Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հնարավոր տարբերակներ

Մարտ 13,1999 00:00
armavir

Արմավիրի քաղաքապետ Նորիկ Մնոյանի հրաժարականից դեռ մի շաբաթ առաջ արդեն հայտնի էին այդ պաշտոնի հնարավոր հավակնորդները՝ համենայնդեպս, իշխանության աջակցությունը վայելող թեկնածուները։

Կառավարությունը, հաստատելով պրն Մնոյանի հրաժարականը, ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց Արմավիրի մարզպետարանի քարտուղար Հարություն Մխոյանին։ Նման դեպքերում հակվածություն կա մտածել, որ կառավարությունը այդ պաշտոնում ուզում է տեսնել հենց պրն Մխոյանին։ Պրն Մխոյանը նաեւ Հանրապետական կուսակցության մարզային կառույցի նախագահն է։ Կառավարության աջակցությունը, քաղաքապետի լծակները եւ թիկունքում ուժային կուսակցություն ունենալը պրն Մխոյանին դարձնում էին այդ պաշտոնի միակ հնարավոր հավակնորդը։

Քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար գրանցվեց 11 թեկնածու։ Պարզվեց, որ Հանրապետական կուսակցությունն ունի երկու թեկնածու։ Մյուսը քաղաքապետարանի ընդհանուր բաժնի վարիչ Հայկ Ղանդիլյանն էր։ Երկրապահ կամավորականների միության Արմավիրի տարածքային կազմակերպության ընդհանուր ժողովը որոշեց պաշտպանել Հայկ Ղանդիլյանի թեկնածությունը։

Բոլորի հաշվարկները եւ վերլուծությունները միանգամից խառնեց Արմավիրի Երկրապահ կամավորականների միության նախագահ, փոխգնդապետ Ռուստամ Գասպարյանի հայտարարությունը՝ առաջադրել իր թեկնածությունը։ Հանրապետական կուսակցության եւ Երկրապահ միության տարածքային կազմակերպությունների խորհուրդների համատեղ նիստը որոշեց պաշտպանել Ռուստամ Գասպարյանի թեկնածությունը, որը Հանրապետական կուսակցության անդամ չէ։ Այսպիսի կտրուկ շրջադարձը եւ այս որոշումը բացատրվում է Պաշտպանության նախարարության թիկունքի վարչության պետ Մուրադ Կիրակոսյանի դիրքորոշման փոփոխությամբ, որը սկզբում պատրաստակամություն էր հայտնել պաշտպանել Հայկ Ղանդիլյանի թեկնածությունը, իսկ ապա՝ Ռուստամ Գասպարյանի։ Երկրապահ միության նախագահի համար կա մի լուրջ դժվարություն. նա չունի սեփական թաղ, արմավիրցի չէ, ավելի ճիշտ՝ մոտակա Ջանֆիդա գյուղից է, որի բնակիչները չեն մասնակցելու քվեարկությանը։ Արմավիրում արդեն խոսում են Ռուստամի եւ քաղաքապետի պաշտոնակատարի կողմնակիցների բախումների մասին։

Ռուստամ Գասպարյանի հնարավոր հաղթանակը մտահոգում է շատերին։ Կա մտավախություն, որ այդ դեպքում Արմավիրում կհաստատվի խմբապետային իշխանություն, առանց այն էլ ուժեղ երկրապահների վերահսկողության տակ կանցնի ամբողջ քաղաքը։ Այս հաղթանակը եւ նման վերահսկողություն ստանալը կարեւորվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններում առավելագույնս լծակներ ունենալու դիտանկյունից։ Այդ պատճառով շատերը չեն բացառում, որ զինվորական քաղաքապետի հաղթարշավը նախարար Վազգեն Սարգսյանի համար ցանկալի տարբերակն է։

Մենք անդրադարձանք ընդամենը երեք թեկնածուների։ Մինչդեռ թեկնածուներ ունեն նաեւ կուսակցություններից ՀՅԴ-ն եւ ՀԺԿ-ն։ Ընտրվելու հնարավորություն չունեցող մյուս թեկնածուները Ալեքսանդր Լեբեդ կամ Արամ Սարգսյան են խաղում, փորձելով իրենց թեկնածությունը որեւէ ուժեղ թեկնածուի օգտին հանելու միջոցով վերջինից կորզել հնարավոր խոստումներ։

Մարզպետ Հերոյանը ուժեղ անհատականություն է խաղում, ըստ որի, ինքը շատ ուժեղ է եւ իր համար կարեւոր չէ, թե ով է հաղթելու, ինքը կարող է աշխատել ցանկացած քաղաքապետի հետ։ Իրականում սա անորոշության եւ չկողմնորոշվելու արդյունք է։ Պրն Հերոյանը թերեւս զգուշանում է բացահայտ պաշտպանել իր քարտուղար Հարություն Մխոյանի թեկնածությունը, քանի որ նրա պարտության դեպքում լուրջ վնաս կկրի սեփական հեղինակությունը։

Մենք չդիտարկեցինք ժողովրդի դիրքորոշումը։ Այն շատ դժվար է պարզել, որովհետեւ մարդիկ քվեարկելու են ըստ քաղաքական կողմնորոշումների, հօգուտ իրենց թաղի թեկնածուի։ Այն փաստը, որ Հարություն Մխոյանը հրաժարվեց հանդիպել ինձ հետ, պատճառաբանելով, որ քաղաքացիների ընդունելություն է, նշանակում է, որ ժողովրդի դիրքորոշումը դեռեւս որոշակի ազդեցություն ունի ընտրությունների արդյունքների վրա։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031