Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջինը լինի

Մարտ 16,1999 00:00
Aram Abrahamyan

Ուղիղ մեկ տարի առաջ տեղի ունեցավ նախագահական ընտրությունների առաջին փուլը: Այդ ընտրությունները կոչված էին ձեւականորեն ամրագրել ավելի վաղ՝ 1998 թվականի հունվար-փետրվարին արդեն տեղի ունեցած պալատական հեղաշրջումը: Ինչպես սիրում է կրկնել Պարույր Հայրիկյանը, այդ ոչ այնքան բարի ծառն առանձնապես բարի պտուղներ չէր կարող տալ: Հավանաբար, ավելի երկարատեւ, բայց եւ ավելի գրագետ լուծում կլիներ, եթե երկրի քաղաքական ղեկավարության դժգոհ մասը հրաժարական տար, եւ հետո խորհրդարանական մեծամասնության եւ հասարակության աջակցությամբ փորձեր պաշտոնանկ անել նախագահին:

1998 թվականի մարտի 16-ի զուտ քվեարկության եւ ձայների հաշվառման ընթացքը, ըստ էության, ոչնչով չէր տարբերվում 1995-ի հուլիսի 5-ի եւ 1996-ի սեպտեմբերի 22-ի քվեարկությունից: Պարզապես բռնության գործոնը վերջին անգամ իր տեղը որոշ չափով զիջեց կաշառքի գործոնին, որի արդյունքում տեղամասերից ստացվում էին «պլանային» տվյալներ: Ի դեպ, ճիշտ այդպես են անցկացվելու նաեւ այս տարվա մայիսի 30-ի ընտրությունները. Հայաստանից բացակայող մեկ միլիոն գաղթականները, ինչպես նաեւ տասնյակ հազարավոր հանգուցյալներ անպայմանորեն «քվեարկելու» են երկրապահ-հանրապետականների օգտին: Բայց որպես զուտ քաղաքական պրոցես, մեկ տարի առաջ տեղի ունեցած ընտրություններն ավելի ընդունելի էին քաղաքական ուժերի եւ հասարակության համար:

Քաղաքական ուժերն առանձնապես չէին բողոքում ընտրությունների արդյունքներից, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ չունեին /եւ չունեն/ այն մոլեգին ատելությունը, որն ունեին Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ, ավելին՝ նրանք այս կամ այն ձեւով պատրաստ են համագործակցել ներկայիս նախագահի հետ: Նույնիսկ անհանդուրժող-հեղափոխական ԱԺՄ-ն իր ներկայացուցչին գործուղեց նախագահական պալատ: Հասարակության մեջ էլ պրն Քոչարյանը չի արթնացնում այն բացասական էմոցիաները, որոնք կան մեր առաջին նախագահի նկատմամբ, որի հետ /արդարացիորեն, թե ոչ՝ այլ հարց է/ մարդիկ կապում են վերջին 9 տարվա իրենց բոլոր դժբախտությունները: Նշված հանգամանքների բերումով ներքաղաքական մթնոլորտը վերջին մեկ տարում զգալիորեն մեղմացել է։ Այսպիսով, մոտակա խորհրդարանական ընտրությունները 98-ի մարտի 16-ի նման անօրինական եւ հարթ են անցնելու: Դրանից հետո չորս տարի ոչ մի ընտրություն /տեղականները չհաշված/, հուսանք, չի լինելու, եւ մենք հանգիստ, առանց նախընտրական ճղճղան ճառերի կկարողանանք գնահատել մեր վիճակը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031