Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՔԸ

Մարտ 16,1999 00:00

ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՔԸ Քանի որ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին մամլո ասուլիսում շատ կարեւոր խնդիրներ արծարծեց՝ հիմքում ունենալով առաջիկա խորհրդարանական ընտրությունները, ինչպես նաեւ խոստացավ այդ հարցերին այլեւս չանդրադառնալ, նպատակահարմար համարեցինք ներկայացնել խորհրդարանական խմբերի ու խմբակցությունների ներկայացուցիչների տեսակետները նրա արտահայտած մտքերի վերաբերյալ։ Վիգեն Խաչատրյան, ԼԴԿ նախագահ.- Ըստ էության, պետության ղեկավարի պաշտոնում աշխատող մարդը հրահանգ տվեց, թե հանգիստ կարելի է խախտումներ անել՝ ով ինչ կարող է, թող անի։ Հիմնավորեմ ասածս՝ ամենակարեւորն այն է, որ նա հայտարարեց, թե ինքը խորհրդարանական ազատ եւ արդար ընտրությունների երաշխավորը չի լինելու եւ զրկված է այդ լծակներից։ Նա ասաց՝ դատական իշխանությունն անկախ է, եւ քաղաքական իշխանությունը որեւէ ազդեցություն չունի նրա վրա՝ հանգիստ եղեք, դատավորներն արդարամտորեն կանդրադառնան բոլոր բողոքներին։ Խիստ կասկածում եմ եւ զարմանում եմ, որ նախագահն այսօր չի հասկանում՝ ինքը պետք է հետեւի, որ այդ դատական իշխանությունն իրեն դրսեւորի անկողմնակալորեն։ Երկրորդը՝ նա հայտարարում է, որ գործատուներին այլեւս չի կարելի համարել պետություն, ուստի՝ հնարավոր չէ ազդել նրանց վրա՝ վերջիններս ազատ են իրենց գործողություններում։ Նա մոռանում է, որ այդ բոլոր գործատուները հլու-հնազանդ կատարում են ուժային կառույցների բոլոր հրահանգները։ Նա չասաց, թե պատասխանատվություն է ստանձնելու, որպեսզի գործատուների վրա ազդեցություններ չլինեն։ Նա հայտարարեց նաեւ, թե իշխանությունն անցել է տեղական մարմիններին, ավելի շատ ինքնակառավարման մարմիններին ու իբր նրանք արդեն անկախացել են։ Ինքն էլ լավ գիտե, որ տեղական ինքնակառավարման մարմիններն այս ընտրական օրենսգրքով մասնակցելու են ընտրություններին եւ ամեն ինչ ուղղելու են դեպի իրենց։ Այստեղ էլ նա խուսափեց երաշխավորի դեր ստանձնել։ Նա ասաց նաեւ, թե մամուլն անկախ է այսօր, կա 21 հեռուստաընկերություն։ Պետական քարոզչության մեքենան նախագահական ընտրությունների ժամանակ վերածվել էր մեկ դերասանի թատրոնի՝ Ռոբերտ Քոչարյանի շուրջ։ Հիմա էլ այսպես կոչված անկախ մամուլը, իսկ մենք ակնհայտորեն տեսնում ենք, թե ում են ծառայում «Արմենիա», «Ար», «Այգ» եւ ազգային հեռուստատեսությունները, այդ քողի տակ սեփական մամուլի դեր են կատարում։ Ըստ էության, նախագահն իր այդ ելույթով մեր ժողովրդին ձեռ առավ, ծիծաղեց բոլորի վրա, ոչ ոք չի հավատում նրա ասածներին։ Շատ տխուր է, որ պետության ղեկավարը չի հասկանում կամ չի ուզում տեսնել, թե ինչ է մտածում ժողովուրդը։ Օրիգինալ մի նոր բան էլ իմացանք՝ մենք սովոր ենք, որ կլիզմայից, մարմնի հետեւի