Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԻՆՉՈՒ Է ՀԵՌԱՆՈՒՄ ԱԼԲԵՐՏ ԲԱԶԵՅԱՆԸ

Մարտ 16,1999 00:00
Albert Bazeyan

Թեպետ ընթացիկ նստաշրջանում ԱԺ-ում բավականին հետաքրքիր ընթացքներ գոյություն ունեն՝ մանավանդ «Երկրապահ» պատգամավորական խմբի վերահսկողությունից խորհրդարանական որոշ գործընթացների դուրս մնալու առումով, սակայն, այսօրվա մեր զրույցն այդ խմբի նախագահ, ԱԺ փոխխոսնակ Ալբերտ Բազեյանի հետ հիմքում ուներ միանգամայն այլ երկու հարցադրում։

Քանի որ դրանք միմյանց սերտորեն առնչվում են՝ սկսենք մասնավոր հարցադրումից՝ գնալով դեպի ընդհանուրը։

Ուրեմն՝ առաջին հերթին այն մասին, թե ինչու Ալբերտ Բազեյանը մտադիր չէ այլեւս առաջադրվել պատգամավորության թեկնածու։

Դրա համար նա ներկայացնում է շատ հիմնավոր պատճառաբանություն. երկար տարիներ աշխատելով ԵԿՄ-ում, հիմնականում զբաղվել է ազատամարտիկների, զոհվածների, հաշմանդամների իրավական, սոցիալական խնդիրների լուծմամբ եւ հիմա, երբ ինքը պետական բարձր պաշտոն է զբաղեցնում, բնականորեն ակնկալիքներն իրենից շատ ավելի մեծ են։ Սակայն, ինչպես ընդգծեց Ալբերտ Բազեյանը, օրենսդրական կառույցն այն մարմինը չէ, որը կարողանա կենցաղային հարցեր լուծել, աշխատանքի տեղավորել, բնակարան հատկացնել, բուժման ծախսեր հոգալ եւ այլն։ Դրանով հանդերձ, մարդկանց հոսքն ավելի է մեծացել եւ այս առումով Ալբերտ Բազեյանը ցավով է արձանագրում, որ իրեն չի հաջողվում լիարժեք օգնություն ցույց տալ. «Ես ինքս գուցե թե արդեն բազմաթիվ պաշտոնյաների զզվեցրել եմ՝ իմ միջնորդություններով, դիմումներով։ Երբեմն, ցավոք, այս խնդիրներն անձնավորվում են»։

ԱԺ պատգամավոր չդառնալու միտումն ունի այլ կողմ եւս. կարճատեւ է այն ընթացքը, երբ ինքը Ալբերտ Բազեյանը եւ իր համախոհները քաղաքականության մեջ են՝ հետեւաբար՝ ոչ այնքան փորձառու այդ գործում։ Մինչդեռ քաղաքականությունն ունի նաեւ բացասական դրսեւորումներ, ինտրիգներ եւ այլն, որոնց խտացման արդյունքն այսօր Հայաստանում արտապատկերվում է ոչ բարեհաճ ներքաղաքական մթնոլորտով։ Արձանագրելով, որ գրեթե յուրաքանչյուր պետական պաշտոնյա այսօր ընկալվում է իբրեւ բացասական կերպար, Ալբերտ Բազեյանն ասաց. «Մարդիկ պաշտոնյային դիտում են իբրեւ իրենց խանգարող, հացից, կենսապայմաններից, նորմալ վիճակից զրկող… Ես չեմ ուզում այդպիսի կարգավիճակ ունենալ»։

Իհարկե, սոցիալ-տնտեսական ներկա իրավիճակը, ինչպես նշեց Ալբերտ Բազեյանը, միայն իրենց գործունեությամբ չէ, որ առարկայացել է։ Խնդիրները կուտակվել են նախորդ տարիներից։ Սակայն, քանի որ իշխանափոխությունից հետո հույսերը մեծ էին, բայց, ըստ էության, մարդկանց վիճակը չի բարելավվել, ուստի. «այս առումով, գուցե թե ներքին բարդույթ ունեմ. շատ տհաճ է, երբ քաղաք ես դուրս գալիս, ու քեզ մատնացույց են անում, ենթադրելով, թե սա էլ մեկն է գռփող-ուտողներից»։

