Լրահոս
Օրվա լրահոսը

MADE IN USA

Մարտ 12,1999 00:00
amerikyan hamalsaran

Հայաստանի Անկախության օրը, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, Հայաստանում բացվեց Ամերիկյան համալսարանը։ «Մեզանում» արեւմտյան քաղաքակրթության նոր օրրան էր բացվել՝ իր հայտնի ու անհայտ նպատակներով ու ծրագրերով։ Համալսարանն արդեն շրջանավարտներ ունի։ Նրանք աշխատում են տարբեր միջազգային կազմակերպություններում, օտարերկրյա օֆիսներում եւ այլն։ Բնականաբար, լիարժեք տիրապետում են անգլերենին։

Սակայն, հետաքրքիր է, թե բացի ընտիր անգլերենից, է՛լ ինչ են սովորեցնում ուսանողներին։ ՀՅԴ ԳՄ տնտեսական հանձնախմբի պատասխանատու Թաթուլ Մանասերյանը մեզ մի քանի ուշագրավ փաստեր ներկայացրեց Ամերիկյան համալսարանի ներքին խոհանոցից (ինքն էլ որոշ ժամանակ դասավանդել է համալսարանում)։ Համալսարանի հիմնադրումից հետո այնտեղ դասախոսական աշխատանքի անցան հիմնականում միջազգային չափանիշներին համապատասխանող գիտելիքներով մասնագետներ։

Հաստատության հիմնադիր Միհրան Աղաբաբյանի հրաժարականից հետո համալսարանի տնօրեն դարձավ Հարություն Արմենյանը։ Վերջինս բժիշկ է, ԱՄՆ-ում բավական հաջող գործ ունի եւ Հայաստանում լինել իրեն շատ քիչ ժամանակ կարող է թույլ տալ։ Եվ մասնագետների ընտրությունն էլ, ըստ պրն Մանասերյանի, հեռակայող ղեկավարության պայմաններում ավելի շատ սուբյեկտիվ գործոնով է պայմանավորված։ Հայաստանում չեն լինում նաեւ մենեջմենթի եւ բիզնեսի կենտրոնի (որը դեռ ձեւավորված էլ չէ) ղեկավար Ռուբինա Օհանյանը, քաղաքական գիտությունների բաժանմունքի ղեկավար Նիկոլ Շահգալդյանը եւ էլի ոմանք։ Բացի այն, որ համալսարանի ղեկավարության մի մասը համարյա Հայաստանում չի լինում, դասավանդվող որոշ առարկաներն ընդհանրապես չեն տեղայնացվում։ Այսինքն՝ ուսանողը գերազանց անգլերենով լսում է տվյալ առարկան, տեսականորեն այն յուրացնում (կամ ոչ), բայց գիտելիքները կոնկրետ Հայաստանում չի կարողանում կիրառել։

Կան դասախոսներ էլ, մասնավորապես Թեյլըր ազգանունով մեկը, որը թե՛ ուսանողների, թե՛ իր ընկերների միջավայրում հայտնի է որպես հոգեպես անհավասարակշիռ։ Նա կարող է դասի պրոցեսում իրեն հարց տված ուսանողի ուղղությամբ նետել ինչ ձեռքի տակ պատահի (գիրք, կավիճ)։ Ուսանողների հանդեպ վառ արտահայտված անհարգալից վերաբերմունք է դրսեւորել նաեւ Ամերիկյան համալսարանում դասավանդող Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչը։ Վերջինս էլ ինչ-ինչ սպառնալիքներ է ուղղել ուսանողների հասցեին, արհեստականորեն իջեցրել նրանց գնահատականները։

