ՀՀ կառավարությունը, հատկապես Սոցապ նախարարությունը եւ ընտանեկան նպաստի համակարգի ներդրման հանրապետական շտաբը, բոլոր հիմքերն ունեն փառահեղորեն հաղթանակած համարելու իրենց մշակած եւ ներդրած ընտանեկան նպաստի հայկական տարբերակը։
Բոլորովին էլ ոչ այն պատճառով, որ բոլոր հաց չունեցողներն այսօր ունեն այդ հացը եւ դա՝ նպաստի շնորհիվ։ Հակառակը. հաց չունեցողն ինչպես չուներ, այնպես էլ շարունակում է չունենալ։ Պաշտոնապես էլ երբեմն հայտարարվում է համակարգի որոշ սխալների եւ ներդրման ժամանակ բացթողումների մասին։ Ինչեւէ, այսօր դա չէ կարեւորը։ Նպաստի՝ հաղթանակած լինելու մասին գրելիս նկատի ունենք այն, որ այդ բաղձալի գումարի երեսը տեսնելու համար գյուղերում մարդիկ սկսել են հրաժարվել սեփականաշնորհված հողից, անասուններից։ Անցյալ շաբաթ մամուլում այդ մասին արդեն տեղեկություններ կային՝ եւ կոնկրետ թվերով, կոնկրետ գյուղերով։ Կարելի է (եւ հեշտ է) հավաքել մաղձի ողջ պոտենցիալը եւ դատապարտել այդ գյուղացիներին, կամ առնվազն անփույթ անհոգությամբ ասել՝ սպառողի հոգեբանություն է (ինչպես եւ արեց ծանոթներիցս մեկը) եւ քաշվել մի կողմ։
Էկոլոգիական, տնտեսական եւ քաղաքական զանազան աղետներից ավելի վտանգավոր ենք համարում այս մեկը. գյուղացին հրաժարվում է հող մշակելուց։ Եվ առիթն էլ գտնված է։
Փորձենք բացատրել, թե սա ինչու սպառողի հոգեբանության դրսեւորում չենք համարում։ Ավելի շատ այստեղ կա հաշվարկ՝ ե՛ւ պարզ, ե՛ւ տրամաբանական, ե՛ւ միամիտ, բայց՝ հաշվարկ։ Բանն այն է, որ ամբողջ տարին (շեշտում ենք՝ ամբողջ տարին) գյուղացին կռիվ է տալիս եղած ու չեղած ջրի, թանկուկրակ գյուղատնտեսական տեխնիկայի, կրակից թանկ պարարտանյութերի, ամառվա տապին կիսահասուն բերքի ջուրը կտրող-չորացնողների, այս կամ այն պահածոյի գործարանի, նրա ծաղր վճարումներ-չվճարումների, իր վարած ավտոբուսով գյուղացու բերքը քաղաք տեղափոխել չցանկանող կամ յուրաքանչյուր պարկի համար «հոր գինը» պահանջող վարորդների, արեւի տակ, ավելի ճիշտ՝ շուկայում իրեն տեղից զրկող «դալալ-ռեկետչիկների» հետ։ Գոյության պայքարի մյուս կողմի շարքը մինչեւ անվերջություն չենք թվարկում՝ բացառապես ընթերցողի համբերության լիմիտը նկատի ունենալով։
Կարդացեք նաև
Օրվա ամբողջ եռուզեռից, ստրկական աշխատանքից, մանր ու մեծ ստորացումներից գյուղացուն «օգուտ», իհարկե, մնում է՝ իր հուսահատությունը, ֆիզիկական ու հոգեկան պարպվածությունը, քաղաքից թոռներին բերած վաֆլի-շոկոլադը ու անեծքի մի մեծ պաշար՝ սեփականաշնորհման ցանկացած դրսեւորման հասցեին։
Իսկ ընտանեկան նպաստի գումարը հեքիաթային չէ, բայց՝ շո-շա-փե-լի։
Շոշափելի՝ ոչ քանակի իմաստով, այլ բառացիորեն. այն դրամով է արտահայտված, կարելի է հաշվել, մանրել, խոշորացնել, ֆինանսական օպերացիաներ, որոնք «վաֆլի-պեչենիի» հետ չես կատարի։ Բացի դրանից, դրամով է մուծվում, ասենք էլեկտրաէներգիայի վարձը։ Մյուս վարձերն էլ, ցավոք, մածունով չեն վերցնում։
Այնպես որ, կորչի նախորդ իշխանությունների զավակ սեփականաշնորհումը, կեցցե ընտանեկան նպաստը՝ ամենաարդարն ու միակ փրկիչը։
ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ. Հայցում ենք այն գյուղացիների ներողամտությունը, որոնք իրենց հողի եկամտից տարին մեկ հագուստ-կոշիկի համար հատկացումներ անել են հաջողեցնում։