Իմ բախտը չի բերել. երեք անգամ հանրապետության նախագահ եմ ընտրել, երեք անգամն էլ, հակառակի պես, իմ ընտրածներն են նախագահ դարձել։
Քանի որ ամեն «քաղցր բան» վերջ է ունենում, ես էլ վերջապես «հպարտությամբ» կարող եմ հայտարարել, որ ընդդիմադիր եմ ու «դեռ մի բան էլ ավելի»։ Այսինքն՝ ոչ թե միայն նախկիններին ու ներկաներին, նույնիսկ ապագա իշխանություններին չեմ հավատում։ Չեմ հավատում նաեւ նախկին, ներկա, նույնիսկ ապագա ընդդիմադիրներին։
Հրաշալի վիճակ է։ «Մոգական է»,- կասեր իլֆպետրովյան Էլոչկան։ Այլեւս անքնությանդ պատճառը ոչ թե ընտրյալներիդ գործած սխալների համար ուղեղիդ ծալքերից «մեղմացուցիչ դեպք հանցանաց» պեղելն է, այլ ընդամենը ինքն իր համար ազատ, անկախ անքնություն է։ Ու, պատկերացրեք, վատ էլ չէ՝ բոլորը հանգիստ, միամիտ-միամիտ քնած են, իսկ դու ինչ ուզում՝ իրենց մասին մտածում ես։
Հիմա էլ հերթական «ընդդիմադիր» գիշերն եմ լուսացնում ու նախկին, ներկա ու ապագա իշխանությունների մասին մտածելով՝ «հավատարմություն» շատ սիրուն բառն եմ ուզում «ստուգաբանել» իրենց համար։
Կարդացեք նաև
Բոլոր ժամանակների իշխանությունների ճակատագրական սխալներից մեկն այն է, որ «միամտորեն» կարծել են, շարունակում են կարծել (եւ հույս էլ չկա, որ երբեւէ չեն կարծի), որ ոչ թե իրենք պիտի հավատարիմ մնան նրանց, ովքեր իրենց հավատացել ու վստահել են այս երկրի ճակատագիրը, այլ՝ անկախ այն բանից՝ ինչ մետամորֆոզների, ավերածությունների են ենթարկվել իշխանական ՀՄԱՅՔՆԵՐԻ հանդեպ «անպաշտպան» իրենց հոգիները (լացս եկավ), նրանք՝ այդ հավատացողներն ու վստահողները, պիտի զօրուգիշեր մտածեն, թե ինչ հնարքներով իրենց ընտրյալների այլակերպումը պատմությանը հանձնեն որպես հերթական փառավոր էջ։
Իրենց սիրելի պնակալեզների դեպքում (իսկ որ իշխանավորները անբուժելի թուլություն ունեն պնակալեզների նկատմամբ՝ կասկած չկա), անտարակույս, «հավատարմություն» բառի «ստուգաբանության» իրենց տարբերակն է ընդունելի։ Իսկ եթե սրանց «հավատարմությունը» իրենց չի բավարարում, ստիպված են հաշտվել իրենց վստահողների «անհավատարմությունը» վաղ թե ուշ «վայելելու» իրողության հետ։
Մի տարբերակ էլ կա՝ ՉԱՅԼԱԿԵՐՊՎԵԼ։
Բայց, ցավոք, այս տարբերակը հեքիաթներին հավատացողների համար է։
ԼԻԶԱ ՃԱՂԱՐՅԱՆ