Դարձեա՞լ հայու խասյաթ, թե ամենիմաց տքետի փայլուն մտքեր։ Մեծ հուզումով կարդացի մարտի 3-ին «Առավոտ» թերթի առաջի էջի վրա տպուած տքետութեան սահմանն էլ արդեն անցած ցափրտուքները երկքաղաքացիութեան մասին։
Սկզբից ասեմ, որ այս խնդիրը առաջին հերթին նայեւ ինձ է հետաքրքրում, որովհետեւ ես սփյուռքահայ եմ, ձեր մտքերից ու գրելաոճից ելնելով հասկանալի է, որ ձեզ համար «ախպար»։ Մի քիչ էլ ինֆորմացիա տալու համար ասեմ, որ ապրում եմ արդեն մոտ տասը տարուց Հայաստանում։ Այսինքն այդ, ձեր ասելով, պատերազմը, ցուրտը, մութը տեսածներից եմ։ Այ այստեղ եմ ուղղում ձեզ կարճամտին իմ առաջին հարցը։ Այժմ ես՝ որ գեթ մի օր, այսպես ասած «լավ օրը» չեմ տեսել հայրենիքի (հակառակ ձեզի) այժմ ես, ձեր կարծիքով, դեռեւս ձեռք չե՞մ բերել լիիրավ քաղաքացի լինելու որեւէ իրաւունքներ։ Չնայած այստեղ այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչ եք դուք ուզում հասկացած լինել «աւելի մեծ իրաւունքներ ունենալու» մէջ։ Կամ էլ ինչի՞ պիտի ազգի մի հատվածը «աւելի մեծ իրաւունքներ» ունենա մյուսի նկատմամբ։ Ես այստեղ չեմ կարող չնշել նաեւ այն հանգամանքը, որ այդ վատ ժամանակներին ես ապրել եմ առանց պետությունը թալանելու, առանց գողանալու, առանց հարեւանիս խափելու ու վերջապես առանց մի ճյուղ էլ կտրած լինելու, ինչը, բնականաբար, չի կարելի ասել այդ ձեր նշած, ձեր նման «լիիրավ» քաղաքացիների նվազագույն յոթանասուն տոկոսի մասին։
Իսկ ինչպե՞ս կարող եք այս մտածելակերպով բացատրել այն մի միլիոնի հասնող ձեր պաշտպանած Հայաստանի քաղաքացիների վիճակը, որոնց մեծ մասը սովետական կամ հետսովետական ժամանակ պետությունը կամ անձերը կողոպտելով չքվեցին արտասահման ու արդեն տարիներ է, որ ապրում են այնտեղ, առանց պատերազմ, ցուրտ եւ այլն տեսած, բայց, այնուամենայնիվ, Հայաստանի քաղաքացի լինելով ունեն բոլոր քաղաքացիութեան իրավունքները։ Կամ էլ խնդրեմ ինձ պատասխանեք, թե ո՞վ բարոյապես ավելի «մեծ իրաւունք» կարող է ունենալ՝ նրա՞նք, ովքեր հենց ձեր անունը հնչեցրած թուրքահայերը, որոնք ամենաարտակարգ պայմաններում արդեն 900 տարի է բարձր են պահել իրենց ազգի անունն ու պատիվը, որը բայց 9 տարուց էլ կարճ ժամկետում հիմնովին գցեցին Հայաստանի «լիիրաւ» քաղաքացիները, հարյուրներով ու հազարներով գնալով ու նետվելով թուրքերի ծոցը, մեծ հաճույքով ու առանց ամաչելու եւ առանց ազգային պատկանելիությունը թաքցնելու անգամ։ Այժմ ինչքա՞ն ծիծաղելի է հնչում ձեր «արյան կանչը կամ հպատակությունը», կամ էլ միգուցե սա՞ է ձեր հասկացած «արեան կանչը»։
Բա այդ գրությունը գրելիս չեք մտածում, որ շուրջ 10 տարի է, որ սփյուռքահայությունն իր ունեցածով ու չունեցածով, երկրաշարժի օրերից սկսած մինչեւ այսօր էլ օգնության մի մրցույթ են կազմակերպած, որի նմանը աշխարհը չի տեսել, եւ որ այդ օգնություններով երեք Հայաստան կարելի էր վերականգնել, բայց գրպանում են բոլորը, ում ձեռքը որ անցնում է։ Ո՞վ թափեց միլիոններ այս երկրին եւ ո՞վ թալանեց զայն։ Ո՞վ է փորձում հայրենիքում գործարաններ հիմնել եւ ո՞վ քանդեց եղածները։ Այդ ինչի՞ց է, որ մասնավորապես Արտգործ նախարարությունը հանձնվում է սփյուռքահայերի ձեռքը, որովհետեւ Հայաստանի համար կենաց-մահու խնդիր է արտաքին քաղաքականությունը, եւ ուզում են, որ գոնե դա ճիշտ աշխատի։
Կարդացեք նաև
