Իր առաջնորդին պաշտպանելու Հայաստանում չափազանց տարածված ձեւ է կիրառել ՀՀՇ վարչությունը, ընտրելով Հայաստանից բացակայող Վանո Սիրադեղյանին այդ կուսակցության ղեկավար: Հիշեցնեմ, որ ժամանակին կալանավայրում գտնվող Վահան Հովհաննիսյանը ընտրվել էր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ /տվյալ դեպքում նշանակում է՝ նախագահ/: Նույն պրն Հովհաննիսյանին փորձեցին առաջադրել պատգամավորության թեկնածու: Այդպիսի փորձեր եղան նաեւ 89-ին՝ ձերբակալված «Ղարաբաղ» կոմիտեի անդամների հետ: Հայ քաղաքական միտքն ակնհայտորեն տեղում է դոփում:
Տիգրան Լեւոնյանը
Չցանկանալով կատարել մշակույթի նախարարության որոշումը եւ տնօրենի իր շքեղ կաբինետը զիջել այդ նախարարության կողմից նշանակված ինչ-որ մի Կամոյի, Օպերայի եւ բալետի պետական /ընդգծում եմ այդ բառը/ թատրոնի տնօրեն Տիգրան Լեւոնյանը ոտքի կանգնեցրեց իր կոլեկտիվին՝ ի պաշտպանություն իրեն ժողով կազմակերպելով: Իսկապես, ի՞նչ տարբերություն կա պետական հիմնարկի եւ Արեւելքի գավառական քաղաքում՝ մասնավոր լուսանկարչական կրպակի միջեւ: Մնում է, որ Շիրակի մարզպետարանն էլ ոտքի կանգնի՝ բողոքելով Արարատ Գոմցյանին աշխատանքից ազատելու կառավարության որոշման դեմ: Մաֆիան անմահ է:
Կարդացեք նաև
Աբդուլլահ Օջալանը
Մարտի 8-ը Հայկոմկուսը պատեհ առիթ համարեց Աբդուլլահ Օջալանին եւս մեկ անգամ պաշտպանելու համար՝ չնայած վերջինս, որքան մեզ հայտնի է, կին չէ: Փոխարենը ընկեր Բադալյանը հիացմունք հայտնեց «եղբայր քուրդ ժողովրդի կանանց կրքով»: Եթե Կոմկուսի առաջնորդն իմանար, թե որտեղ են այդ կանայք ուզում քրդական պետություն ստեղծել, նա, կարծում եմ, այդ աստիճանի ջենթլմենություն չէր ցուցաբերի:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