Լրահոս
Օրվա լրահոսը

Ոտքի ելան քուրդ երեխաները

Մարտ 13,1999 00:00
ojalan

Աբդուլլահ Օջալանին ազատագրելու պայքարի համար այս անգամ քրդերը որոշել էին ոտքի հանել երեխաներին։ «Թուրքիա՝ տեռորիստ», «Ամերիկա՝ ֆաշիստ» վանկարկումներով քուրդ երեխաները մեծահասակների դիրիժորությամբ մարտի 12-ին օպերայի հրապարակից շարժվեցին դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ։ Այստեղ նրանց կազմ-պատրաստ սպասում էին ոստիկաններն ու կարմիր բերետավորները։

Իրենց պահանջները ներկայացնելու համար երեխաները (կամ գուցե մեծահասակները) առանձնացրել էին 3 հոգու, որոնց ընդունեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի հայաստանյան ներկայացուցիչ Կատիցա Չեկալովիչը։ Մինչ գնացածները կվերադառնային՝ զրուցեցի մի քանի երեխաների հետ։ Բոլոր իմ հարցերին, թե ինչու են հատկապես երեխաները ցույց կազմակերպել՝ ոտանավորի նման նրանք կրկնում էին, թե պայքարելու են այնքան, մինչեւ ազատեն Ապոյին։ Այն հարցիս, թե երեխաները կամովի են ցույցի ելել, թե դա կազմակերպել են մեծերը՝ անմեղ երեխաները պատասխանեցին, որ իրենք նման հանձնարարություն ստացել են պաշտպանության կոմիտեից։ Չգիտես ինչու այս մտքի հետ չէր ուզում համաձայնել քուրդ մեծահասակներից մեկը՝ պնդելով, թե երեխաները կամովին են ոտքի ելել։

«Աշխարհի մեծերին ու հզորներին» հղված Հայաստանի քուրդ երեխաների դիմումում նրանք երդվում են լինել Օջալանի արժանի ժառանգներն ու հետնորդները եւ հայտնում, թե իրենց «անմեղ հոգիներն արդեն ատելությամբ են լցվել չար ուժերի հանդեպ»։ Քիչ անց ՄԱԿ-ի շենքից դուրս եկած քուրդ երեխաները հայտնեցին, որ Կատիցա Չեկալովիչը խոստացել է նրանց խոսքը հայտնել համապատասխան ատյաններին։ Քանի որ առանձնապես չեմ տիրապետում քրդերենին, քրդերի զրույցից այդպես էլ չհասկացա, թե էլ ինչ էր խոստացել Կատիցա Չեկալովիչը։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031