Մեկ էլ տեսեք մյուս նախարարությունների վիճակը։ Գալով այն հիմարութեանը (եթե հիմարություն չէ, ուրեմն տգիտություն է կամ էլ կանխամտածված չարաբանում), թե երկքաղաքացիության դեպքում կարող են օտարները գալ ու Հայաստանում հող գնել։ Առաջինը՝ եթե Հայաստանի պետությունը հայը թուրքից չզանազանելու չափ անճարակ է, ուրեմն դա պետություն չէ ու արժանի է խափվելու։ Երկրորդը՝ չի կարող պատահի, որ դուք չիմանաք, թե Հայաստանի օրենքով ինչ քաղաքացի ուզում է լինի, արդեն իրավունք ունի անշարժ գույք գնելու։ Երրորդը՝ նաեւ պետք է տեղյակ լինեք, որ արդեն մեծ թվով պարսիկներ կամ Պարսկաստանի քաղաքացի հանդիսացող ազերիներ ու նաեւ թուրքեր ոչ միայն Հայաստանի առեւտրի ասպարեզի մի զգալի մասը իրենց ձեռքերի մեջ են վերցրած, այլ բազմաթիվ խանութներ, բնակարաններ, մեքենաներ են գնած, շատերը մշտական ապրում են Հայաստանում ու շատ գոհ են (հակառակ սփյուռքահայերի, որոնց առջեւ ինչ դժվարություն ասես չեն դնում)։ Ինչպես գոհ չլինեն, ունեն Հայաստանի քաղաքացիներին հատուկ համարյա բոլոր իրավունքները (մնացածի համար էլ հերիք է փողի ծայրը ցույց տաս), պետության պաշտպանությունը, քաղաքացիների երկրպագությունն ու կանանց պարգեւներն են վայելում։ Այսքանը ձեր ստահոդ վարկածներին ի պատասխան, թե ինչի՞ սփյուռքահայերին պետք է երկքաղաքացիություն չտալ։
Իրականութեան մեջ խնդիրն ուրիշ է, քանի դեռ թալանելիքները չեն վերջացել Հայաստանում ու չեն վերջացել նաեւ թալանածներով արտասահմանում «dolce vifa» ապրել ցանկացողների թիվը, դեմ են լինելու, որ սփյուռքահայերը իրավունք ստանան իրենց կեղտոտ ձեռքերի վրա նայելու ու խանգարեն թալանը։ Սփյուռքահայերին երկքաղաքացիություն չտալը, որ կողմից էլ որ նայենք՝ դավաճանություն է։ Ազգի միջեւ երկպառակություն ստեղծելու նպատակ ունի։ Հայերի նման սփյուռք ունեցող մի երկիր եւս կա աշխարհում, այն էլ Իսրայելն է, որը սակայն հակառակ Հայաստանի, տրամաբանական եւ ազգային շահերից ելնելով, լուծած է այդ խնդիրը, այնտեղ ազգի մեջ խտրականություն չի դրվում, ամեն մի հրեա (անգամ մի ծնողի կողմից), որ երկրի քաղաքացին էլ որ հանդիսանա, Իսրայելի քաղաքացու իրավունքների տերն է, եւ այսօր ամեն մի հրեա, միայն հպարտանում է իր ազգությամբ։
Իսկ սփյուռքահայերը ի՞նչ հիմքեր ունեն այսօր հպարտանալու Հայաստանով ու մանավանդ հայաստանցիներով, որոնք այսօր եսամոլության նոպաներով տարված, պատմային-ճակատագրական մի սխալ անելու հանգրվանի մեջ են գտնվում, մեր ազգի այսպիսի մի սխալի հետեւանքը երկու կաթողիկոսարանների առկայությունն է։ Իսկ ինչի՞, ոչ մեկը չի մտածում, որ ոչ թե ընդունել ընդհանուր երկքաղաքացիության մասին օրենք, այլ միայն սփյուռքահայերին տալ «հատուկ կարգավիճակ» Իսրայելի նման, որ սփյուռքահայը մի տարբերություն զգա Մոզամբիկ գնալու եւ Հայաստան մուտք գործելու միջեւ, իսկ ընտրելու եւ ընտրվելու իրավունք տալ միայն 5 տարի Հայաստանում մշտական բնակելուց հետո։ Որ ձեւն էլ ուզում է լինի, ոչ թե սփյուռքահայերը, այլեւ հայաստանցիներն ու Հայաստանը պիտի նյութական շանս ունենան, իսկ սփյուռքահայը՝ միայն բարոյական։
Գալով այն «միտք»-(՞)ին, որը դրոշի նման կպցրել եք այդ հոդվածին, ոչ թե պետք է փնտրել հայեր, որոնք երկքաղաքացիության արժանի են, այլ փորձենք առաջին հերթին փնտրել հայեր, որոնք ընդհանրապես Հայաստանի քաղաքացիության արժանի լինեն, բայց զգույշ, վերջում այնպես չլինի, որ Հայաստանը իր քաղաքացիների 90%-ը կորցնի, իսկ ես իմ հաշվին, արդեն մոտ 10 տարի է, ցածր արդյունավետությամբ փնտրում եմ Հայաստանի քաղաքացիներ, որոնք «հայ» անվան արժանի լինեին։
ՏԻՐԱՆ ԼՕՔՄԱԳՅՈԶՅԱՆ