Լրահոս
Օրվա լրահոսը

Ապազգային ուժերի դեմ

Մարտ 16,1999 00:00
sim

Շաբաթ օրը տեղի ունեցած ՍԻՄ-ի կոնֆերանսում ընդունվել է միության ընտրական պլատֆորմը, որի առաջին բաժնում ասված է.

«Սահմանադրական իրավունք» միությունը՝

– արձանագրելով համազգային ջանքերի գնով եւ վարչակարգի դիմադրությունը հաղթահարելու ճանապարհով ձեռք բերված պատմական նվաճումները եւ դրանց խորացման անհրաժեշտությունը,

– վերահաստատելով իր հավատարմությունը երկրի քաղաքական եւ տնտեսական ազատականացման, ազգային-ժողովրդավարական հանրապետություն կայացնելու, Արցախի հարցի խաղաղ, միջազգային իրավունքի ազգերի ազատ ինքնորոշման եւ միավորման նորմերին համապատասխան կարգավորելու գաղափարներին,

– հանուն ազգային եւ քաղաքացիական համաձայնության վերականգնման նախորդ իշխանությունների վարած քաղաքական ուղեգիծը գնահատում է որպես ապազգային գաղափարախոսության եւ հակաժողովրդական, հանցավոր գործելակերպի կիրառմամբ իրականացված, երկրի պետական, քաղաքական, տնտեսական եւ հասարակական համակարգերի քայքայմանը միտված քաղաքականություն։

Այդ քաղաքականությունը ծրագրող, նախաձեռնող եւ միտումնավոր իրագործողներին որակում է որպես արտաքին եւ ներքին ապազգային ուժերի հետ գործարքի մեջ մտած վարչակարգ ստեղծողների, պահանջում է օրենքի ուժով նրանց դատապարտումը եւ հանրապետությանը հասցված նյութական ու բարոյական վնասի հատուցումը։

1998-ի սկզբին ՀՀՇ-ական վարչախումբը պաշտոնանկ արվեց, տեղի ունեցան արտահերթ նախագահական ընտրություններ։ Իշխանության համակարգի ձեւավորումը շարունակվում է՝ առջեւում են խորհրդարանական ընտրությունները եւ Սահմանադրության վերանայումը։ Սկսված իշխանափոխության գործընթացը նախադրյալներ է ստեղծել իրավիճակի շտկման համար։

Հասարակությունն ու իշխանությունները այսօր էլ չեն ազատվել նախորդ վարչակարգի օրոք ձեւավորված բացասական երեւույթներից ու դրանց իներցիայից։ Եվ այդ ամենի քաղաքական, բարոյական եւ իրավական սկզբունքային գնահատական տալու, կատարածի համար նախորդ իշխանությունների եւ նրանց սատարող քաղաքական ուժերի պատասխանատվության չափը պարզելու, կատարված հանցագործությունների համար օրինական պատիժ սահմանելու դեպքում միայն կամրանա հավատը եւ հույսը ներկայիս իշխանությունների, նրանց ուղեգծի եւ ծրագրերի նկատմամբ։

Այս առումով կարեւորվում է նորընտիր Ազգային ժողովի պատգամավորների անձնական հատկանիշները, շրջապատը, գայթակղություններին չտրվելու, ներքին զսպվածության եւ լիազորությունները չչարաշահելու նրանց կարողությունն ու ընդունակությունը։

Այսօր պետության եւ հասարակության առջեւ ծառացած եւ լուծում պահանջող խնդիրներն են՝

-Արցախի հարցի միջազգային կարգավորումն ու դրա հետ կապված՝ ժողովրդի համար շատ կարեւոր խաղաղության եւ տարածաշրջանային կայունության ապահովումը.

-նախորդ վարչախմբի ներդրած եւ ներկայումս շարունակվող անպատժելիության, հովանավորչության եւ անսահման սանձազերծության մթնոլորտի բեկումնային փոփոխությունը.

-օրենքների ոտնահարման եւ միակողմանի կիրառման, պաշտոնի չարաշահման, կաշառակերության եւ կոռուպցիայի ճանապարհով ավանդներն ուրանալու, դրամափոխանակության, սեփականաշնորհման, օտարերկրյա օգնությունների եւ վարկերի յուրացման, վաշխառության արդյունքում հասարակության շերտերի ծայրահեղ բեւեռացման վերացումը.

-սոցիալապես ամենաանապահով շերտերի՝ թոշակառուների (հատկապես միայնակ), հաշմանդամների, վետերանների, աղետից տուժածների, զոհվածների ընտանիքների, որբ, ծնողազուրկ երեխաների սոցիալ-կենցաղային նվազագույն կարիքների՝ կարճ ժամկետներում բավարարումը.

-աշխատատեղերի վերականգնման, նորերի ստեղծման, աշխատունակ գործազուրկների վերապատրաստման եւ աշխատանքի տեղավորման պետական նպատակային ծրագրերի մշակումն ու իրականացումը.

-պետաիրավական, գիտաարտադրական, արդյունաբերական, գյուղատնտեսական, կրթական եւ մշակութային համակարգերի առողջացմանը, կազմակերպմանը եւ դրանց զարգացմանը միտված գործընթացների պլանավորումն ու իրագործումը.

-քաղաքական եւ քաղաքացիական ազատությունների վերականգնման եւ խորացման երաշխիքների ապահովումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031