Փետրվարի 25-ին Երեւանի Հարավ-արեւմտյան թաղամասում բացվեց Զորավար Անդրանիկի հուշարձանը։ Դեռ չբացված եւ բացումից հետո էլ մարդկանց մի խումբ ամպագոռգոռ բառերով աղաղակեց, որ սա մշակութային մեծ արժեք է, գլուխգործոց եւ քանդակագործին քիչ էր մնում հավասարեցնեին Վերածննդի ժամանակաշրջանի գործիչների հետ։
Գուցե դա իրոք այդպես է եւ արձանագործ վարպետը լավ քանդակագործ է, բայց նրա կերտած արձանն արդեն սկսել է արժանանալ քննադատությունների։
Հայաստանի նկարիչների միության նախագահ, պրոֆեսոր Կարեն Աղամյանն ասաց. «Կար ժամանակ, երբ Երեւանի պուրակներում ցայտաղբյուրներ էին ցանկանում տեղադրել, կազմակերպիչները այն համաձայնեցնում էին մի շարք համապատասխան կազմակերպությունների հետ, հարցազրույցներ եւ մրցույթներ էին անցկացնում, քննարկվում էին ճարտարապետների եւ նկարիչների միության անդամների կողմից, նրանց կարծիքներն էին հարցնում»։ Իսկ այսօր ի՞նչ ստացվեց, սավանը վայր գցեցին եւ ժողովուրդը զարմացած տեսավ, որ Անդրանիկը ծնկի եկած, մի անհասկանալի մարմին ունեցող, վատ քանդակված հուշարձան է. «Սա անպատվություն է մեր ազգին եւ ազգի հերոսին»,- ասաց Կ. Աղամյանը։
Պատմությունից ծանոթ ենք զորավարի խրոխտ կեցվածքին, կամքին եւ որ նա ոչ մեկի առջեւ ծնկի չի եկել։
Կարդացեք նաև
Անդրանիկը ազգի համար եղել է ամենաբարձր, վեհ հերոսը, որը ոգեշնչում եւ առաջ էր տանում զինվորներին։
Նկարիչների միության նախագահը անգամ բերեց Պեր-Լաշեզ գերեզմանատան հուշարձանի օրինակը՝ նշելով. «Ճիշտ է, նա գեղարվեստական արժեք չէ, բայց կերպարային իմաստով հոյակապ լուծում գտած գործ է»։
Կ. Աղամյանը կոթողը երկու տեսակետից էլ՝ որպես մշակութային գործ եւ ազգի հերոսի կերպար, համարեց չկայացած եւ ոչ մի ձեւով, անգամ կես բերանով լավ խոսքերի շարան չարտահայտեց արձանի մասին։ Իր զրույցում շեշտեց, որ սա որպես ճարտարապետական կոթող եւ քանդակագործական գործ, անգրագիտությամբ է արված։ Նա զարմանք հայտնեց, որ Հայաստանում հարյուրավոր ճանաչված քանդակագործներ կան, ինչո՞ւ որեւէ մեկին չի հանձնարարվել այն։ Կամ էլ պետք է մրցութային ձեւով լուծվեր այս հարցը, ինչպես առաջներում։ Սակայն այս անգամ էլ անտեսվել է նկարիչների եւ ճարտարապետների միության կարծիքը։ Վերջին տարիներին ով ինչ գործ ցանկանում՝ տեղադրում է պուրակներում, պատվիրում անհատ քանդակագործների՝ Նկարիչների միությանը զրկելով մրցութային կարգով աշխատանքները ընտրելու իրավունքից, որը մնում է միայն ցուցահանդեսներ կազմակերպող կազմակերպություն։
Ինչպե՞ս պատահեց, որ այդ թաղամասում դրվեց արձանը, ո՞վ թույլատրեց, այս հարցը ուղղեց ինքն իրեն, եւ ենթադրաբար էլ պատասխանեց. «Թաղապետը»։ Նրա կարծիքով այս գործում պետք է լիներ Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանի աչալրջությունը, որը չի երեւացել։
Մեր զրույցի վերջում Կ. Աղամյանը նշեց, որ շուտով դիմելու են ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, քաղաքապետ Սուրեն Աբրահամյանին՝ հիշեցնելով, որ գոյություն ունեն նկարիչների եւ ճարտարապետների միություններ, եւ առանց նրանց այդպիսի քայլեր անելը սխալ է։ Իսկ Անդրանիկի հուշարձանի կերտման եւ տեղադրման գործում այս երկու կազմակերպությունների համաձայնությունը չի եղել։
ԱՐԹՈՒՐ ԼԱՎՉՅԱՆ