Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԽՈՐՏԱԿԵԼԻՆԵՐ

Մարտ 16,1999 00:00
xortakvel

Նոր ընտրությունները անխուսափելիորեն մոտենում են, եւ ամեն մեկիս համար հետաքրքիր է դառնում, թե ովքե՞ր են այս անգամ դառնալու ժողովրդի ընտրյալներ, եւ ինչպե՞ս են ներկայացնելու ժողովրդի ընդհանրական կարծիքը խորհրդարանում: Ցավոք, նախորդ երկու փորձերը ցույց են տալիս, որ հուսադրող քիչ բան կարող է տեղի ունենալ: Ընդամենը հետադարձ հայացք է պետք նետել նախկին ընտրությունների ցուցակին, եւ շատ բան միանգամից պարզ կդառնա: Օրինակ, եթե ձեռքի տակ ունեք 1995 թ. ԱԺ ընտրությունների «հանրապետություն» միավորման համամասնական ցուցակը, առանց կողմնակի օգնության, կնկատեք, որ գործող անձանց ճնշող մեծամասնությունը այսօր էլ լողում է ջրի երեսին եւ ոչ մի ցանկություն չունի դիրքերը զիջելու:

Եթե դեռ հիշում եք, 190 աթոռ ունեցող ԱԺ-ի ընտրություններին մասնակցելու համար ՀՀՇ-ն ներկայացրեց 222 հոգուց կազմված ցուցակ, եւ դրա 200-րդ տեղի համար կատաղի պայքար էր գնում: Այն ժամանակ հարցը գուցե տեղին էր, հիմա ակնհայտ է պատասխանը: Նրանց անհրաժեշտ էր տեղ գրավել, պաշտոնն արդեն առած էր: Հիմա պատմությունը կրկնվում է, չնայած, ոմանց չօգնեց նույնիսկ հերթական գունափոխումը: Օրինակ՝ երկրապահ մարզպետներ Պավլիկ Ասատրյանին կամ Ռուդիկ Ղուկասյանին: Սրանք ակնհայտ երեւացողներն են, իսկ որքանն են կաշին փոխում նվազ երեւելի պաշտոններում:

Մեկ այլ հարց է գործադիր օղակի հայտնի դեմքերի ցուցակը: Այսօրվա կառավարությունում նրանք զգալի թիվ են կազմում եւ խիստ նկատելի ազդեցություն ունեն: Հիշենք այդ մարդկանց: ՀՀՇ 1995 թ. ցուցակներում էին ներկայիս վարչապետ Արմեն Դարբինյանը /106/, բազմապրոֆիլ նախարար Գագիկ Մարտիրոսյանը /34/, դեսպան Գագիկ Շահբազյանը /35/, ֆինանսիստ եւ նույնպես դեսպան Լեւոն Բարխուդարյանը /37/, նախարար Վահրամ Մարտիրոսյանը /118/: Ցուցակը կարելի է շարունակել, բայց արժե՞: Թվարկված բոլոր պաշտոնյաների անունները այս կամ այն չափով հնչում են վարկերի օգտագործման ստուգման ժամանակավոր հանձնաժողովում: Սակայն նրանք, ինչպես ասում են, միշտ եղել են, կան, ու դեռ կլինեն: Այս անգամ արդեն՝ երկրապահի կերպարանքով: Ու նույն թեթեւությամբ այս նավն էլ կլքեն: Не впервой.

ՀԵՆՐԻԽ ԳՐԻԳՈՐՅԱՆ,

փիլ. գիտ. թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031