Ասում են՝ բնությունն անթերի է եւ բնությանը խաբել չի ստացվի։ Պարզվում է, որ այնքան էլ անթերի չէ եւ խաբելն էլ այնքան բարդ բան չէ։
Օր օրի աճում է անպտղաբերությունը։ Այն արդեն հասել է 80 տոկոսի։ Եթե առաջներում պատճառը կինն էր, ապա մեր ժամանակներում տղամարդ- կին հարաբերակցությունը 50/50 տոկոս է։ Անպտղաբերության խնդիրն արդեն վաղուց պրոբլեմ չէ։ Դեռ 1947 թվականին է արհեստական բեղմնավորման մեթոդը մշակվել եւ կիրառվել, իսկ 1956-ին այդ եղանակով Լոնդոնում ծնվել է 86 հազար երեխա եւ, ինչպես հետագայում պարզվեց, ոչ մի հատկանիշներով այդ երեխաները չեն զիջում բնական ճանապարհով ծնվածներին։
Տղամարդկանց սերմնահեղուկը պահպանվում է կրիոբանկերում։ Ամերիկայում գոյություն ունի 50 կրիոբանկ, որոնցից չորսը էլիտար է։ Հենց այստեղ են պահվում հանճարեղ մարդկանց սերմնահեղուկները։ Սա հիմնականում կատարվում է ազգի գենոֆոնդը զարգացնելու նպատակով։ Եթե կա կին, որը կցանկանա երեխա ունենալ որեւէ հայտնի անձից, դա ամենեւին էլ պրոբլեմ չէ։ Մոսկվայում էլ գոյություն ունի չորս կրիոբանկ, որոնցից մեկը եւս էլիտար է. այն ստեղծվել եւ գտնվում է երգիչ Օլեգ Գազմանովի հովանավորության տակ։ Երեւանում արհեստական բեղմնավորման կենտրոնը հիմնադրվել է 1991 թ. ՀՀ պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում (նախկին Հանրապետական հիվանդանոց)՝ «Հույս-Մ»-ն է, որի տնօրենը պրոֆեսոր Սուրեն Գրիգորյանն է։
Ինչպես ասաց պրն Գրիգորյանը՝ «տղամարդու սերմնահեղուկի խոր սառեցման եւ երկարատեւ պահպանման տեխնոլոգիայի ներդրումը կնոջ արհեստական բեղմնավորման բնագավառում 20-րդ դարի գիտության խոշորագույն նվաճումներից մեկն է»։ Տասնյակ տարիներ սերմնահեղուկը պահվում է հեղուկ ազոտի մեջ՝ Ցելսիուսի -196 աստիճանի տակ, ապա հալեցնելուց հետո օգտագործվում արհեստական բեղմնավորման համար։
Կարդացեք նաև
-Այս տեխնոլոգիայի ամենակարեւոր հատկանիշներից մեկն այն է,- շեշտեց պրն Գրիգորյանը,- որ ամուսնական կյանքով ապրելով՝ բնական եղանակով կինը չի հղիանում, իսկ սերմնահեղուկի սառեցման եւ հալեցման ժամանակ թույլ սերմնաբջիջները, որոնք խանգարում են կնոջ բեղմնավորմանը՝ ոչնչանում են եւ տեղի է ունենում բեղմնավորում կենսունակությամբ օժտված սերմնաբջիջներով։ Այս մեթոդով ծնված երեխաներն աչքի են ընկնում բարձր կենսունակությամբ։
