Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՊԵԼ ԵՆ ՄԻԱՅՆ ԿՈՄՈՒՆԻՍՏ ՄԱԿԱՇՈՎԻ ԽՈՍՔԻՆ»

Մարտ 13,1999 00:00
komunist

Երեւանում է գտնվում կոմունիստ, Մոսկվայի քաղկոմի առաջին քարտուղար Ա. Ա. Ուվաեւը։ Ընկեր Ուվաեւը երեկ Հայաստանի կոմունիստների հետ հանդիպումից անմիջապես հետո հատուկ պատասխանեց «Առավոտի» հարցերին։

– Ինչ վերաբերում է Մակաշովին (հիշեցնեմ, որ Մակաշովը հայտնի է իր վերջին հակահրեական հայտարարություններով- Մ. Ե.), պետք է ասեմ, որ այդ բոլորը պատահաբար չի կատարվում։ Եվ արվում է միայն այն պատճառով, որ Մակաշովը կոմունիստ է։ Տիկին Նովոդվորսկայայի, Բարավովի եւ մի քանիսի ասածների համար վաղուց վերջիններիս հարկավոր էր ավելի լուրջ պատասխանատվության ենթարկել, այդ թվում նաեւ՝ քրեական, սակայն կպել են միայն կոմունիստ Մակաշովի խոսքերից։

Ասվածի ձեւը գուցե այնքան էլ ճիշտ չէ, սակայն ես միշտ ասել եմ, որ Մակաշովն արտահայտում է այն, ինչի մասին Ռուսաստանում շատերն են մտածում, սակայն չեն ասում։ Հավանաբար, Մակաշովն այնքան էլ ճիշտ չէր։ Կենտկոմի նախագահությունում նրան ուղղեցին, խնդրեցին չանել այդ բանն այն պարզ պատճառով, որ մեր կուսակցությունն իր դիրքորոշումն ունի ազգային հարցերի վերաբերյալ։ Մենք խստորեն առաջնորդվում ենք այդ դիրքորոշմամբ։ Մենք չպետք է առիթ տանք հակակոմունիստական հիստերիայի, որն արհեստականորեն, ընդգծում եմ՝ արհեստականորեն, զարգանում է այսօր երկրում։

«Առավոտի» հաջորդ հարցին, թե սպասվում է արդյոք խիստ նկատողություն ընկեր Մակաշովին, եւ ասենք՝ վտարում կուսակցությունից հակահրեական կտրուկ հայացքների համար՝ պատասխանեց. «Ոչ, Մակաշովին ոչինչ չի սպասվում, ես խոսել եմ շատ իրավաբանների հետ, եւ նրանք ասում են, որ Մակաշովին այդ բանի համար քրեական պատասխանատվության ենթարկել չի կարելի։ Նրան կարելի է մեղադրել բարոյական իմաստով, մարդկային իմաստով, սակայն քրեական պատասխանատվության չի կարելի ենթարկել»։

Իսկ այն հարցին, թե որտե՞ղ են այսօր կոմունիստները «զտարյուն» կոմունիստներ՝ Ռուսաստանո՞ւմ, Հայաստանո՞ւմ, թե՞ մեկ այլ երկրում, ընկ. Ուվաեւը պատասխանեց. «Կոմունիստն այսօր ինտերնացիոնալ հասկացություն է։ Այսօր կոմունիստը ակտիվ դիրքորոշում ունի՝ ինչպես պահանջում են կոմունիստական համոզմունքները։ Եթե կոմունիստն ամեն օր ազնիվ պայքար է մղում՝ չխնայելով ուժերն ու առողջությունը, եւ եթե նա պայքարում է ճնշող մեծամասնության լավագույն ապագայի համար, ապա կարեւոր չէ, թե որտեղ է։ Ինձ համար նա կոմունիստ է մեծատառով»։

ԱՊՀ արդեն նախկին գործադիր քարտուղար Բերեզովսկուն վերաբերող հարցը փչացրեց կոմունիստ Ուվաեւի տրամադրությունը. «Մի փչացրեք իմ տրամադրությունը։ Բերեզովսկին խոշոր ֆինանսական կլան է ներկայացնում։ Նա երբեք չի աշխատել հանուն պետականության շահերի, նա կոսմոպոլիտ է եւ թունդ հակակոմունիստ։ Այսօր նա պաշտպանում է սեփական շահերը, սեփական մաշկը, սեփական կապիտալը»։ Ակնհայտորեն կուսակցությունը մեծ դեր է խաղացել Բերեզովսկու գործում. «Մենք հայտարարություն արեցինք, եւ Բերեզովսկին նույնիսկ սպառնաց դատի տալ Կոմկուսին։ Այո, մենք չենք թաքցրել, մենք հանդես ենք եկել եւ կշարունակենք հանդես գալ այնպիսի մարդկանց դեմ, ինչպիսին Բերեզովսկին է, որոնք բացահայտ աշխատում են ի վնաս Ռուսաստանի»։

Իսկ «Արմենիկումի» հայտնաբերմանը ընկեր Ուվաեւը չի հավատում. «Ես ուրախ կլինեի, եթե այդ դեղը հայտնաբերվեր։ Այստեղի կոմունիստների հետ մենք այդ հարցը չենք քննարկել, բայց ես, անկեղծ ասած, քիչ եմ հավատում այդպիսի գովազդին»։

Վերջում հայ կոմունիստ Լեոնիդ Հակոբյանը զարմացավ, թե ինչո՞ւ չհարցրի, թե ե՞րբ իշխանության կգան կոմունիստները։ Ընկեր Հակոբյանը խոստացավ, որ այս հարցին ինքն անձամբ կպատասխանի որոշ ժամանակ անց։

Հարցազրույցը՝

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031