Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպես խոսեց զինվորական նախկին դատախազը

Մարտ 12,1999 00:00
zindat

Թե ինչո՞ւ էր Հայաստանի զինվորական նախկին դատախազ, իրավաբանական գիտությունների թեկնածու Գեւորգ Մարգարյանը լրագրողների հետ հանդիպելու ցանկություն հայտնել, բացատրվեց այսպես. «Վերջին 1,5 ամիսների ընթացքում հայտարարություններ են եղել ԶԼՄ-ով այն մասին, որ իմ աշխատավարության ժամանակ բանակում տեղի են ունեցել դիտավորյալ սպանություններ, որոնք կոծկվել են՝ որակվելով ինքնասպանություններ կամ դժբախտ պատահարներ»։

Սկզբում պրն Մարգարյանը փորձել է չանդրադառնալ այդ մեղադրանքներին, սակայն «կեղտոտ խաղի մեջ» ներքաշելու փորձ են արել զոհված զինվորների ծնողներին, խաղալով նրանց զգացմունքների հետ, եւ ինքը լռելն անիմաստ է համարել։

Պրն Մարգարյանը հայտնեց, որ ունի բավարար հիմքեր «խաղի» կազմակերպիչների մասին։ Խաղը, ըստ Մարգարյանի, սկսվեց այն ժամանակ, երբ իր հարցազրույցում ինքն ասել էր. «Վահան Խորխոռունու սպանության տաք հետքերով բացահայտմանը խոչընդոտել է գլխավոր դատախազի տեղակալներից մեկը» (ի դեպ, «Առավոտին» տրված հարցազրույցում)։ Նշեց տեղակալի անունը՝ Գագիկ Ջհանգիրյան։

Նա տեղեկացրեց, որ իր աշխատած տարիներին հանցագործությունների բացահայտումը կազմել է 97%։ Ընդ որում, պատասխանատվության են կանչվել 78 սպաներ, «բավականին խիստ է եղել պատժական քաղաքականությունը», 84%-ը դատապարտվել է ազատազրկման։

Ինչ վերաբերում էր քննությանը, բացահայտումներին, «կար մի երեւույթ», որի մասին պրն Մարգարյանն ասաց. «Որոշ անձինք այն ժամանակ փորձում էին խոչընդոտել օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննության իրականացումը»։ Այդ կապակցությամբ ինքը հաճախ է դիմել հանրապետության գլխավոր դատախազ Արտավազդ Գեւորգյանին՝ «հրավիրել կոլեգիայի արտահերթ նիստ» այդ եւ մի շարք (վարչապետի-նախագահի մասնակցությամբ) կուտակված հարցերի կապակցությամբ, սակայն, զինվորական նախկին դատախազի պնդմամբ. «Նա տարավ իմ այդ գրությունը, գնաց հանրապետության այն ժամանակվա նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի մոտ», որին հաջորդեց հրաժարականի իր դիմումը։ Թե ի՞նչ է կատարվում այսօր նույն զինվորական դատախազությունում, լրագրողների հյուրը ասաց. «Զոհված զինծառայողների ծնողներին դատախազությունում ծեծում են՝ մնում են անպատիժ» (հրապարակումներից ելնելով)։ Իսկ կադրային նշանակումների առթիվ էլ նկատեց. «Կայազորի զինվորական դատախազ է նշանակվում քրեական անցյալ ունեցող անձ։ Նշանակվում են իրավաբանությունից բոլորովին հեռու անձինք, բարձրագույն իրավաբանական կրթություն չունեցող մարդիկ»։ Իսկ ընդհանրապես, նա խորհուրդ տվեց շատ հարցերի պատասխաններ որոնել «Երեւան-Աշտարակ մայրուղու հայտնի մասում գտնվող շենքում»։

«Առավոտի» հարցին՝ «Գեւորգ Մարգարյանը հրաժարականից հետո հանդիպել է նախկին վարչապետ Ռոբերտ Քոչարյանի հետ, ուր նրան առաջարկվել է մասնավորապես զբաղեցնել հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնը, որքանո՞վ է ճիշտ», նա հաստատեց, որ հանդիպում եղել է, իրոք, սակայն առաջարկների եւ հանդիպման մանրամասների մասին գերադասեց լռել։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ. Գ. Դեռ թղթին չէինք հանձնել Գեւորգ Մարգարյանի մամուլի ասուլիսը, երբ 4.10 Մամուլի տան մոտ հավաքվեցին «Զինվոր եւ իրավունք» հասարակական կազմակերպության (դեռ չգրանցված) անդամներ, զինծառայողների մայրեր, ծնողներ։ Նրանք՝ Թագուհի Ոսկանյանը, Աիդա Ադամյանը, Էմմա Պետրոսյանը պահանջում էին բանակում սպանված իրենց որդիների գործի բացահայտում։ Իսկ կարգախոսներն էին. «Մենք հավատում ենք Ջհանգիրյանին», «Մեր ողբերգությունը քաղաքականություն մի դարձրեք», «Մարգարյան, մեր զավակների արյան գնով պատգամավոր չես դառնա»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031