Եթե ամուսնական զույգը ցանկանում է այս ծառայությունից օգտվել, ապա առաջին հերթին ստուգվում է տղամարդու սերմնահեղուկի կենսունակությունը։ Եթե այն ի վիճակի է բեղմնավորել, մշակվում է, սառեցվում, հալեցվում եւ օգտագործվում տվյալ ամուսնական զույգի համար։ Ինչպես ասաց պրն Գրիգորյանը, գոյություն ունի բեղմնավորման երեք տարբերակ, որոնցից երկուսի դեպքում կինն արհեստականորեն բեղմնավորվում է ամուսնու սերմնահեղուկով, իսկ մյուս տարբերակը դոնորն է։ Մինչեւ պայմանագիր կնքելը դոնորն անցնում է հետազոտությունների շարք. ստուգվում է նրա ոչ միայն առողջությունը, այլեւ ինտելեկտը։ Դոնորները 20-36 տարեկան են։ Ամուսնական զույգերը դոնորին մանրամասն ուսումնասիրում են։ Բայց նրա ով լինելը խիստ գաղտնի է։
Ամուսնական զույգերը նույնիսկ կարող են ընտրել, թե ինչպիսի դոնոր են ցանկանում՝ շիկահե՞ր, թե՞ թուխ մազերով, կապո՞ւյտ, թե՞ շագանակագույն աչքերով, ընտրում են մասնագիտությունը եւ այլն։ Որպեսզի իրենց երեխան հնարավորինս օժտված լինի այդ հատկանիշներով։ Դրանից հետո կրիոբանկերում 4,5 հազար դոզա դոնոր տղամարդկանց սերմնահեղուկ է օգտագործվում։ Դրանք հավաքվել են 8-10 դոնորներից։ Սերմնահեղուկի հալեցումը տեւում է 10 վայրկյան։ Ի դեպ, դոնորները 3 ամիսը մեկ անցնում են բժշկական ստուգում։ Պրն Գրիգորյանը նշեց, որ կան կանայք, որոնց օրգանիզմը արտադրում է հակամարմիններ։ Այս դեպքում սերմնահեղուկը ներարկվում է միանգամից արգանդի խոռոչ՝ շրջանցելով այն տարածքը, որտեղ արտադրվում են բացասական բջիջները։
«Լինում են դեպքեր, երբ ամուսնական զույգն է բերում դոնորին՝ իրենց եղբորը, ընկերոջը եւ այլն, բայց դա ցանկալի չէ, հետագայում ասեկոսեներ կառաջանան ընտանիքում… դա ասեղ է՝ պարկի մեջ»։ Պրն Գրիգորյանը շեշտեց, որ «երբ ամլությունը կնոջից է, շատ դժվարությամբ է դա բացահայտվում, բայց հեշտ է բուժվում, եթե տղամարդուց է, շատ հեշտ է բացահայտվում, բայց դժվար է բուժվում։ Շատ դեպքերում նույնիսկ անհնարին է»։ Պրն Գրիգորյանն ասաց, որ ամուլ կինը հաճախ բերում է իր մորը կամ քրոջը, եւ իրենք բեղմնավորում են նրան այդ կնոջ ամուսնու սերմնահեղուկով։ Երբ տղամարդը եւ կինը միաժամանակ են ամուլ, բուժումը բաղկացած է մի քանի փուլերից։ Այս դեպքում օգտագործվում են երկու սեռի դոնորներ։ Այն հարցին, թե եղե՞լ են դեպքեր, երբ կինը հրաժարվի իր զավակին ինը ամսից հետո տալ ամուսնական զույգին կամ տղամարդ դոնորը փորձե՞լ է փնտրել իր երեխային, պրն Գրիգորյանը պատասխանեց, որ նման բան չի եղել։
«Ամբողջ հղիության ընթացքում կանայք գտնվում են հսկողության տակ եւ ամիսը երկու անգամ պարտադիր ստուգվում են։ Կան կանայք, որոնք այս մեթոդով ունենում են արդեն երրորդ, չորրորդ երեխան»։ Պրն Գրիգորյանը ասաց, որ անպտղաբերության պատճառները տարբեր են (զանազան հիվանդությունների հետեւանք), բայց հիմնական պատճառը սթրեսներն են։ Վերջում ասենք, որ «Հույս-Մ» կենտրոնը չունի ոչ մի հովանավոր եւ գոյատեւում է բացառապես ինքնաֆինանսավորմամբ։
ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