Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՏՈՒՆՆ ԷԼ ԿՌԻՎ ԸՆԿԱՎ

Մարտ 12,1999 00:00
pastaban

Շուրջ 410 հոգի ստացան վկայագիր՝ զբաղվելու փաստաբանական գործունեությամբ։ Որակավորման քննություններին վերջապես հաջորդեց ամենավճռական պահը՝ փաստաբանների միության ստեղծումը։ 1999 թ. մարտի 7-ին ՀՀ կառավարության դահլիճում տեղի ունեցավ փաստաբանների հիմնադիր ժողովը։

Օրակարգում դրված էին հետեւյալ հարցերը. բացման խոսք, ողջույնի խոսք, կանոնադրության հաստատում եւ, վերջապես, միության նախագահի, նախագահության անդամների եւ կարգապահական հանձնաժողովի անդամների ընտրություն։ Բացման խոսքով հանդես եկավ նախագահող, Վճռաբեկ դատարանի նախագահ Հենրիկ Դանիելյանը, որին հաջորդեցին նախագահ Ռ. Քոչարյանի եւ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի ողջույնի խոսքերը։ Սկզբում, քանի դեռ չէր բարձրացվել կանոնադրության հաստատման եւ ընտրությունների հարցը, եւ բոլորը միասնական էին, կարծես թե ամեն ինչ ընթանում էր իր հունով, ամեն ինչ կատարյալ էր։ Կանոնակարգի համաձայն, ողջույնի խոսքերից անմիջապես հետո պետք է քննարկվեր եւ հաստատվեր միության կանոնադրությունը։ Ահա հենց այս փուլում էր, որ ուրախ տրամադրությանը եւ միմյանց նկատմամբ հարգալից վերաբերմունքին փոխարինելու եկան բորբոքված կրքերը, անպատիվ խոսքերն ու փաստաբանին ոչ վայել հայհոյանքների տարափը։ Փաստորեն, փլուզվեց փաստաբանների այն միասնությունը, որը նկատելի էր ժողովի սկզբում, եւ սկսեց աչք ծակել տարբեր թիմերի բազմազանությունը։

Կանոնադրության վերաբերյալ հնչեցին տարատեսակ առաջարկներ, սակայն ավելի մեծ վեճի տեղիք տվեց ցենզի հարցը։ Փաստորեն, մի խումբ փաստաբաններ ցանկանում էին ակնհայտորեն խաբել դահլիճում գտնվող մոտ 400 փաստաբանի եւ սահմանելով տարիքային ցենզ. խորհրդի անդամի համար՝ 5, իսկ միության նախագահի համար՝ 7 տարվա փաստաբանի ստաժ, անցկացնել իրենց թեկնածուներին եւ ստեղծել միություն։ Մինչդեռ, դահլիճում առկա մյուս թեւերը պնդում էին, որ չի կարելի նման ձեւով բռնանալ մարդկանց իրավունքների վրա, սահմանափակել դրանք՝ աթոռ զավթելու համար։ Կանոնադրության մեջ տարիքային ցենզ սահմանված էր միայն նախագահի համար (5 տարվա փաստաբանական ստաժ), իսկ նախագահության անդամների եւ կարգապահական հանձնաժողովի անդամների համար ոչ մի ցենզ սահմանված չէր։ Քվեարկության արդյունքներով կանոնադրությունը հաստատվեց՝ առանց որեւէ փոփոխության։ Փաստորեն, թեւերից մեկը կրեց իր առաջին պարտությունը։

