Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԱՆԿԱՏԱՆ ՊԱՏԵՐԻ ՆԵՐՍՈՒՄ ԿՈՒՇՏ ԵՐԵԽԱՆԵՐ ԵՆ

Մարտ 13,1999 00:00
mankatun

Բարեգործի անվան տակ ծպտված հողմաղացներ կան, որ հատկապես աշխուժանում եւ հասարակության աչքին «թոզ են փչում» ընտրարշավ կոչվածների ժամանակ։

Ասվածի ցայտուն օրինակ է նախորդ ընտրությունների օրերին Վանաձորում մանկատուն բացելու պատմությունը, որ հենց այդքանով էլ պիտի սահմանափակվեր՝ հոգսի իրական ծանրությունը թողնելով միայն ներսիններին։ Բայց, բարեբախտաբար, որբերի տեղը գիտեին նաեւ ուրիշները։

-Երբ ես պիտի ստանձնեի մանկատան տնօրենի պարտականությունը՝ դեռեւս անորոշության մեջ էի, սակայն Գուգարք գյուղի մանկապարտեզից փոքրիկներին տեղափոխելիս (առանց սպիտակեղենի, միզահոտ անկողիններում կոշիկներով քնող-արթնացող, կեղտի ու ոջիլի մեջ կորած երեխաներ) մոռացվեց ամեն տեսակի զգուշավորություն,- պատմում է մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանը։

Սա դեռեւս 1997-ի հոկտեմբերին էր, երբ երեխաների թիվը ընդամենը 28 էր, եւ կառավարությունն էլ, անելիքները ճշտելով, որոշում կայացրեց՝ մինչեւ 1999 թիվը մանկատունը հանձնել իսկական բարեգործների հոգածությանը, ապա (լավ ժամանակների հույսով, երեւի)՝ հատկացումներ անել նաեւ պետբյուջեից։

Բացի փոքրիկ աշխատավարձից (միջին հաշվով՝ 9000 դրամ), պետությունից դեռեւս ոչինչ չեն ստանում։ Թե՛ սննդի, թե՛ հագուստի, թե՛ կենցաղային բոլոր խնդիրները կարգավորում են տարբեր կազմակերպությունների եւ բարեգործների օգնությամբ, ինչն ամեն մի ժամանակավոր բանի պես լարվածության ու սպասումի մթնոլորտ է ստեղծում։

Ներսիններն ու դրսինները

Հանրապետությունում տասը հազարից ավելի լքված, մուրացիկ ու թափառաշրջիկ երեխաներից միայն 64-ն են այստեղ՝ Վանաձորի մանկատանը։ 39-ը դպրոցական է, 22-ը՝ մանկապարտեզի տարիքի, 3-ը՝ նորածին։ Հարբեցող ու անառակ ծնողներից, որ երբեմն «ծնողական պարտքը» հիշելով գալիս են երեխաներին հետ պահանջելու, արդեն խելահասները հրաժարվում են։ Պատահում է, որ փնտրելով գտնում են որեւէ կուշտ ու անտեղյակ ծնողի, որ իր տաքուկ հեռվից շտապում է «փրկել» մոռացված զավակին։

Մի ռուս տղայի հորը հետաքննությամբ գտել են Ռուսաստանում։ Մեկնելու օրը տղան իր բոլոր լավ շորերը եւ անգամ հագի կոշիկները թողել է ընկերներին, ապա հոր հետ հրաժեշտ տվել իր կնքահայր, մարզպետ Հենրիկ Քոչինյանին։

Սակայն հոգեբան-դաստիարակ Լյուբա Մաթեւոսյանը շեշտում է, որ դրսից եկողների հետ հանդիպումը հաճախ հաշտ չի լինում։

-Նոր ընդունված երեխաներին, որոնց երբեմն բռնում-բերում են փողոցներից, այստեղինները զգուշությամբ են վերաբերվում։ Արդեն խնամքի ու դաստիարակության վարժված՝ հները պարզապես չեն ընդունում վատ արարքի սովոր ու գռեհիկ պահվածքով նորերին։ Վերջիններս էլ հաճախ, չհամակերպվելով կարգուկանոնին, կրկին ձգվում են դեպի դուրս։

Հաջողություններն ու մշտական հոգսերը

Մանկատունը տեղակայված է Տարոն թաղամասի նորակառույց ուկրաինական մանկապարտեզի շենքում, որը դրսից անթերի սպիտակությամբ աչք է շոյում։ Ներսում էլ լավ բաներ կան, բայց հին, շքեղ մանկապարտեզից քիչ բան է պահպանվել. արդեն վերանորոգման կարիք է զգացվում։ UMCOR ամերիկյան կազմակերպությունն այստեղ հոգացել է մշտական տաք ու սառը ջրի առկայությունը՝ փաստորեն լուծելով լվացքատան ու բաղնիքի հարցերը։ Հայ ավետարանչական եկեղեցին լուծել է կաթսայատան ու ջեռուցման խնդիրները։ ԱՄՆ-ի «Հայաստանի զարգացման ծառայությունների ընկերակցությունը» թիթեղապատել է կաթացող հարթ տանիքը, ինչին բարի նախանձով են նայում կաթիլքից փչացող նույնատիպ մանկապարտեզները։ Վերջինս հոգում է նաեւ օրական չորսանգամյա սննդի, հագուստի եւ որոշ դպրոցական պիտույքների խնդիրներ։ Չորս դաստիարակչուհիները հետեւում են ընդհանուր զարգացման եւ դաստիարակման աշխատանքներին, մանկաբույժն ու բուժքույրերը՝ յուրաքանչյուրի առողջությանը։ «Ինչի՞ կարիք ունեք» հարցին ավագ աղջիկները, որ ոտքի վրա ձեռագործ էին անում, ասացին.

-Միայն գործելու թել կխնդրեինք, որ կարողանանք բոլորի համար տաք գուլպաներ գործել։ Սակայն պարզվում է՝ իրենց պահանջներում աղջիկներն ավելի քան համեստ էին։ Իրական պատկերը բացելով՝ փոխտնօրենն ասում է, թե գույքի մեծ պակաս ունեն։ Հատկապես չեն հերիքում մահճակալներն ու անկողինները։

-Նախորդ ամառ, տնօրենի որոշմամբ, գյուղերից բուրդ գնեցինք եւ ավագ տարիքի աղջիկների անմիջական մասնակցությամբ անկողիններ կարեցինք։ Սակայն քիչ չեն արդեն հասակ առած երեխաները, որոնք ստիպված են քնել մանկապարտեզային մահճակալի վրա։ Մեծ է նաեւ սեղան-աթոռների, սովորական գրիչ- տետրի պահանջը։ Փոքրերը հաճախ կորցնում են եղածը, հաճախ փչացնում, իսկ նորը հայթայթել շատ դժվար է։

Սակայն ամենադժվարինը…

-Երբ կարճատեւ այցի եկած սեփական մորն անտեսելով՝ ամենափոքրիկները կախկխվում են քո փեշերից, քեզ մայրիկ են ասում, լացդ զսպելով չգիտես ո՞ւմ մեղադրես՝ մո՞րը, թե՞ նրան այդ վիճակին հասցնողին։ Շատ մայրեր պարզապես պահելու հնար չունեն,- պատմում են դաստիարակչուհիները։

Այո, կաշի ու ոսկոր դարձած իրենց փոքրիկներին ժամանակավորապես մանկատանը պահ տվող ծնողներ էլ կան, նրանք գիտեն, որ մի քանի օր հետո փափլիկ թշիկներ են կսմթելու։ Սակայն որքա՞ն կտեւի այդ ժամանակավորը։ Մանկատունը ազգի խնդի՞ր է լուծելու։

ԱՐՄԵՆՈՒՀԻ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Հ. Գ. Հոնորարը խնդրում եմ փոխանցել մանկատուն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031