ հարկերի հավաքման) պատասխանատուներն են այդ լուրջ գործն իրենց ուսերին վերցրել։ Վերցրել ու լուրջ-լուրջ տանում են։ Հո չէի՞ն կարող թողնել, որ վիճակագիրները սառն ու անտարբեր արտաքին ապրանքաշրջանառության կես տոկոսանոց անկում արձանագրեին նախորդ տարվա համեմատ։ Դրա համար «օբյեկտիվ» ու «հիմնավոր» պատճառներ պիտի գտնվեին։
Օրինակ, «1999 թ. սկզբից ՀՀ արտաքին առեւտրում տեղ գտած որոշակի կառուցվածքային կայուն միտում է արձանագրվել»։ Պետք է, չէ՞, ասել, որ սկզբից ամեն ինչ լավ էր՝ աղետը հետո է սկսվել։ Հարկավոր է, չէ՞, բոլորին բացատրել, որ աղետը տարերային բնույթ է ունեցել, մեր կառավարողներից անկախ է եղել, ինչպես, օրինակ, երկրաշարժը։ «Սակայն, երկրորդ կիսամյակի ընթացքում տեղի ունեցած ռուսական ճգնաժամն ազդեց ՀՀ տնտեսության բնականոն զարգացման ընթացքի վրա»։ Ուրեմն, մեր տնտեսությունը բնականոն զարգացման ընթացքի վրա լուրջ գործի էր, բայց ինչ-որ բան խանգարեց։ Որ խանգարող չէր եղել, է՜, Նազարի նման մի-մի քարվան կտրել էինք, բերել, տուն ու տեղ լցրել, բոլ-բոլ ապրել։ Չստացվեց։ Ուրիշի մեղքով (ու ճգնաժամով), չստացվեց։
Արդյունքում՝ կրճատվեց արտահանումը (մոտ 4 տոկոսով)։ «Սույն միտումը գլխավորապես պայմանավորված է եղել մի շարք ապրանքների արտահանման ծավալների անկմամբ, մասնավորապես, պատրաստի սննդի ապրանքների (հիմնականում՝ կոնյակ) 31,7 տոկոսով, ոչ թանկարժեք մետաղների (գլխավորապես՝ մետաղի ջարդոն) 30 տոկոսով, քիմիայի եւ դրա հետ կապված արդյունաբերական ճյուղերի արտադրանքի 49,8 տոկոսով»։ Ինչ վերաբերում է կոնյակի արտահանման ծավալների կրճատմանը, պետք է հիշել, որ կառավարությանը մի քանի ամիս ամենամեղմ բնորոշմամբ խնդրում էին կոնյակի գործարանը չսեփականաշնորհել։ Ոչ թանկարժեք մետաղների արտահանումն էլ մի օր էլ կրճատվելու էր (Հայաստանում երկաթի հանքեր չկան)։ Իսկ քիմիական արդյունաբերությունը լուրջ էներգատար ճյուղ է։ Էլեկտրաէներգիան մի գլուխ թանկացնելով, դժվար չէր գլխի ընկնել, որ արդյունաբերության ծավալները կկրճատվեն։
Կարդացեք նաև
Այս ամենին զուգահեռ՝ ներմուծումը, նախորդ տարվա համեմատ, աճել է 0,4 տոկոսով։ Ներմուծման կառուցվածքը հիմնականում նույնն է մնացել։ 1/3-րդը կազմում է սննդամթերքը, 1/5-րդից ավելը՝ էներգակիրները։
Այս ամենին զուգահեռ վերոհիշյալ՝ ֆինանսների եւ այլն, նախարարությունն արձանագրել է, որ արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 119 մլն 100 հազար դոլար։ Դրանից արտահանումը 232,4 մլն է, ներմուծումը՝ 895,7 մլն դոլար։ Այսինքն, տանել-բերելու գործն անխափան ապահովելու համար, Հայաստանից անցած տարի արտահանվել է 672,3 մլն դոլար «նաղդ» փող։ Սա ապահովելը շատ լուրջ խնդիր է։ Տանել-բերելու գործով զբաղվող գործարարների գործը Հայաստանում դժվար է։ Աշխարհի բոլոր ծակուծուկերում ընթացող ճգնաժամերն ազդում են ներքին գնողունակության վրա։ Այս վիճակում 1 մլրդ դոլարը գերազանցող ապրանքաշրջանառությունն ապահովելն իսկապես ամեն մեկի խելքի բանը չէ։ Արվեստագետներին վայել՝ ի վերուստ տրված շնորհ է պետք այս գործն ապսպրելու համար։ Եվ, իսկապես, արտաքին առեւտուրը, դատելով գանձված հարկերից ու մաքսերից, արվեստի գործ է։ Մյուս կողմից՝ նույն հարկերի ու մաքսերի մուծման չափը հաշվի առնելով, պարտավոր ենք ասել, որ այդ գործը փինաչու մակարդակ ունեցող արհեստավորի գործ է։
ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