Հրաժարումի եւս մեկ փաստարկ ներկայացրեց Ալբերտ Բազեյանը։ Թեպետ դեռ եւս 3 ամիս կա մինչեւ խորհրդարանական ընտրությունները, սակայն մրցավազքն արդեն սկսվել է։ Տեղերն այս անգամ ավելի քիչ են, սակայն դա չի խանգարում, որ պատգամավորական տեղերի ձգտեն ինչպես ներկայիս խորհրդարանականներն, այնպես էլ նոր մարդիկ ելնեն ասպարեզ։ Այդ առումով, Ալբերտ Բազեյանի կատարելիք քայլը դաստիարակչական բնույթ ունի. «Ես ուզում եմ մարդկանց ապացուցել, որ այնքան էլ հաճելի չէ պետական պաշտոնյա, պատգամավոր լինելը՝ դա ավելի շատ պատասխանատվություն, քան հնարավորություններ է ենթադրում»։ Իր այս մտորումների արդյունքում էլ Ալբերտ Բազեյանը որոշել է, որ մեծամասնական ընտրակարգով հաստատապես չի առաջադրվելու, իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես առաջադրվելուն, ապա, ինչպես մեր զրուցակիցը փաստեց, դա միայն իր խնդիրը չէ՝ փետրվարյան իշխանափոխությունից հետո որոշակի նպատակների հետամուտ երկրապահների քաղաքականացված մասը ստանձնեց քաղաքական պատասխանատվություն, ու եթե հիմա Հանրապետական կուսակցության քաղաքական խորհուրդն Ալբերտ Բազեյանի առաջադրումը պարտադիր համարի, ինքը գուցե թե ընդգրկվի համամասնական ցուցակում, թեպետ նման ցանկություն չունի։

– Իսկ հնարավո՞ր է, որ Դուք, պարոն Բազեյան, տեղափոխվեք գործադիր իշխանություն, ստանձնելով պաշտպանության կամ սոցիալական ապահովության նախարարի պաշտոնը։ Դրա մասին, ի դեպ, արդեն խոսակցություններ կան։

– Ես ինքս որեւէ ձգտում չունեմ։ Գուցեեւ ինչ-որ առաջարկներ լինեն։ Բայց տրամադրված չեմ։

Իսկ եթե պետական պաշտոն զբաղեցնելու ցանկություն լիներ, ապա կարելի էր վերընտրվել ԱԺ պատգամավոր. «Բայց ասեմ, որ ունեմ լուրջ անձնական խնդիրներ եւ պրոբլեմներ՝ եւ առողջության առումով, ի վերջո, ես պատերազմի հաշմանդամ եմ, եւ ընտանեկան, սոցիալական առումով։ Գուցե թե փորձեմ հասարակական կարգով ԵԿՄ-ում աշխատելով, մի փոքր ավելի ազատ լինել։ Մեր ընկերներից, ազատամարտիկներից կան մարդիկ, որոնք գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում՝ տնտեսական եւ այլն։ Չի բացառվում, որ այդ բնագավառներում ես էլ փորձեմ հնարավորություններս»։

Այժմ անցնենք մեր երկրորդ հարցին, որը վերաբերում է Հանրապետականի ընտրացուցակին։ Այս հարցում Ալբերտ Բազեյանը եւս բազմախոս չէր։ Նա ներկայացրեց այն չափանիշները, որոնց հիմքի վրա էլ, պետք է վերջնական տեսքի բերվի այդ ցուցակը։ Առաջին հերթին, իհարկե, պետք է հնարավորություն տրվի քաղաքական գիտելիքներ ու փորձ ունեցող մարդկանց, «քանզի այդ կարգի անձանց երբեմն դժվար է լինելու մեծամասնական ընտրակարգով մրցակցելը»։

Ալբերտ Բազեյանն արձանագրեց նաեւ, որ, իհարկե, կան տարածքներում հարցեր լուծած մարդիկ, որոնց համար մեծամասնական ընտրատարածքներում ընտրվելն ավելի հեշտ կլինի, որովհետեւ «ժողովրդի սոցիալական վիճակը մարդկանց ստիպում է դրսեւորել սպառողական հոգեբանություն», որքան էլ փորձ արվի բացառել այդպիսի դրսեւորումները։

Այն, որ Վազգեն Սարգսյանը կարող է գլխավորել Հանրապետական կուսակցության ցուցակը, Ալբերտ Բազեյանը համարեց միանգամայն հնարավոր եւ տրամաբանական. «Եթե ընդունում ենք, որ նախարարը քաղաքական պաշտոն է, ապա այդ նա՛ պետք է ստանա որոշակի քաղաքական ուժի կամ ուժերի աջակցությունը։ Եվ եթե տվյալ նախարարը շատ լավ է աշխատում, ապա յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է շահագրգիռ լինի այդ նախարարին իր ցուցակում ընդգրկել։ Բացի այդ՝ կա այլ հանգամանք եւս. ԱԺ ընտրությունների արդյունքում կարող է խորհրդարանում այլ մեծամասնություն ձեւավորվել, որը կառավարության պաշտոնանկության խնդիր դնի, կամ՝ չընդունի նրա ծրագիրը։ Այդ դեպքում, այն նախարարները, որոնք չեն լինի կառավարությունում, որպես ընդդիմություն, ԱԺ աշխատանքներին մասնակցելու հնարավորություն կունենան»։

Իսկ վերջում էլ ասվեց, թե ցուցակի կազմավորման հարցում Հանրապետականի հին անդամների եւ երկրապահների միջեւ չկա որեւէ խնդիր։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031