Լրահոս
Օրվա լրահոսը

Առեւանգվածն Իրաքում

Մարտ 13,1999 00:00
arevangum

Երեկ Ռաֆիկ Շամոյանը եւ Եզդիների ազգային միության փոխնախագահ Հասան Թամոյանը հերթական անգամ Հայաստանի իրավապահ մարմիններից պահանջեցին ավելի հետեւողական աշխատել Ռաֆիկ Շամոյանի առեւանգված որդուն՝ 17-ամյա Ռուստամ Շամոյանին գտնելու համար։ 1998-ի սեպտեմբերին անհետացած Ռուստամ Շամոյանը, ըստ ծնողների, գտնվում է Քրդական բանվորական կուսակցության՝ Իրաքում տեղակայված բազաներից մեկում։ Հայաստանում գործող Քուրդիստանի ազգային ազատագրության ճակատի ներկայացուցիչները չեն ժխտում, որ Ռուստամ Շամոյանը Հայաստանից դուրս է եկել իրենց միջոցով, սակայն դա եղել է ոչ թե բռնի, այլ կամավոր։ Որպես ապացույց ծնողներին է ներկայացվել Ռուստամի ձեռագրով գրված նամակ, որտեղ նա հաստատել է, որ Հայաստանից մեկնել է իր կամքով, դառնալով իր հայրենիքի ազատագրության զինվոր։

Ծնողների կարծիքով, դա եթե անգամ գրել է իրենց տղան, ապա միայն պարտադրանքով։ Քանի որ եզդիները նախ որեւէ կապ չունեն քրդերի հետ, եւ իրենց տղան երբեւէ քրդական կազմակերպությունների հետ կապ չի ունեցել։ Հայաստանի իրավապահ մարմինները մեծ դժկամությամբ են հանձն առել զբաղվելու այս հարցով։ Հասան Թամոյանը այս դժկամությունը բացատրում է նրանով, որ Հայաստանի իշխանություններն, ընդունելով այս փաստը, անուղղակիորեն կհաստատեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կապը քրդական շարժմանը։ Մինչդեռ, ավելի տրամաբանական կլիներ, եթե ազդու միջոցներ ձեռնարկելով, կանխվեին նման նախադեպերի կրկնության փորձերը։

«Երբ մարդ իր որդուն ճանապարհում է բանակ՝ հայրենիքը պաշտպանելու, եւ տղան զոհվում է, նման դեպքերում վիշտն այնքան էլ մեծ չէ, քանի որ գիտես, որ տղադ նպատակի համար է գնացել։ Այս դեպքում մենք չգիտենք, թե հանուն ինչի եւ ինչ ճակատագրի է արժանացել տղաս»,- ասում է Ռաֆիկ Շամոյանը։

«Եթե նույնիսկ մենք մի ազգ ենք եւ Քուրդիստանն էլ մեր հայրենիքն է, ապա դա որեւէ կերպ չի արդարացնում մարդկանց առեւանգումները»,- սրանք էլ Հասան Թամոյանի խոսքերն են, որը պատրաստ է յուրաքանչյուրին ապացուցել եզդի եւ քուրդ ժողովուրդների տարբերությունը։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031