Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԺ-ի կինդերսյուրպրիզը մենք ենք լինելու

Մարտ 16,1999 00:00
Sargis Asatryan

Այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի երիտասարդական կուսակցության (ՀԵԿ) նախագահ Սարգիս Ասատրյանը մարտի 15-ին «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ։

Հետո չասեք՝ Սաքոն եկավ գող-գող գնաց

«Երեւի թե մենք համակերպվել ենք այն մտքին, որ ՀԵԿ-ը զբաղեցնելու է խորհրդարանում մեծամասնություն։ Ձեզ էլ եմ խորհուրդ տալիս համակերպվել այս մտքին, որպեսզի ավելի թեթեւ ընդունեք սա, առանց անակնկալի լինի եւ հունիսի 2-ին չասեք՝ մենք չէինք կանխատեսել»,- սպառնաց երիտասարդ նախագահ Սարգիսը։ Ս. Ասատրյանն ասելիքը բաժանեց 2 թեմայի, նախ խոսեց ԱԺ առաջիկա ընտրություններում իրենց կուսակցության մասնակցության մասին, ապա՝ նախընտրական հիստերիայի հետեւանքների։

Հայաստանի Երիտասարդական կուսակցությունը ԱԺ ընտրություններին մասնակցելու է համաձայն կուսակցության կենտրոնական կոմիտեի որոշման եւ ըստ Ս. Ասատրյանի՝ որեւէ կուսակցության հետ դաշինք չի կազմելու։ Համամասնական ցուցակներով ներկայացվելու են 56 հոգի, իսկ մեծամասնականով՝ ոչ ավել, ոչ պակաս՝ 131 հոգի։ Առաջ ընկնելով ասեմ. իմ այն հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ ՀԵԿ-ի համամասնական ցուցակներում մեծ թիվ են կազմում էստրադային երգիչները՝ Ս. Ասատրյանը պատասխանեց. «Ի տարբերություն մի քանի այլ ցուցակների, մեր ցուցակում աստղեր, մանավանդ էստրադային-շոու աստղեր չեն լինելու։ Լինելու են մարդիկ, որոնք ԱԺ-ում աշխատելու են ըստ ոլորտների, ըստ հանձնաժողովների եւ իրենց լուրջ ներդրումն են կատարելու ե՛ւ օրենսդրական դաշտի մշակմանը, ե՛ւ քաղաքական մթնոլորտի առողջացմանը, ե՛ւ կայացմանը»։

Հիստերիկներին խնդրում եմ՝ չկարդալ

Այժմ Ս. Ասատրյանի ասած նախընտրական հիստերիայի արդյունքների մասին։ Ճիշտ է, Սարգիս Ասատրյանը երիտասարդ է, բայց գիտի, որ արդեն 300 տարի է՝ 2 կարեւորագույն սկզբունք է ընդունված ժողովրդավարական պետություններում։ Ըստ Սարգիսի, ընդդիմությունը համարում է. որքան պետությունում վատ է վիճակը, այնքան լավ է ընդդիմության համար, իսկ իշխանությունը, որքան էլ վատ լինի երկրի վիճակը՝ թույլ չի տալիս, որ ուրիշները գան իշխանության։ Սարգիս Ասատրյանը հայտարարեց, որ նախընտրական արշավում բոլոր կողմերը կփորձեն վերջնականապես վարկաբեկել միմյանց, եւ արդյունքում կստացվի վարկաբեկված երկիր, եւ ընտրություններից 2 օր հետո ժողովուրդը չի ընդունի ոչ ոքի, անգամ՝ ԶԼՄ-ներին։ Դա առաջին վտանգն էր։ Երկրորդ վտանգն, ըստ Սարգիսի, ընդհանուր հիասթափությունն ու արտահոսքն է լինելու։ Երրորդ վտանգն այն է, որ որոշ ուժերի ազդեցությամբ ընտրություններին մասնակցողները կհայտնվեն «այդ ուժերի ազդեցության ոլորտում» եւ շահագրգռված կլինեն Հայաստանը համարել ոչ ժողովրդավարական։ Համ էլ, ՀԵԿ-ը դեմ է դրսից տղա բերելու սկզբունքին, քանի որ հիմա իսկի «հայաթներում» տղա չեն բերում։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հ. Գ. Երբ Սարգիս Ասատրյանը սրահ մտավ. երիտասարդ, կարմիր փողկապով, երկնագույն վերնաշապիկով, «շուշա թրաշով», ափսոսեցի, որ 16 տարեկան չեմ, թե չէ անպայման կսիրահարվեի։ Է՜հ, ասում եմ՝ կսիրահարվեի, կընտրեի Սարգիսին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031