Կրքերը սկսեցին բորբոքվել, եւ տարբեր թիմերի ներկայացուցիչ փաստաբաններն ավելի թշնամաբար սկսեցին տրամադրվել միմյանց նկատմամբ։ Սակայն դեռ առջեւում ամենակարեւոր փուլն էր՝ ընտրությունները։ Ընդմիջումից հետո նախագահողը սկսեց գրանցել նախագահի աթոռին հավակնող թեկնածուների, ինչպես նաեւ նախագահության անդամների եւ կարգապահական հանձնաժողովի անդամների թեկնածուների անուն-ազգանունները։ Նախագահ ընտրվելու համար առաջադրվեցին 5 թեկնածուներ՝ Մ. Փիլիպոսյանը, Տ. Ջանոյանը, Ռ. Ռշտունին, Ռ. Սահակյանը եւ Վ. Սուքիասյանը։ Նախագահության անդամ ընտրվելու համար առաջադրվեցին 26 թեկնածուներ, որոնց անուն-ազգանունները բարձրաձայն հնչեցին դահլիճում։ Մինչ կպատրաստվեին քվեաթերթիկները՝ ընտրությունների համար, նախագահի յուրաքանչյուր թեկնածուի տրվեց 10 րոպե ժամանակ՝ իր ծրագիրը ներկայացնելու։

Անպատիվ խոսքերի եւ աղմուկի ներքո նախագահի թեկնածու պարոն Ռ. Սահակյանը ինքնաբացարկ հայտնեց։ Ռ. Ռշտունին եւ Ռ. Սահակյանը խնդրեցին իրենց ձայները տալ Տ. Ջանոյանի օգտին, իսկ Վ. Սուքիասյանը՝ Մ. Փիլիպոսյանի օգտին։ Դահլիճում վերակազմավորվում էին 2 խոշոր թեւեր՝ «Փիլիպոսյանի» եւ «Ջանոյանի» թեւերը։ Այդ նույն ժամանակ միջանցքում էլ վերակազմավորվում էին շատ ավելի մեծ թվով թիմեր՝ իրենց, նախագահության անդամ եւ կարգապահական հանձնաժողովի անդամ, թեկնածուներին անցկացնելու համար։ Ստեղծվել էր հիմնադիր ժողովին ոչ վայել մի իրավիճակ։ Վերջապես հասավ երկար սպասված ժամը՝ սկսվեցին բաժանվել քվեաթերթիկները։ Պարզվեց, որ նախագահության անդամ առաջադրված 26 թեկնածուներից միայն 17-ի անուն-ազգանունն էր տեղ գտել քվեաթերթիկում, իսկ մյուս 9-ի անուն-ազգանունները, փաստորեն, քվեաթերթիկում չկային։

Մինչեւ վրդովված այդ 9 թեկնածուները փորձում էին պարզել, թե ինչու իրենց ազգանունները տեղ չեն գտել քվեաթերթիկում, մյուս «կողմի» թեկնածուի անուն-ազգանունն իր փառահեղ տեղն էր գտել քվեաթերթիկում, հանգիստ, անվրդով եւ շատ սառնասրտորեն կատարում էին իրենց ընտրությունը եւ քվեաթերթիկը գցելով քվեատուփը՝ հեռանում շենքից։ Միջադեպը վերագրվեց պատահականությանը, եւ նախագահության անդամների ընտրությունները համարվեցին անվավեր։ Քանի որ փաստաբանների մեծ մասը իրենից գոհ կատարել էր իր ընտրությունը եւ գնացել, ուստի որոշվեց նախագահության անդամների նոր ընտրությունները հետաձգել։ Չնայած այն հանգամանքին, որ նախագահության անդամների ընտրությունները անվավեր ճանաչվեցին, այնուամենայնիվ, այդ 9 թեկնածուների համար գաղտնի մնաց, թե արդյոք դա ժամանակ շահելու եւ իրենց մարդկանց անցկացնելու նպատակով ընտրական «պրոֆեսիոնալ» խա՞ղ էր, եւ եթե այո, ապա ո՞ւմ կողմից՝ «Փիլիպոսյանի՞», թե՞ «Ջանոյանի», թե՞ իրոք դա պատահականություն էր։

Սակայն փաստը մնում է փաստ, որ նախագահության անդամների ընտրությունները չկայացան եւ նախագահության անդամները չընտրվեցին այն պարզ պատճառով, որ 9 թեկնածուի անուն-ազգանունները դուրս էին մնացել քվեաթերթիկից՝ հիմք հանդիսանալով ընտրությունները անվավեր ճանաչելու համար։

ԱՐՄԵՆ ՈՍԿԵՐՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031