եւ ներքեւի մասից խոսեն, հիմա էլ ակնարկվեց, թե ինչն է խանգարում վատ պարողին։ Սա արդեն զավեշտական է։ Մենք աստիճանաբար մեր նախագահից պետք է իմանանք, թե ինչ մասերից է բաղկացած մարդու մարմինը։ Բայց այդ մարմինը մի կարեւոր մաս ունի՝ գլուխ է կոչվում եւ ուղեղ։ Նա պետք է իմանա, որ բոլորն այդ ուղեղն ունեն, եւ միամիտ կեցվածքով բոլորին միամտացնել չի կարելի։ Պետության ղեկավարն, ըստ էության, հրահանգ տվեց՝ ով ինչպես կարող է, թող խախտի ընտրարշավի կանոնները։ Կարապետ Ռուբինյան, ԱԺ նախկին փոխխոսնակ.- Իմ տպավորությամբ, ոչինչ չասող ֆրազներ էին ուղղակի։ Հաշվի առնելով պարոն Քոչարյանի ընտրության պատմությունը, կարծում եմ, որ այդ խոսքերը որեւէ վստահություն ներշնչել չեն կարող, որեւէ հիմք չկա նրա խոսքերին հավատալու։ Իհարկե, օրինականորեն ընտրված նախագահը պետք է երաշխավորի օրենքների գերակայությունը երկրում։ Ես հիմա ավելի շատ մտածում եմ, թե ինչ արժանիքներ են պետք լավ նախագահ լինելու համար։ Համենայնդեպս, պարարվեստը չէ կարեւորը։ Անդրանիկ Մարգարյան, ՀՀԿ նախագահ.- Իմ տպավորությունը դրական է։ Թաղային հեղինակությունների հարցում նա շատ ճիշտ մոտեցում ցուցաբերեց։ Այո՛, համաձայն եմ, որ կուսակցությունները պետք է շահախնդիր մոտեցում ունենան, որպեսզի ապագա Ազգային ժողովին նման մեղադրանքներ հասցեագրելու առիթ չտրվի։ Իմ կարծիքով, նախագահի խոսքը բովանդակում էր ընտրությունների ազատ եւ արդար լինելու երաշխիքներ։ Շավարշ Քոչարյան, ԱԺՄ վարչության անդամ.- Նրա խոսքի ո՛չ ոճը, եւ ո՛չ էլ բովանդակությունը պաշտոնյայի վայել չէին։ Ընտրությունների ազատ եւ արդար լինելը խոսքով չէ, որ պետք է երաշխավորել՝ դրա երաշխիքը գործն է։ Ընտրություններն առջեւում են, կյանքը ցույց կտա՝ եթե կա շահագրգռվածություն, ապա այդ ուղղությամբ քայլեր կկատարվեն, ջանքեր կգործադրվեն։ Մտահոգիչն այն է, որ անընդհատ փորձ է արվում գնահատականներ տալ՝ զորօրինակ՝ այս հասարակությունը փչացած է, կաշառվում է, բարոյալքվում է, իբր թե բոլոր երկրներում է այդպես։ Այդ բոլորը խիստ անընդունելի են, որովհետեւ յուրաքանչյուր մարդ, ով ցանկություն ունի զբաղվել քաղաքականությամբ՝ եթե չունի հավատ սեփական ժողովրդի նկատմամբ, եթե տեսնում է բացառապես սեփական ժողովրդի բացասական կողմերը, ապա քաղաքականության մեջ ուղղակի գործ չունի։ Ես արձանագրում եմ, որ մենք հայտնվել ենք մի վիճակում, երբ բարձրաստիճան պաշտոնյան իր ելույթի ե՛ւ բովանդակությամբ, ե՛ւ ոճով չի համապատասխանում այդ պաշտոնին։ Դիմեցինք նաեւ «Օրինաց երկիր» կուսակցության եւ ՀԿԿ-ի ներկայացուցիչներին, սակայն նրանք նախագահի խոսքի տեսագրությունը չէին դիտել։ Փոխարենը՝ կոմունիստները ներկայացրին դրանից մի քանի օր առաջ նախագահի հետ իրենց հանդիպման ընթացքը, որի մասին կպատմենք «Առավոտի» հաջորդ համարում։ Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել