Լրահոս
Օրվա լրահոսը

Էներգետիկները շարունակում են թանկացնել էլեկտրաէներգիան

Մարտ 13,1999 00:00
energia

Մեր էներգետիկների ամենասիրելի պատմությունը էլեկտրաէներգիայի ինքնարժեքի 25 դրամանոց սակագնից թանկ լինելու մասին հեքիաթն է։ Արդեն մի քանի տարի է, այդ հեքիաթը պատմվում ու վերապատմվում է ամենատարբեր պաշտոնական ամբիոններից։ Ու որպեսզի այն թեկուզ մի փոքր ճշմարտանման լինի, էներգետիկներն ամեն ինչ անում են իրական ինքնարժեքը հնարավոր ու անհնար բոլոր մեթոդներով բարձրացնելու համար։ Ոչ մի ուրիշ հեքիաթասաց կամ երազող չի կարող նրանց հետ համեմատվել։

Էներգետիկները բարձրահարկ շենքերում հաշվիչներն հանեցին ընդհանուր մուտքեր։ Առանձնատների հաշվիչները տեղադրվեցին նրբագեղ մետաղյա տուփերի մեջ ու զարդարեցին փողոցի սյուները։ Հիմա մուտքերում ու սյուներին թառած այդ նրբաճաշակ արկղերը սկսել են ճուտ հանել։ Տեղադրվում են նոր՝ ավելի փոքր արկղեր։ Դրանցում ապահովիչ կամ անջատիչ սարքեր են տեղակայված։ Եվ այսպես, եթե որեւէ բնակիչ չի մուծել էլեկտրական հոսանքի վարձը, գալիս է լույսի մարդը եւ պարզապես չրխկացնելով անջատում ապահովիչը։ Ու վերջ՝ վարձը չմուծողի բնակարանը հոսանքազրկված է։ Այս նոր մեթոդը Երեւան քաղաքում հատկապես արագ թափով սկսել են կիրառել Շենգավիթ թաղամասում։ Այնպես որ, «ատվյորտկայով ու պլասկակուպցիով» զինված լույսի մարդն արդեն պատմություն է դառնում։ Էլեկտրիկն արդեն կարող է սպիտակ կոստյումով ու ձեռնոցներով գալ աշխատանքի։ Նրա գործն արդեն անջատիչ չրխկացնելն է։ Ոչ մի բարձրաստիճան պաշտոնատարի չհետաքրքրեց, թե այդ ճուտ արկղերի տեղադրումը ինչ արժե եւ դրանց շնորհիվ որքանով թանկացավ էլեկտրաէներգիայի ինքնարժեքը։

Հայաստանում, ինչպես միշտ, ցանկացած ոլորտում բարեփոխումը վերածվում է իր հակոտնյային։ Այդ ճուտիկ արկղերի տեղադրումը ամեն ինչից զատ բնակչի համար լուրջ գլխացավանք է դառնում։ Արկղերում տեղադրված ապահովիչ սարքերը շատ քնքուշ էլեկտրատեխնիկական պարամետրեր ունեն։ Հինգ ամպերանոց անջատիչներն ավտոմատ անջատվում են առաջին իսկ ոչ սովորական իրավիճակից։ Ասենք, եթե բնակարանում կարճ միացում է եղել որեւէ էլեկտրասարքում, կամ բնակիչը միանգամից մեծ հզորության էլեկտրասարք է միացնում։ Ապահովիչները չրխկոցով անջատվում են, ու բնակիչը ստիպված փնտրելու է լույսի մարդուն, որ վերջինս բարեհաճի գալ ու միացնել լույսը։ Ինչպես միշտ, այս նորամուծության տրամաբանությամբ, սպառողն է մեղավոր։ Հետաքրքիր է՝ մեր էներգետիկ ղեկավարները ե՞րբ են հասնելու սովորական էլեկտրալարերը, ասենք, արծաթե լարերով փոխարինելու գաղափարին։ Ազնիվ մետաղով լարերում հոսանքի կորուստը կնվազի։ Մյուս կողմից՝ էլ՝ կբարձրանա, շատ կբարձրանա էլեկտրաէներգիայի ինքնարժեքը։ Բնակչությունը, միեւնույն է, վճարելու է։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031