«Պահպանվում է պետության կողմից» ցուցանակը հանգիստ խղճով կարելի է կախել ՍՊԻԴ-ի թեմայի վրա, թեպետ, ըստ հայտնի աղբյուրների, պետությունը հակասպիդի հայտնաբերման համար ոչ մի լումա չի ծախսել։
«Արմենիկումի» հայտնագործման մասին հայտարարությունից հետո որոշ ջրեր են հոսել եւ մեր ռուս եղբայրները առաջինն արձագանքելով որոշեցին առաջինն իրենց մաշկի վրա փորձարկել (հանձին Նիկոլայ Կոլեսնիկովի) հայկական հրաշքի ազդեցությունը։ Ռուս տղան եկավ, նրա գալստյան պահն օրհնվեց ու… լռություն եղավ։ Նախորդ օրը մի փոքրիկ հաղորդագրություն տարածվեց, թե արդեն սկսվել է Կոլյայի բուժման կուրսը։ Հայաստանյան հիվանդանոցներից մեկում, որտեղ, ըստ «Առավոտին» հասած տվյալների, պառկած էր Նիկոլայ Կոլեսնիկովը եւ նույն հիվանդությունից բուժվող մեր եւս չորս համաքաղաքացիներ, փորձեցինք սեփական աչքով տեսնել ու սեփական ականջով լսել՝ ինչն-ինչոց է։ Մինչեւ հիվանդանոցի շենք մտնելն ամեն ինչ բարեհաջող էր, շենքի մուտքի մոտ դռնապան կինը փորձեց ճամփաս փակել. «Գլխավորն ինձ է սպասում»։ Խիստ ձայնս ազդեց, ու ինձ ներս թողեցին։ Բարձրացա այնտեղ, ուր, իմ կարծիքով, պետք է լիներ ինձ հետաքրքրող հիվանդը։ Այստեղ արդեն ավելի լուրջ փաստարկ էր պետք. «Ինչպե՞ս եք մտել, ո՞վ թողեց, ո՞ւմ մոտ եք եկել» եւ այլ հարցերի միայն մի պատասխան ունեի. «Մոլորվել եմ, գլխավորի սենյակն եմ փնտրում»։
Իսկ գլխավորի ընդունարանում հարկավոր էր հերթական անգամ խախտել տասը պատվիրաններից «Մի խաբի՛րը» եւ ասել, թե անձնական հարցով եմ եկել, ծանոթս հիվանդ է, կասկածներ ունեմ, կոնսուլտացիայի համար եմ եկել։ Փառք Աստծո, ինձ հավատացին ու որոշեցին գլխավորին կանչել։ Մինչ գլխավորի գալը քաղցր-քաղցր զրուցում էինք։ Որոշ մանրամասներ ՍՊԻԴ-ի մասին խիստ կարեւոր էին, սակայն այս պահին պետք է գաղտնի մնան։ Ի վերջո, եկավ գլխավորը։ Ինձ տեսավ ու. «Լրագրո՞ղ եք»։ Չէ, ի՞նչ լրագրող, սովորական այցելու եմ, կոնսուլտացիայի կարիք ունեմ։ Նայեց, կարծես թե հավատաց, մի լավ քրտնեցի։ Մտանք աշխատասենյակ, շրջվեց. «Չէ, լրագրողի նման եք, եթե լրագրող եք, հենց հիմա դուրս եկեք»։ Չկարողացա մախաթը պարկում երկար թաքցնել. «Խնդրում եմ, միայն մեկ հարց ունեմ, պատասխանեք ու մենք իրար չենք տեսել»։ «Չեմ կարող, դուրս եկեք»։ Դե որ համառություն, ուրեմն՝ մինչեւ վերջ. «Դուրս չեմ գա, դուք ձեր գործն եք անում, թողեք ես էլ իմն անեմ»։ «Ես ձեզ հասկանում եմ, բայց ոչինչ չեմ կարող ասել»,- գլխավորը փորձում է ինձ համոզել։ Ես էլ իրեն եմ համոզում։ Օգուտ չունի։ Գլխավորն էլ մարդ է. «Եթե ձեզ որեւէ բան ասեմ, ինձ աշխատանքից կհեռացնեն»,- ասաց գլխավորն ու ինձ գրեթե դուրս արեց սենյակից։
Լրագրողների սրբազան պարտքն է ինֆորմացիա հայթայթելը, պաշտոնյայինը՝ դրանք թաքցնելը։ Առաջին փորձն անհաջող անցավ, սակայն հուսով եմ, որ այս հրապարակումից հետո հատուկ հրավեր կստանամ եւ մանրամասներ կճշտեմ նշված հինգ հիվանդների բուժման ընթացքի վերաբերյալ։
Կարդացեք նաև
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