Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՈՒ ԻՄ ՄԻԱԿԸ՝ ԹՅՈՒՐԻՄԱՑԱԲԱՐ ԵՎ ԻՄ ՎԵՐՋԻՆԸ՝ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ

Մարտ 13,1999 00:00
hayrikyan

Պարույր Հայրիկյանի հոգեպարար երգերի ուղեկցությամբ դահլիճ էին մտնում ԻՄ կուսակցության 18-րդ համագումարի 2-րդ վեհաժողովի պատվիրակները։ Օրհներգ։ Տերունական աղոթք։ ՀՀ նախագահի ուղերձի ընթերցում։ «Եզդիխանա» կուսակցության ուղերձի հանձնում։ Ողջույնի կրակոտ խոսքեր։

Վաղօրոք որոշվեց, որ վեհաժողովը նախընտրական նպատակներին չի ծառայեցվի։ Ապա… ԻՄ-ական Մեխակ Գաբրիելյանը, մասնավորապես, կոչ արեց ժողովրդին բացատրել, որ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ հաղթի ԻՄ-ը եւ ստանձնի իշխանության անմիջական պատասխանատվությունը, ժողովուրդը օգոստոսին արդեն կզգա դրական տեղաշարժերը։

ԻՄ-ի փոխնախագահ Ներսես Զեյնալվանդյանը համոզված էր, որ խոչընդոտները չեն ընկճել ԻՄ-ին եւ որ իրենք «մեզ հատուկ աշխատասիրությամբ, համառությամբ եւ տքնաջան աշխատանքով» կհաղթահարեն ամեն դժվարություն։ Սուսաննա Ավագյանն էլ՝ որպես «հին ԱԻՄ-ական», գտավ, որ իրենք արդեն ապացուցել են, որ ինքնուրույն (առանց բլոկներ կազմելու) կարող են հաղթահարել ընտրությունները։ «Մենք ճանաչում ունեցող կայուն քաղաքական ուժ ենք եւ այդ դիրքերից էլ պիտի խոսենք»։

ԻՄ դիվանի խոսնակ Արամ Հարությունյանը, ինչպես միշտ, մեկնաբանեց ու ներկայացրեց «Մահ կամ ազատություն» կարգախոսի դեկարտյան իր ընկալումը։ Ապա թե՝ «որեւէ այլ կուսակցություն չունի այնքան նվիրյալներ, որքան ԻՄ-ը»։ Թվարկվեցին Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում Հայրիկյանի առաջարկությունները։

Շողիկ Ոսկանյանը մի բոցաշունչ ճառ ասաց դպրոցների մասին ընդհանրապես, ուսուցչի «տեղի ու դերի» մասին՝ մասնավորապես։ Գալով 5-րդ դարից (ավելին՝ հին Հունաստանից)՝ տիկին Շողիկը հիշեցրեց, որ դպրոցից են դուրս գալիս «ապագա քաղաքական գործիչները, գիտնականները, գիտության մշակներն ու երախտավորները»։ «Վեհաժողովականներս» մեզ համար ճշտեցինք, որ «ուսուցչի մասնագիտությունը սուրբ առաքելություն է, ուսուցիչը՝ առաքյալ» եւ, որ դպրոցը լավ բան է։

Հետաքրքիր էր իր՝ ԻՄ-ի նախագահ Պարույր Հայրիկյանի ելույթը։ Բարձրյալին հատուկ վստահությամբ պրն Հայրիկյանը ներկաներիս զգուշացրեց. «Մեր Տիրոջ համբերությունը կարող է սպառվել, եւ վա՛յ մեզ»։ Քանի որ ԻՄ-ը վեհաժողովի սկզբում ներկայացավ որպես քրիստոնեական գաղափարների ջատագով կուսակցություն, պրն Հայրիկյանի ելույթի մի հենքն էլ աստվածաշնչյան «Անառակ որդու վերադարձը» առակն էր։ Բայց այս մասին խոսվեց երկքաղաքացիության թեման շոշափելիս։ Պարույր Հայրիկյանը պայծառատեսորեն հաշվարկել է, որ մի 20 տարի անց Հայաստանում հազիվ 1 մլն մարդ մնա։ Այնպես որ, երկքաղաքացիության մասին օրենքը կլինի Հայաստանն այդ ժամանակ անտեր չթողնելու բալասանը։

Իսկ ընդհանրապես, ԻՄ նախագահը (ինչպես եւ Հայաստանի մնացած մեծ ու փոքր կուսակցությունները) համոզված է, որ ԻՄ-ն ընտրություններին հաղթելու է, որ խորհրդարանում շատ ձայներ է ունենալու։ Որ ԻՄ-ը կտիրի իշխանական լծակներին, որ դա ոչ թե իրենց ցանկությունն է, այլ պարտականությունը։ Ինչպիսի՜ ծառայություններ կմատուցեր ԻՄ-ը, եթե իշխանական լծակներ ունենար։ ԻՄ-ի արժանիքներից ամենաէականն ու առաջինը համարվելու հավակնության հիմնավորումն այն է, որ միայն «ԻՄ-ի՛ շնորհիվ Հայաստանն անկախացավ»։ Այս «դարակազմիկ» իրադարձության դափնիները պրն Հայրիկյանը միայն ու միմիայն ԻՄ-ի՛ եւ ոչ թե այլ կուսակցությունների գլխին է պատկերացնում։ ԻՄ նախագահն ամենեւին զարմացած չէր, որ ինչ-ինչ սոցիալական հարցումներով ԻՄ-ի վարկանիշը բարձրացել է, այն էլ կտրուկ (՞)։ «Ցանած ցորենն արդեն աճում է»,- պարզաբանեց հռետորը։

Ողջ ելույթի ընթացքում կարմիր թելի պես անցնում էր «բարի ցարի»՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի սկզբունքայնության մոտիվը. ի՞նչ անի նախագահը, հը՞, ախր «խորհրդարանի պարզ (եւ ոչ թե որակյալ) մեծամասնության առաջ նա անզոր է»։

Քիչ անց Հայրիկյանը զարգացրեց այն միտքը, թե «Մենք (ԻՄ-ը- Լ. Ա.) ունենք բոլոր նախադրյալները՝ լինել առաջինը (բա Կարեն Դեմիրճյա՞նը- Լ. Ա.)»։ Ապա, երեւի զգալով, որ հավակնությունն էլ չափ ու սահման ունի, նկատեց. «Լինում են դեպքեր, երբ անհարկի համեստության, զգոնության պատճառով կորցնում ես այն, ինչի արժանի ես» (համեստության մասին խոսքն իրեն էր վերաբերում)։

Զարմանալի է, որ բոլոր կուսակցությունները (անգամ մանր-մունր) խոսում են ազատ եւ արդար ընտրություններից, պնդում, որ իրենք են ազգի ամենաարժանավոր «զավակները»։ Իսկ մտքում հաստատ գիտեն, որ իրենք պարզապես անգամ իրենց 5%-ը պիտի փախցնեն 1-2 կուսակցություններից։ Եվ ամենեւին էլ ոչ արդար ու ազնիվ պայքարում։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031