Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու՝ «Երկրապահի» հերաթական նախաձեռնությունն այս անգամ կրքերի տեղիք տվեց միայն ԱԺ քվեարկությունից հետո։
Դահլիճում ներկա էր 106 պատգամավոր, երբ կատարվեց անհրաժեշտ քվեարկությունը։ Արդյունքներն այսպիսին էին՝ 100 «կողմ», 0 «դեմ», 0 «ձեռնպահ»։
Առաջինը դրանց իսկությունը փորձեց վիճարկել Արա Սահակյանը։ Նա արձանագրեց, եւ նախագահությունն ընդունեց, որ այո՛, մեկ հոգու փոխարեն քվեարկել է ուրիշը։ Արա Սահակյանը երկրորդ չքվեարկած կոճակն էլ մատնանշեց եւ դա էլ ընդունվեց ի գիտություն։ Սակայն, երբ գործընթացը սպառնում էր շարունակվել, մի խումբ պատգամավորներ լքեցին նիստերի դահլիճը, չնայած, ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը նրանց հորդորեց մնալ տեղերում։ Անշուշտ, բացակա մարդկանց փոխարեն ուրիշ քվեարկածներ էլ կմատնանշվեին. նրանց տեղը Արա Սահակյանին փորձում էին մատնացույց անել Դավիթ Շահնազարյանը, Վահագն Խաչատրյանը եւ այլք, սակայն այնպես ստացվեց, որ այդ գործընթացն արդեն շարունակություն չունեցավ։ Բայցեւայնպես Վահագն Խաչատրյանը տեղյակ պահեց, թե «Հանրապետություն» միավորման 15 ներկա պատգամավորներից ընդամենը 4-ն է մասնակցել քվեարկությանը, սակայն դա էլ բանի տեղ չանցավ։
Ինչեւիցե, «Առավոտը» փորձեց դահլիճում տեղի ունեցածի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ հատկապես բողոքող պատգամավորներից եւ այս շարքում առաջինը ՀՀՇ վարչության անդամ Սեդրակ Հովհաննիսյան էր. «Լեոնիդ Հակոբյանի վկայությամբ՝ կոմունիստների շարքում նստած էին միայն Խորեն Սարգսյանը եւ Վլադիմիր Դարբինյանը, բայց քվեարկությունը կատարվել է 5 հոգու փոխարեն, 3-ն այդտեղից է դուրս գալիս։ Աջ թեւի 8-րդ շարքում նստած էին 3 հոգի՝ այնտեղ, որտեղ Միքայել Վարդանյանն էր նստում, քվեարկել էին 4 հոգու փոխարեն։ Սա եղավ 4։ Վիկտոր Դալլաքյանը քվեարկել է իր կողքի դատարկ տեղի փոխարեն։ Սա էլ 5։ Սա նշանակում է, որ դահլիճում անհրաժեշտ քվորում չկար, հետեւաբար՝ քվեարկությունը չի կատարվել»։
Կարդացեք նաև
Մեր հաջորդ զրուցակիցն Արա Սահակյանն էր. «Կատարվեց կեղծիք, որը հովանավորեցին Ալբերտ Բազեյանը, Խոսրով Հարությունյանը՝ պառլամենատական մեծմասնության լռելյայն համաձայնությամբ»։
Վիգեն Խաչատրյանն էլ ասաց հետեւյալը. «Դահլիճում 106 մարդ էին՝ 24-ը չքվեարկեց։ Նշանակում է «կողմ» պետք է լիներ 82-ը, բայց ցուցատախտակին 100 «կողմ» գրանցվեց։ Այսինքն՝ 18 հոգու փոխարեն քվեարկել են։
Ակնհայտորեն երեւաց, թե ինչպիսի ընտրություններ են մեզ սպասվում»։ Նրա կուսակից Ռոբերտ Մնացականյանի խոսքն էլ, ըստ էության, օրգանապես շարունակում էր իր կուսակցական ղեկավարի ասածը. «Նոր թվաբանություն է ներդրվում Հայաստանում։ Պառլամենատական նոր թվաբանություն»։
Արտահայտված տեսակետների մասին տեղյակ պահեցինք ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանին՝ ստանալով նրա մեկնաբանությունները եւս։ Նա ասաց. «Չորրորդ տարին է արդեն, որ այս ԱԺ-ն օրենքներ է ընդունում։ Եվ համաձայնեք, որ վրիպակներն ու մեր լեգիտիմության հարցը ոչ մի կապ չունեն իրար հետ։ Վրիպակներն աշխատանքային խնդիրներն են։
Ենթադրում եմ, որ Ընտրական օրենսգրքում կատարված այս փոփոխությունները, կարծես թե, բավարար են, որպեսզի փաստաթուղթն ավելի բարելավված տեսք ունենա։ Սակայն չեմ կարող երաշխավորել, որ վաղը որեւէ մեկը օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի գա։ Դա յուրաքանչյուրի իրավունքն է։
Կարծում եմ նաեւ, որ այս կրքերը շատ շուտով կհանդարտվեն։ Հենց սկսվեց մրցարշավը, որեւէիցե մեկը օրենքում փոփոխություններ չի անի, որովհետեւ բոլորս էլ հասկանում ենք, որ օրենքի մեջ փոփոխություն կատարելը տրամաբանություն պետք է ունենա։
Ինչ վերաբերում է Վիգեն Խաչատրյանի ասածին, ապա նա այս քվեարկությունից առաջ էլ է բազմիցս հայտարարել, թե առաջիկա խորհրդարանական ընտրությունները չեն կարող լինել լեգիտիմ, այսինքն՝ չեն կարող անցկացվել ընտրական օրենքին համապատասխան։ Համաձայնեք, որ դա ցանկալին իրականության տեղ անցկացնելու մղում է։ Ցավում եմ, որ Վիգեն Խաչատրյանը ունենալով հանդերձ որոշակի քաղաքական անցյալ, նման հեշտությամբ կարողանում է այդ ամենը ջնջել։ Բայց դա իր պրոբլեմն է, դա ինձ քիչ է հետաքրքրում»։
Հարեւանությամբ գտնվող լրագրողներից մեկի հարցին միջազգային կազմակերպությունների հնարավոր արձագանքների վերաբերյալ, որոնք կարող են այնքան էլ դրական շեշտադրումներ չունենալ՝ Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Իհարկե, դա ինձ անհանգստացնում է։ Կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր անընդհատ խոսում են Ընտրական օրենսգրքի ընդունման ամբողջ ընթացակարգի թվացյալ խախտումների մասին, նրանք շատ հստակ նպատակ են հետապնդում՝ միջազգային հանրության շրջանակներում ստեղծել տպավորություն, թե ընդունվածն այն փաստաթուղթը չէ, որով կարող են տեղի ունենալ ընտրություններ։ Բայց նրանք չարաչար սխալվում են։ Ընտրությունների արդյունքը պայմանավորած կլինի հիմնական քաղաքական ուժերի վերաբերմունքով այդ փաստաթղթի նկատմամբ՝ անկախ նրանից, թե առանձին քաղաքական գործիչներ ինչ են ասում»։
Ա. ԶԱՔԱՐՅԱՆ