«Առավոտի» թղթակցի այն հարցին, մասնակցելո՞ւ եք արդյոք առաջիկա խորհրդարանական ընտրություններին, «Սիլ» կոնցեռնի նախագահ Խաչատուր Սուքիասյանը միանշանակ պատասխանեց՝ «ոչ»։ Ինչ վերաբերում է որեւէ մեկին պաշտպանելուն, Խաչատուր Սուքիասյանի կարծիքով, մոտեցումը շատ լիբերալ է լինելու։
ՆԱԽ ՀԱՐԲԵՑՈՂ, ՀԻՄԱ ԷԼ ԹՄՐԱՄՈ՞Լ
Ըստ հավաստի աղբյուրներից ստացած տեղեկատվության, դատախազությունը բացահայտել է 1998-ի հունվարին Արծրուն Մարգարյանի դեմ մահափորձը կամ, ինչպես միշտ ուղղում են իրավապահ մարմինների ղեկավարները՝ նրան մարմնական ծանր վնասվածքներ հասցնելու վերաբերյալ հանցագործությունը։ Վարկածը մոտավորապես այս է, որ Արծրուն Մարգարյանն ինքն էր իր ոտքերին կրակել՝ թմրադեղի ազդեցության տակ։
Կարդացեք նաև
ՎԵՐԱՐԿՈՒՆ ԽԱՂԱԼԻՔ ՉԷ
Մեր թերթում՝ «Խիստ գաղտնի» լուրը տպագրելուց հետո հնարավոր եղավ պարզել, որ անցած շաբաթ ձերբակալվել են մաքսային վարչության երեք հսկիչներ։ Նրանք մեղադրվում են անցյալ տարի «Միլանո» խանութի վաճառքի համար ներմուծված 150 վերարկուները իբրեւ խաղալիք ձեւակերպելու համար։ Ստուգումներ են իրականացվել նաեւ «Միլանո» ֆիրմային խանութում։ Մաքսավորներից մեկն ազատ է արձակված։
ՍՈՒՐ՝ Ի ՆՇԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ
Շաբաթ օրը ՀՅԴ-ն հյուրընկալել է Վրաստանի սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչներին։ Վերջիններս Վահան Հովհաննիսյանին սուր են նվիրել, ինչի առիթով նա ասել է՝ սա պատմության մեջ այն եզակի դեպքերից է, երբ զենքը ոչ թե պատերազմ, այլ խաղաղություն է խորհրդանշում։