Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրինաց երկիրն» իրոք նոր «Շամիրա՞մն» է

Մարտ 16,1999 00:00
Hmayak Hovhannisyan

«Մենք այնքան մտահոգված չենք Հայաստանի հանրապետական կուսակցության գործունեությամբ եւ հնարավոր ազդեցությամբ ընտրությունների արդյունքների վրա՝ որպես, այնուամենայնիվ, իշխանամետ կուսակցության, որքան, այսպես կոչված, «Օրինաց երկիր» կուսակցության ծավալած բուռն գործունեությամբ։

Քանզի Հանրապետական կուսակցության դեպքում մի դրական բան կա. պաշտպանության նախարարը հստակ ու միանշանակ հայտարարել է, որ ինքն այդ շարժման առաջնորդն է,- ասաց Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար Հմայակ Հովհաննիսյանը։-Սա բացահայտ է, քարտերը բաց։ Այլ դեպք է «Օրինաց երկիրը». մյուս՝ ուժային նախարարը նույն հաջողությամբ հովանավորում է այդ կուսակցությանը։ Մենք փաստեր ունենք։ Օրինակ, Արտաշատ քաղաքում եւ հարակից գյուղերում՝ Նորաշեն, Աբովյան եւ այլն՝ անձնագրերը հավաքում են այդ կուսակցության ակտիվիստները, որոնք սերտորեն համագործակցում են ՆԳ աշխատակիցների, ՆԳ տեղական բաժանմունքների հետ։

Նույնը Էջմիածնում էլ է տեղի ունենում, բայց այնտեղ Ճոյտ մականունով մի հեղինակության՝ Հակոբ Հակոբյանի միջնորդությամբ է դա արվում։ Էջմիածնի Զվարթնոց թաղամասում նորից սոլյարկա են բաժանում՝ անձնագրեր հավաքում։ Էլի նույն ձեռագիրն է՝ ինչպես եւ 1998-ին։ Մենք մտահոգված ենք այս փաստերով եւ այս ամենը մեզ տագնապ է ներշնչում»։

Բնականաբար, այս բոլոր փաստերը մեկնաբանելու խնդրանքով դիմեցինք նաեւ «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանին. «Ես հոգնել եմ արդեն նման հայտարարությունները մեկնաբանելուց։ Դա զազրախոսությո՛ւն է։ Զրպարտությո՛ւն։ Սո՛ւտ։ Հերյուրա՛նք։ Մենք Էջմիածնում նույնիսկ կազմակերպություն չունենք։ Արտաշատում ունենք կազմակերպություն եւ եթե իրենք մտահոգ են, որ այնտեղ ուժեղ կազմակերպություն կա՝ դա Հմայակ Հովհաննիսյանի անձնական խնդիրն է։ Ամեն դեպքում, մենք քաղաքական ուժերին վարկաբեկելով վարկանիշ ձեռք չենք բերում։ Այսօր «Օրինաց երկրում» 21 հազար կուսակցական կա։ Բոլոր լրագրողներին մի օր հավաքելու եմ, Ձեզ էլ եմ հրավիրում եւ պրն Հովհաննիսյանին նույնպես՝ եկեք ծանոթացեք, ըստ տարածքային կազմակերպությունների, կոնկրետ գործերով, անձնական հաշվառման թերթիկներով։

Նման լուրերը չեն համապատասխանում իրականությանը եւ մի կեղտոտ նպատակ են հետապնդում, որ փորձեն ընտրություններից առաջ ավելորդ լարվածություն սերմանել մեր եւ ՆԳ եւ ԱԱ մարմինների միջեւ։ Եթե պրն Հովհաննիսյանը փաստեր ունի՝ թող հրապարակի։ Բայց, քանի որ այս երկրում անպատասխանատվության տեղապտույտ եւ մթնոլորտ է՝ բոլորը փորձում են զազրախոսությունների միջոցով միավորներ հավաքել։ Անընդունելի գործելակերպ է՝ մանավանդ գիտնականի, մտավորականի համար։

Մենք որեւէ տեղ սոլյարկա չենք բաժանել եւ, չգիտեմ, Հմայակ Հովհաննիսյանի երեւակայությունը չափազանց մեծ է։ Կարծում ենք, որ սոլյարկա եւ բրինձ բաժանող կուսակցությունն առաջին հերթին իրեն է վարկաբեկում։ Մենք անձնագիր չենք հավաքել եւ ինքներս ենք մտահոգված։ Եվ հիմա պատգամավորների ստորագրահավաք ենք նախաձեռնելու՝ դիմելու կառավարությանն ու ՆԳ եւ ԱԱ նախարարությանը, որ անձնագրերի հավաքման գործընթացը դադարեցվի։ Ես չգիտեմ, որտեղ է հավաքվում եւ ինչու, համենայնդեպս, դա զրպարտություն է։ Օրինակ ես, երբեք ինձ թույլ չեմ տա նման անհիմն փաստեր հրապարակել։ Լա՞վ կլինի, որ մենք էլ հայտարարենք, թե Հմայակ Հովհաննիսյանն Ապարանի գյուղերում շաքարավազ ու կարագ է բաժանում, երբ որ մենք նման տվյալներ չունենք։ Չգիտեմ, թե որտեղից են այդ լուրերը՝ թող որոշակի անուններ նշեն, ասեն, որ այս գյուղում այս մարդու անձնագիրը ՆԳ աշխատակցի միջոցով վերցրել ենք»։

Հավելյալ պարզաբանումների համար հեռախոսով դիմեցինք Հմայակ Հովհաննիսյանին։ Նա նշեց, թե իր պնդումները հիմնված են ՀԺԿ-ի տարածքային կազմակերպություններից ստացված տեղեկությունների վրա։ Ընդ որում, դրանց թիվն ավելանում է։ Էջմիածնի վերաբերյալ ասվածն առավել վերաբերում էր Ճոյտ Հակոբի գործունեությանը, իսկ Արտաշատում եւ այլուր «Օրինաց երկիրն» իսկապես սոլյարկա, զուգագուլպա եւ այլ «բարիքներ» է բաշխում։ Անձնագրերի հավաքումն արդարացվում է հները նորերով փոխարինելու անհրաժեշտությամբ, բայց չի գանձվում նման դեպքերի համար նախատեսված վճարը։

Նման փաստերն առավել որոշակի՝ անուն-ազգանուններով եւ այլ տվյալներով հրապարակելու համար պրն Հովհաննիսյանն առաջարկեց ՀԺԿ տարածքային կազմակերպությունների մի քանի ղեկավարների դիմել, որը առաջիկայում եւ անպայման կիրականացնենք։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031