Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՐԵՎԷ ԲԱՆԻՑ ԽԵԼՔԸ ՉՀԱՍՆՈՂ ՊԱՌԼԱՄԵՆՏԸ»՝ ՊԱՇԱՐՎԱԾ

Մարտ 16,1999 00:00

Խորհրդարանի այս բնորոշումը մերը չէ, այլ Արշակ Սադոյանինը։ Իսկ խորհրդարանն իրոք պաշարված էր։

Եթե հիշում եք, Էդ. Եգորյանը, օրեր առաջ, Արշակ Սադոյանից «խլելով» թեմայի մենաշնորհը, հայտարարել էր, որ մարտի 15-ին ինքը պատրաստվում է խորհրդարանում հանդես գալ «Էլեկտրաէներգիայի սակագների սառեցման մասին» օրենքի նախագծով։ Առաջարկվում էր էլէներգիայի գները ետ տանել դեպի 1998-ի գները։ Հիշեցնեմ նաեւ, որ Էդվարդ Եգորյանը կոչ էր արել ժողովրդին՝ այդ օրը, այդ ժամին հավաքվել ԱԺ-ի դարպասների մոտ։ Ժողովուրդը իրոք հավաքվել էր, հիմնականում ծերեր, գործազուրկներ, սոցիալապես անապահովներ։ Մի քանի ժամ Բաղրամյան պողոտան փակ էր, ոստիկանները ջանք ու եռանդ չխնայելով պատրաստ էին պահպանել դարպասները ե՛ւ Բաղրամյանի, ե՛ւ Դեմիրճյանի կողմից։

Ժամը 14-ի սահմաններում Էդ. Եգորյանը փորձեց գնալ ժողովրդի մեջ, սակայն քաջությունը հերիքեց միայն ճաղաշարից այս կողմ կանգնած խոսել մարդկանց հետ։ Հետո էլ ոգեւորված բարձրացավ, թե՝ «տղերք, եկեք էս գործն անենք, սակագների հարցը լուծենք»։ Նիստը սկսվեց ու պատգամավորները զարմանալի զսպվածություն հանդես բերեցին։ Դարձյալ չդիմացողն Արշակ Սադոյանն էր, որը հիշեցրեց. «Բաղրամյան փողոցը փակված է, փաստորեն առաջարկվում է լուծման տարբերակ, բայց նախագահողները (խորհրդարանական նիստի- Մ. Ե.) հակված չեն հարցը լսել, որ գոնե մայրուղիներից մեկը բացվի»։ Նախագահողները (խորհրդարանական նիստի նախագահողները Յու. Բախշյանը եւ Ալբերտ Բազեյանն էին- Մ. Ե.) հետագայում կապացուցեն, որ «հակված են». քանի որ էլէներգիայի սակագնի վերաբերյալ արտահերթ նիստ կհրավիրվի։ Քվորումը կապահովվի մի կերպ, քանի որ դահլիճում առաջին հաշվառումից հետո 91 պատգամավոր կար, սակայն արտահերթ նիստ հրավիրելու համար քվեարկեցին 104 պատգամավոր, որից 99-ը՝ կողմ։ Հետագայում Դավիթ Շահնազարյանը դուրս կգա դահլիճից եւ կասի. «Էս անգամ էլ մենք սարքեցինք»։ Արտահերթ նիստը սկսվեց ժամը 18-ին։

«Առավոտ»-ի հարցերը Էդ. Եգորյանին

egoryan

– Ի՞նչ է սպասվում ժողովրդին, որը Ձեր կոչով է հավաքվել։

– Ես հույս ունեմ, որ ժողովրդին սպասվում են էժանացած սակագներ։

– Իսկ եթե ԱԺ-ն օրենքի նախագիծը չընդունի՞…

– Ծանր դեպք եք ասում, բայց նորից գտնում եմ՝ սա այն ծառայությունն է, որ բոլորիս տունն է մտնում, որին հնարավոր չի ուշադրություն չդարձնել, զարմանում եմ կառավարության պահվածքի վրա, որովհետեւ սոցիալական պայթյուն է։ Այսպես հանգիստ ամեն ինչի վրա կարող են աչք փակել այնպիսի նախարարներ, որոնք ամեն պահի պետք է Հայաստանից դուրս փախնեն։

– Ենթադրենք օրենքը չընդունվեց, դուրս գալո՞ւ եք ժողովրդի մեջ, ճաղերից այն կողմ, եւ ի՞նչ եք ասելու։

– Դուրս եմ գալու եւ ժողովրդին ասեմ, որ չընդունվեց, եւ անկեղծ ասած, ասելու եմ, ինչ պատգամավորների պատճառով չընդունվեց։

– Ձեր այս ամբողջ պահվածքը որակվում է որպես նախընտրական ժեստ։

– Ցանկացած պատգամավորի գործունեությունը, ընտրվելուց մինչեւ հաջորդ ընտրություն, նախընտրական գործունեություն է, եւ պատգամավորի պարտքն է հրապարակորեն ժողովրդին ցույց տալ, թե ինչպես է իր պարտականությունները կատարում։ … Ես այստեղ անհարմար բան չեմ տեսնում։

«Առավոտ»-ի հարցերը Վազգեն Մանուկյանին

Vazgen Manukyan

Խորհրդարանում երկրորդ անգամ երեւաց Վազգեն Մանուկյանը։ Նա առաջին անգամ խորհրդարան էր եկել դարձյալ սակագների քննարկման առիթով։ Վազգեն Մանուկյանին ուղղված հարցերից ներկայացնում ենք միայն մեր տված հարցերը։

– Պարոն Մանուկյան, Ձեր՝ խորհրդարանում հայտնվելը էլէներգիայի սակագների հե՞տ է կապված։

– Սա իսկապես ամենակարեւորագույն հարցն է։ Ես համաձայն եմ Եգորյան Էդիկի հետ, որ՝ երկու կարեւոր հարց կա։ Մեկ այն, որ մեր ժողովրդի վիճակը վատացել է, եւ ժողովուրդը ուղղակի չի կարող այս գումարները վճարել, եւ ապա՝ այս ձեւով այն հարվածում է նաեւ մեր արդյունաբերությանը։

– Պարոն Մանուկյան, հնարավո՞ր է, որ այսօր ԱԺ-ի դարպասները կրկին խորտակվեն։

– Կապրենք, կտեսնենք։ Ես գիտեմ, ամեն ինչ անելու են, որ օրենքը չընդունեն, սակայն մյուս կողմից էլ ժողովրդի ճնշումը չի կարող ազդեցություն չունենալ։

Երկուշաբթի՝ ուշ գիշերին

Խորհրդարանում շարունակվում է արտահերթ նիստը։ 19 ելույթ ունեցողներից հետո հարցերին պատասխանեց Էներգետիկայի նախարար Մուշեղ Միքայելյանը։ Հարցը, հնարավոր է, քնի մինչեւ հաջորդ նիստ։ Դրսում մարդկանց շարքերը նոսրացել են։ Մանրամասները՝ այսօր։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031