Հայաստանում է գտնվում դիմածնոտային վիրաբուժության մասնագետ, պրոֆեսոր, ազգությամբ սերբ Բրանիսլավ Դիմիտրիեւիչը։ Իր առաքելության մասին մեր զրույցն ավարտվեց բոլորովին այլ թեմայով։
– Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն, Հարավսլավիայի ռազմական դաշնակիցը լինելով հանդերձ, ռմբակոծել է օկուպացված Բելգրադը։ Դուք հիշո՞ւմ եք դա։
– Ես այդ ժամանակ փոքր էի։ Դա տեղի է ունեցել 1944-ի ապրիլի 16-ին, Սուրբ Զատիկի նախօրյակին։ Այդտեղ է ցինիզմը։ Ես իմ հոր հետ գնում էի հորաքրոջս տուն՝ Զատիկի տոնական ճաշի։ Փողոցում էինք, երբ սկսեցին հնչել տագնապի ազդանշանները։ Ես փոքր էի, բայց արդեն գիտեի, որ պետք է թաքնվել մի որեւէ տեղում։ Հայրս ասաց, որ կարիք չկա թաքնվելու, տագնապը մեզ չի վերաբերում։ Ասաց, որ ինքնաթիռները գնում են Ռումինիայի նավթահանքերը ռմբակոծելու։ Եվ մենք հանգիստ շարունակեցինք ճանապարհը։ Քանի որ հայրս չէր վախենում, ես էլ չէի վախենում։ Այն պահին, երբ մենք սեղան նստեցինք, սկսվեց դժոխքը։ Ռումբերն ընկնում էին մեր չորս բոլորը։ Հետոն ես չեմ հիշում։
Բելգրադի առաջին ռմբակոծությունները եղել են դաշնակիցների կողմից։ Այդ ռմբակոծությունների ժամանակ զոհվել է ընդամենը 200 գերմանական զինվոր եւ մի քանի հազար սերբ խաղաղ բնակիչ։ Ռումբերն ընկել են ե՛ւ հիվանդանոցների, ե՛ւ ծննդատան, ե՛ւ չքավորների թաղամասերի վրա։ Ստրատեգիական կարեւոր կետերը, ասենք՝ երկաթուղային կայարանը, չէին տուժել։
Կարդացեք նաև
Իսկ այդ ռումբերին, որ շպրտում էին քաղաքի վրա, կիրիլական այբուբենով գրված էր. «Շնորհավոր Սուրբ Զատիկ»։
Դրանից հետո Բելգրադը մի քանի անգամ եւս դաշնակիցների կողմից ռմբակոծվել է։ Քաղաքի շատ բնակիչներ փախել եւ ապրում էին շրջակայքի գյուղերում, ինչպես եւ մենք։
Զրույցի թարգմանիչ Արմեն Օսկանյանը հարկ համարեց պատմել այն, ինչ ժամանակին իրեն պատմել է իր հայրը, որն ականատեսն է այդ դեպքերի։ Նա աշխատել է Բելգրադի աստղադիտարանում եւ այնտեղից հետեւել քաղաքում կատարվածին։ Այդ առաջին ռմբակոծությունից նա փրկվել է միայն այն պատճառով, որ ռումբերի «գորգը փռվել» սկսել է մեկ փողոց աստղադիտարանից այն կողմ։
Ինչ վերաբերում է ստրատեգիական կարեւոր կետերին, Արմեն Օսկանյանն ասաց, որ եթե պետք էր լինում, դրանց էլ էին խփում։ Եվ այն, որ կարելի է պատճառաբանել, թե սխալմամբ էին խփում կամ պատահաբար, սուտ է։ Հայրն ականատես է եղել. աստղադիտարանի դիմացով հոսում է Դանուբը եւ նրա վրայի կամուրջը ռմբակոծելիս ամերիկացիները մի ռումբ անգամ գետը չեն գցել. բոլորը՝ ճիշտ կամրջի վրա։
Զրույցն այնուհետեւ շարունակեց Բ. Դիմիտրեւիչը։
– Միայն Բելգրադը չէր, որ դաշնակիցները ռմբակոծում էին։ Նաեւ այն շրջանները, որտեղ գերմանացի զինվորներ չկային։ Սակայն զոհվում էին հազարավոր խաղաղ բնակիչներ։
– Տեղյա՞կ եք, պատերազմից հետո ԱՄՆ-ն որեւէ բացատրություն տվե՞լ է այդ գործողությունների մասին։
– Պատերազմից հետո, կոմունիստների ժամանակ մի քիչ վտանգավոր էր այդ մասին խոսելը։ Ռմբակոծում էին միայն ամերիկացիներն ու անգլիացիները, ոչ՝ սովետական ավիացիան։
Ես հիշում եմ, երբ պարտիզաններն ու Կարմիր բանակը ազատագրեցին Բելգրադը, շքերթ կազմակերպվեց։ Մեզ՝ երեխաներիս դրոշակներ էին տալիս՝ ԱՄՆ-ի, Անգլիայի, Սովետական Միության։ Ինձ բաժին ընկավ ամերիկյանը։ Ես հարցրի հորս, թե ինչպես կարող եմ թափահարել այն, երբ ամերիկացիները ռմբակոծում էին մեր քաղաքը։ Նա մատը տարավ բերանին եւ հորդորեց լռել։
– Իսկ հիմա՞, երբ քաղաքական իրադրությունը փոխվել է, Սերբիայում խոսվո՞ւմ է այդ մասին։
– Վերջերս ռադիոյով եղել է մի հաղորդում այն մասին, թե Բելգրադը քանի անգամ է ռմբակոծությունների ենթարկվել։ Իսկ այս պատմությունը, որը ձեզ էլ ներկայացրի, առաջին անգամ պատմել եմ 1987 թ. հեռուստատեսային մի հաղորդման ժամանակ։ Ես նույնիսկ վիճել եմ մեկի հետ այս հարցով եւ գրազով շահել երկու շիշ վիսկի։ Իսկ մինչ այդ ես դա ընկերներիս շրջապատում էի պատմում, որովհետեւ իմ առջեւ նպատակ էի դրել, որ այս պատմությունները անպայման կպատմեմ։ Մի երիտասարդ ասաց, որ մեր դաշնակիցները մեզ երբեք չեն ռմբակոծել։ Այդպես էլ շահեցի վիսկին։
– Իսկ ձեր պետությունը հետահայաց քաղաքական գնահատական տալի՞ս է այդ երեւույթին։
– Ո՛չ։
– Ո՞րն է դրա պատճառը ձեր կարծիքով։
– Դա մի հարց է, որին ես չեմ կարող պատասխանել։
Իմ քենին Հաագայի միջազգային դատարանում է աշխատում։ Այն ժամանակ, երբ խոսում էին Կոսովոյի կապակցությամբ հնարավոր ռմբակոծության մասին, նա զանգեց եւ ասաց, որ փախչենք՝ փրկվենք։ Սակայն ես աշխատեցի տնեցիներիս հանգստացնել։
– Իսկ եթե հանկարծ ռմբակոծեի՞ն։
– Դա էլ ճակատարգրին էինք թողել։
ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ. Զրույցի բժշկական մասը կներկայացնենք եկող շաբաթվա մեր համարներից մեկում։