Ահա այսպիսի բաներ, որոնք հաստատեցին նաեւ համալսարանի շրջանավարտներից ոմանք։

Այս փաստերը նաեւ հակառակ կողմի պարզաբանումներն են ակնկալում. ինչո՞ւ է այսպես՝ հայերիս որպես ինչ-որ գավառեցիների են ընկալում ու վարժ անգլերենով գլո՞ւխ պահում, թե միայն մի քանի դեպքերով չարժե ընդհանրացումներ անել։ Ամերիկյան համալսարանի փոխտնօրեն, դասախոսական կազմի դեկան Դոն Ֆուլորի հետ էլ զրուցեցի վերոնշյալ խնդիրների շուրջ։ Պրն Ֆուլորն անկեղծորեն զարմացավ իրեն ներկայացրած խնդիրները լսելով։ «Ես միշտ այստեղ եմ, համալսարանի հիմնական կառավարիչներն այստեղ են, դասախոսները՝ նույնպես։ Բայց ճիշտ է, որ մի քանի դեկաններ ապրում են Հայաստանից դուրս, եւ մենք նրանց հետ ուղղակի կապը պաշտպանում ենք էլեկտրոնային փոստով»։

Ըստ Դոն Ֆուլորի՝ Նիկոլ Շահգալդյանը Հայաստանում է բնակվում, իսկ եթե դեկաններից մեկնումեկը մեկնում է Հայաստանից դուրս, նրան անմիջապես փոխարինող է նշանակվում։ Դեկանները Հայաստան են գալիս տարին մեկ-երկու անգամ։

Դասավանդվող առարկաների տեղայնացման վերաբերյալ ասվեց, որ դժվար է որեւէ դասախոսի գիտելիքների, դրանց տեղայնացման մասին կարծիք հայտնել։ «Մենք փորձում ենք դասավանդել համեմատական տեսանկյունից եւ առարկան կապել Հայաստանի իրավիճակին»։

-Այսինքն՝ Ամերիկայից Հայաստան եկող դասախոսները մինչ այստեղ գալը տեղյա՞կ են լինում Հայաստանի առանձնահատկություններին։

-Որոշ դասախոսներ ավելի տեղյակ են Հայաստանից, քան ոմանք։ Անկեղծորեն կարծում եմ, որ եթե դասախոսները պարբերաբար լինեն Հայաստանում , ավելի լավ կծանոթանան այստեղի սպեցիֆիկային (եթե՜ -Լ.Ա.)։

-Իսկ դասախոսների մասնագիտական որակը համապատասխանո՞ւմ է ամերիկյան չափանիշներին։

-Ես չեմ կարող դա գնահատել եւ զարմանում եմ, թե դա ինչպես կարող են ուրիշները գնահատել։

-Դասախոսները գիտական աստիճան ունե՞ն։

-Դասախոսները լավ ճանաչված են, հոդվածների հեղինակներ են, դոկտորներ, ԱՊՀ երկրներում փորձ ունեցողներ։ Այս հատկանիշներն ենք գնահատում։

– Իսկ Թեյլըրի մասի՞ն ինչ կասեք։

– Ես ոչինչ չունեմ ասելու՝ բացի հետեւյալը. նա այլեւս համալսարանում չի աշխատում։ Ես ճիշտ չեմ համարում, որ հանրությանը պատմեմ մեր անձնական խնդիրները։ Մեզ մոտ յուրաքանչյուր դասախոս ուսանողների եւ ղեկավարների կողմից գնահատվում է։ Եվ այդ գնահատականը մենք մանրամասն ուսումնասիրում ենք։

Ամերիկյան համալսարանի (ինչպես նաեւ այլ մասնավոր բուհերի) հանդեպ պետական վերահսկողություն ընդհանրապես չկա։ Այս հանգամանքը նկատի ունենալով՝ հակված չենք կասկածելու պրն. Մանասերյանի ասածներին։ Մանավանդ եթե հաշվի առնենք համալսարանի ամերիկյան ծագումը եւ էլիտար լինելու հավակնությունը։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, Թեյլըրն այժմ աշխատում է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակում: Ամերիկյան համալսարանին մենք առաջիկա համարներից մեկում էլ կանդրադառնանք. իրենց տպավորությունները կպատմեն արդեն շրջանավարտները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031